RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3931, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՏՐՈՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՊԵՏՔ

Հ. ԱՖՅԱՆ

Եթե Վիետնամը լինի աշխարհի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը, չզարմանաք: Բանն այն է, որ ասիական այդ պետության եւ Արցախի Հանրապետության անկախության օրերը նույնն ենՙ սեպտեմբերի 2-ին: Ի դեպ, հենց սեպտեմբերի 2-ին, ոչ թե մայիսի 9-ին, պաշտոնապես ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի այս կամ մայիսինյան ավարտի հետ միեւնույն է Արցախը կապ ունի: Մայիսի 9-ին էլ ազատագրվեց Շուշին: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ սեպտեմբերի 2-ին իրենց օրն են տոնում նաեւ ՌԴ ՆԳՆ պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ Ուկրաինայի նոտարները: Այնպես որ Արցախի անկախության օրը տոնելու շատ բան կա, եւ ոչ միայն Արցախում, անգամ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունն է այդ օրը նշում իր անկախության օրը: Ի դեպ, հենց սեպտեմբերի 2-ին, բայց 1992-ին, ԱՄՆ-ը ճանաչել Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի անկախությունները:

Բայց մենք կխոսենք 1642 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մի շատ ուշագրավ իրադարձությունից: Այդ տարվա այդ օրը Անգլիայի հեղափոխական խորհրդարանն արգելեց թատրոնը: Օրենսդրական մակարդակով հենց այդպիսի օրենք ընդունվեց, որ Անգլիայի տարածքում թատրոնն արգելված է, լինի դա բեմի վրա, ինչն ավելի քիչ է պատահում, թեՙ կյանքում, ինչն ամեն օր եւ բոլորիս կյանքում է պատահում: Եթե մենք հավատում ենք, որ աշխարհում ոչինչ պատահական չի լինում, ապա պատահական չէ, որ թատրոնի արգելման անգլիական օրենքը, որը վաղուց, իհարկե, չեղյալ է հայտարարված, ընդունվել է հենց այն օրը, երբ դարեր անց Արցախը պետք է հռչակեր իր անկախությունըՙ վերջ տալով Ադրբեջանի կազմում ապրելու սովետական տասնյակ տարիներ ձգվող թատրոնին:

Բայց սա դեռ ամենակարեւորը չէ: Միշտ ամենակարեւորն այն է, թե ինչ է հիմա կատարվում, եթե անգամ հիմա կատարվողը անցյալում կատարվածի արդյունք-հետեւանքն է: Հիմա Արցախի հարցում մեկ այլ թատրոնի ականատեսն ենք: Պուտինն ինչ-որ պլան ունի, կամ Լավրովն ունի, մի խոսքովՙ Մոսկվան ունի, որն իբր այս պահին դրված է բանակցող կողմերի սեղանին, եւ որի շուրջ իբր Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Դե քանի որ Ադրբեջանում «իրենց ամբողջ հողերն են ուզում», եւ, որովհետեւ մենք «մեր հողերը ոչ մեկին չենք տալու», ստացվում է, որ եւ մենք եւ Ադրբեջանում նստած թատրոն ենք նայում, ներկայացման անվանումն էլՙ «Փոխզիջում»: Երկու կողմերում էլ մեծ ուշադրությամբ ենք նայում, ոչ թե որովհետեւ ներկայացումն է հետաքրքրական, այլ քանի որ մեզ բոլորիս եւ նրանց բոլորին հետաքրքրում է, թե այդ ի՞նչ բան է փոխզիջումը: Այսպեսՙ տարիներ, երբեմն, իհարկե, լինում են ընդմիջումներ, բայց հիմնականում ներկայացումը սուր սյուժե ունի, խարդավանքներով, դավաճանություններով, բացահայտումներով եւ մարդասպանություններով լի:

Այսպես ապրում ենք, ե՛ւ մենք ե՛ւ նրանք: Մենք անկախ ենք ապրում, բայց այսպես ենք ապրում, արդեն 25 տարի: Ամեն տարվա սեպտեմբերի 2-ին նրանք չգիտեմ, թե ինչ են անում, բայց մենք համերգներ ենք կազմակերպում, շքեղ, տոնական, եւ լավ ենք անում, բայց քիչ ենք անում: Համերգները քիչ չեն, միայն համերգներն են քիչ: Միայն գիտաժողովներն ու համերգներն են քիչ, միայն գիտաժողովները, համերգներն ու տարբեր «կիսապաշտոնական» շրջանակներում քննարկումներն են քիչ, եթե անգամ այս ամենին գումարենք մեր ուժեղ ու ամուր բանակը, միեւնույն է, քիչ է: Այս 25 տարիներին հենց այս ամենով ենք զբաղված եղել, ու ինչպես համոզվում ենք, քիչ է: Այլ բան է պետք, հեղափոխական բան, բառիս լավ իմաստով հեղափոխական, մի այնպիսի բան, ինչպիսին արեց 1642-ին անգլիական հեղափոխական խորհրդարանը: Թատրոնն արգելել է պետք, եթե անգամ այն ռուսական թատրոնի լավագույն ավանդույթներով է գործում: Նույն Ռուսաստանը, երբ 2014-ին դաշնային օրենքով Ղրիմը կցեց իրեն, իր ողջ տարածքում «արգելեց թատրոնը»ՙ Ղրիմի թեմայով, ոչ մի վայրկյան չխաղաց, դերասանություն չարեց... Մենք Ռուսաստանի ուժը չունե՞նք, իհարկե չունենք, բայց մենք ունե՞նք ուժՙ Ղարաբաղը մերը չհամարելու...

Ի դեպ, Ղարաբաղը մերն է, հատկապես սեպտեմբերի 2-ներին դա չմոռանաք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ