RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3003, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՂԱԹԵԼ, ԱՍՈՒՄ ԵՄ ԳՆԱՆՔ...ՄԱԿԱՈ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել եւ խորհրդարանի օրակարգում է ընդգրկել Մակաոյի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը: Նախկին պորտուգալական գաղութ Մակաոն գտնվում է Չինաստանի հարավ-արեւելքում, եւ 1999-ից ունի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ: Այսինքն ըստ էության Չինաստանում է, բայց Չինաստան չէ: Չինաստանի կազմում Մակաոն ունի գրեթե անկախ կարգավիճակ, ունի սեփական բյուջեն, որի մասին դեռ կխոսենք, սեփական դրամըՙ պատակա, մաքսային, իրավական, օրենսդրական ինքնուրույն դաշտը եւ անգամ միջազգային տարբեր կազմակերպություններում ներկայացված է Չինաստանից անկախ: Մակաոն իր այսՙ «ոչ Չինաստան» կարգավիճակը կպահպանի մինչեւ 2049 թվականը, իսկ դրանից հետո... Գուցե այսՙ հատուկ եւ մեզ խիստ հետաքրքրող կարգավիճակն է ստիպել հայ պատգամավորներինՙ վերացնել Մակաոյի հետ վիզային ռեժիմը, սահմանել երկկողմ ազատ անցուդարձ եւ այդպիսով ընդլայնել ու խորացնել կապերը ասիական այս հատուկ վարչական շրջանի հետՙ հույսով, որ Մակաոյի գործադիր իշխանության ղեկավար Ֆերնանդո Չույը կարտասանի «Հայոց ցեղասպանություն» բառերը եւ կամ, ինչը ավելի համապատասխանում է մակաոցիների շահինՙ «Արցախի ժողովուրդն իրավունք ունի ազատ ինքնորոշվելու» նախադասությունը: Համենայն դեպս, այլ պատճառ չկա, թե ինչո՞ւ է Երեւանը վիզային ռեժիմը վերացնում հենց Մակաոյի հետ, որի տեղը Հայաստանի բնակչության մեծ մասը չգիտի, իսկ ով գիտի, ուրիշ բանի համար գիտի:

Այ հենց այդ ուրիշ բանի մասին էլ կխոսենք: Բանն այն է, որ Մակաոյի բյուջեն, որը հիշեցնեմՙ Չինաստանի բյուջեից լրիվ անկախ է, 76 տոկոսով գոյանում է խաղատնային բիզնեսից եւ դրան առնչվող այլ բիզնեսների հարկումից: Պարզ ասածՙ Մակաոն խաղատնային խոշոր կենտրոն էՙ ոչ միայն հարավ-արեւելյան Չինաստանում, հարավ-արեւելյան Ասիայում, Ասիայում, այլեւ ամբողջ աշխարհում:

Այս համատեքստում հրաշալի է, որ մեր ԱԺ-ում, առհասարակ իշխանության մեջ խաղամոլներ չկան, հակառակ պարագայում մենք կեզրակացնեինք, որ Մակաոյի հետ վիզային ռեժիմը վերացնում ենք ոչ թե ազնիվ, հայրենասիրական, պետական նպատակներից ելնելով, այլ պարզապես ոմանց ղումար խաղալու մոլուցքին տուրք տալով: Ամեն դեպքում դժվար է պատկերացնել, որ ԱԺ-ում, կամ իշխանության մեջ եղել է մի մարդ, ով ցանկացել է գնալ Մակաոՙ կազինոյում խաղալու, քանի որ վերջին անգամ Մոնտե Կառլոյում նրան մի արաբ շեյխ ասաց, որ «ստեղ ի՞նչ փող, փողը Մակաոյում է»: Դրանից հետո հենց Մոնտե Կառլոյից նա պատվիրել է դեպի Մակաո տոմս, բայց նրան ասել են, որ ցավոքՙ դուք չեք կարող Մակաո գնալ, քանի որ դուք ՀՀ քաղաքացի եք, իսկ ձեր երկրի հետ մեր Մակաոն վիզային ռեժիմ ունի: Զայրացած իշխանավորն էլ գալիս է Հայաստան եւ անմիջապես զանգում ում որ պետք է: Այնտեղից, որտեղ պետք է նրան ասում են, որ դա հեշտ բան չէ, դրա համար պետք է Մակաոյի հետ ՀՀ-ն ունենա ստորագրված պայմանագիր վիզային ռեժիմի դադարեցման մասին, որից հետո այն պետք է վավերացնի խորհրդարանը: Մարդն էլ ասում է, թե բա ում ե՞ք սպասում, մանավանդ, որ շեյխը Մակաոյում ինձ է սպասում...

Անմիջապես պատրաստում են համաձայնագիրը, արագ մտցնում խորհրդարան, արագ հավաքում արտաքին հարաբերություների հանձնաժողովի անդամներին, նրանք էլ արագ որոշում են, որ, այո, Մակաոն կարող է օգտակար լինել հայոց վեհ ձգտումների գործում, այն էՙ Ցեղասպանության դատապարտման եւ Արցախի հարցի արդարացի լուծման մեջ, եւ դրական եզրակացություն են տալիս համաձայնագրին ու այն ներկայացնում խորհրդարան: Մնում է նստաշրջանը սկսվի եւ Մակաոյի հետ անվիզա ռեժիմին անցնելու համաձայնագիրը, քանի որ հրատապ հարց է, միանգամից քննարկվի, անմիջապես ընդունվի եւ առա՛ջ դեպի Մակաո, չնայած հազիվ թե այսքան ժամանակ արաբ շեյխը այնտեղ սպասելուց լինի...

Մի խոսքովՙ սա տարբերակներից մեկն է, բայց երկրորդն էլ կա: Հաշվի առնելով, որ որեւէ երկրի, ինքնուրույն պետական միավորի հետ նման համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է երկու երկրների համաձայնությունը, ապա պետք է արձանագրենք, որ Մակաոյի հետ անվիզա ռեժիմի անցնելու համաձայնագիրը ոչ թե մեր երկրի, իշխանությունների եւ կամ պատգամավորների ազնիվ ցանկությունն է միայն, այլեւ Մակաոյի ղեկավարության կամքը: Գուցե մեր իշխանությունների ցանկությունն այնքան մեծ է եղել Մակաո գնալու, որ նրանք կարողացել են համոզել Մակաոյի իշխանություններին, բայց դա այլ հարց է: Կարեւորն այն է, որ Մակաոն եւս ցանկանում է, որպեսզի Հայաստանի հետ անվիզա ռեժիմ ունենա, դե հավանաբար մարդիկ չեն կարող միշտ կազինոյում խաղալ, եւ երբեմն հետաքրքրվում են, թե որտե՞ղ են ապրում իրենց այցելուները:

Ինչեւէ, երկկողմ համաձայնությունը կայացել է եւ Հայաստանը ունի եւս մեկ գործընկեր պետություն, որի հետ ունի անվիզա ռեժիմ, ինչը հասկանալի էՙ զգալիորեն հեշտացնում է փոխադարձ այցերն էլ, ներդրումներն էլ, զբոսաշրջությունն էլ... Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանությունը եւս մեկ քայլ է կատարել, որպեսզի մեր երկրի արտաքին կապերն ընդլայնվեն, մեր երկրում արտաքին ներդրումները շատանան եւ այլն: Սրան գումարած, հաշվի առնելով Մակաոյի հատուկ կարգավիճակը, կարելի է այնտեղ համայնք ձեւավորել, որի համառ ջանքերի շնորհիվ Մակաոն կճանաչի Արցախի ժողովրդի պայքարի արդարացիությունն ու նաեւ Ցեղասպանությունն, անշուշտ...

Թե այս տարբերակներից ո՞րն է համապատասխանում իրականությանը, դո՛ւք որոշեք... Բայց կա նաեւ երրորդ տարբերակը. չի բացառվում, որ Մակաոն է մեզ խնդրել, որ իր հետ վերացնենք վիզային ռեժիմը: Բանն այն է, որ դրանով Մակաոն որոշակիորեն ավելացնում է իր բիզնես եկամուտները եւ բյուջեի մուտքերը, իսկ թե մենք ինչ ենք անում վերացնելով Մակաոյի հետ վիզային ռեժիմը, չգիտեմ, հավանաբար խաղում ենք աշխարհաքաղաքականություն:

Իսկ դուք ի՞նչ հասկացաք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ