RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-09-15 23:24:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 6156, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամեն ինչում շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբորեն ու բազմիմաստ հեգնել նրանց: Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի եւ շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց հետո հետաքրքրվում են, թե իրենց հյուրընկալներին ինչպես է հաջողվում այդքան համաչափ, հարթուհավասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն: Անգլիացիք, միայն իրենց հատուկ հանդարտությամբ բացատրում ենՙ եթե դուք էլ 500 տարի ամեն օր տքնաջան այդ գործով զբաղվեիք, ձեր այգիներն էլ մերինի նման գազոն կունենային:

Անգլիացիք այս իրական կամ հնարովի դրվագը սիրում են պատմել փոխաբերաբարՙ իրենց դեմոկրատական-ժողովրդավարության ինստիտուտների, կարգապահության ու կարգուկանոնի, օրենքները հարգելու ջանասիրության մասին խոսելիս: Հակառակ այն փաստին, որ իրենց երկիրըՙ Մեծ Բրիտանիան, չունի՛ սահմանադրություն, գոնե բառի այն իմաստով, ինչպես մենք ենք ըմբռնում: Մենքՙ որ արդեն ունենք երկրորդ անգամ բարեփոխված Հիմնական կամ Մայր օրենք: Ոչ միայն Սահմանադրություն, այլեւ անկախ պետականության մյուս բոլոր անհրաժեշտ ատրիբուտներըՙ դրոշ, զինանշան, օրհներգ, դրամ, խորհրդարան, պետական ու հանրային ինստիտուտներ եւայլն:

Հետեւաբար, Սահմանադրության եւ սահանադրական այլ կառույցներ ունենալը բնավ էլ չի նշանակում անկախություն ունենալ: Ավելի ճիշտՙ անկախություն հռչակելը դեռեւս անկախ լինել չէ:

Այո, 25 տարի առաջ Հայաստանը իրեն հռչակեց անկախ, ստեղծեց համապատասխան ինստիտուտները, գրեթե բոլոր ատրիբուտներն ընդունեց, ՄԱԿ-ում աթոռ ստացավ, բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, ստեղծեց բանակ, վերջապեսՙ դարձավ սուվերեն երկիր, պետություն: Հպարտացանք բոլորս, ներսում ապրողներս ու դրսում բնակվողները: Հայերի՛ն նկատի ունեմ:

Սակայն անկախությունը մեզ համար չդարձավ պետական ու քաղաքացիական արժանապատվության զգացողություն, կենսակերպ: Անկախությունը հաճախ համեմատեցինք մեր գրպանի պարունակությամբ, մեր կյանքի, կեցության, ապրուստի դժվարությունների հետ: «Քաղցած փորին ի՞նչ անկախություն», ասացինք հաճախ: Բայց չնկատեցինք նաեւ, որ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր ի տարբերություն մեզ կուշտ էին եւ հարուստ, նույնպես դժգոհում են անկախությունից եւ իրենց շահածը ներդրում ոչ թե այս, այլ ուրիշ երկրներում:

Ու հիմա, մի քանի օրից, շեփորով ու թմբուկով, նաեւ զորահանդեսներով ու ճառերով տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու մեզնից գոհՙ շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը: Նույն կերպՙ ինչպես 25 տարի շարունակ:

25 տարին անշուշտ անհամեմատելի է 500 տարվա հետ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունըՙ Բրիտանական կայսրության հետ: Սակայն 200 եւ ավելի տարիներ անկախության ձգտող մեր ժողովրդի համար 25 տարին նույնպես բավական է անկախությունը ամենօրյա ապրում, կենսակերպ, աշխատանք եւ ձգտում դարձնելու համար:

Ու քանի որ այս հոդվածը սկսեցի անգլիական մի օրինակով, ավարտեմ անգլիական մի այլ պատմությամբ, որը հորինովի չէ, այլ պատահել է իսկապես:

Տարիներ առաջ ընկերոջս հետ վերադառնում էինք Լոնդոնում տեղի ունեցած մի ժողովից: Հյուրանոցում խնդրեցի օդակայան տանող տաքսի կանչել, նախապես հարցնելով, թե մոտավորապես որքան պետք է վճարել վարորդին: 40-43 փաունդ, ասաց աշխատակիցը: Ու քանի որ բավարար անգլիական ֆունտ ստերլինգ չէր մնացել մոտս, ես ու ընկերս միացրինք մեր ունեցածը, որ կազմեց 45 փաունդ: Մեր բախտիցՙ հաշվիչը ցույց տվեց ճիշտ 50 փաունդ: 45-ի վրա ավելացրի ամերիկյան 10 դոլար: Վարորդը վերցրեց 45-ը եւ ամերիկյան 10 դոլարանոցը վերադարձրեց: Ասացիՙ անգլիական չի մնացել մեզ մոտ: Ասացՙ հասկանալի է: Ու հեռացավ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ