RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6430, Տպվել է` 634, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԿՏՈՒՐՆԵՐՈՎ ՍՊԻՏԱԿ ՏՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Ուորլիքն ինչ-որ բաներ է ասել «Ինտերֆաքս»-ին: Նորից, նորից «Ինտերֆաքս»-ին չի ասել, նորից է ասել, դե այն, որ տարածքներՙ կարգավիճակի դիմաց, միջազգային խաղաղապահներ, փախստականների վերադարձ... Ասել է եւ շեշտել, որ «այս ամենը հայտնի է վաղուց»: Դե այսինքն մենք էլ, ադրբեջանցիներն էլ վաղուց գիտենք, որ քննարկվում էՙ մենք տարածք ենք տալիս, նրանք կարգավիճակ են ճանաչում, փախստականներն են վերադառնում ու միջազգային խաղաղապահները ապահովում են հակամարտության գոտու անվտանգությունը սկզբունքը: Միջազգային խաղաղապահներն էլ կարող են ամերիկացի լինել, կարող են ամերիկացի եւ ռուս լինել, կարող են ամերիկացի, ռուս, ֆրանսիացի լինել ու կարող են ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, լեհ, նորվեգացի եւ մի քանիսն էլՙ եթովպացի լինել, կամ քենիացի: Կապ չունի, եթե անունը միջազգային խաղաղապահ է, կապ չունի ինչ ազգ է, բոլոր ազգերից էլ խաղաղապահ լինում են, քանզի բոլոր ազգերն էլ խաղաղության կարիք ունեն:

Ու պետք չէ անտեսել Ուորլիքի հայտարարությունները: Դրանք չափազանց լուրջ ենՙ անտեսվելու համար: Ուորլիքն ինքը, անկախ նրանիցՙ լո՞ւրջ ֆիլմեր է սիրում, թե՞ կոմեդիաներ, լուրջ մարդ է ու ամենակարեւորըՙ ինքը այնտեղ է լինում, որտեղ Ղարաբաղի մասին շատ լուրջ խոսում են շատ լուրջ մարդիկ: Հետեւաբար ինքը գիտի, թե ինչ են խոսում Ղարաբաղի մասին: Գիտի եւ ասում է, ոչ ամենն իհարկե, այն, ինչը պետք է իմանանքՙ մենք եւ ադրբեջանցիները: Իմանանք ու ինչ-որ բան անենք, կամ չանենք: Նպատակը հենց դա է, պարզել, թե կանե՞նք արդյոք ինչ-որ բան մենք ու ադրբեջանցիները, եթե այոՙ ապա ի՞նչ, եթե պատերազմ, ապա կդադարեցնեն, խնդիրը պատերազմի հրահրումը չէ, խնդիրն իրոք այս հակամարտության լուծումն է, դրանՙ կողմերի պատրաստակամության ստուգումը: Եթե մի օր Ուորլիքը հայտարարի, որ քննարկվում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց եւ ոչ մենք ձայն հանենք, ոչ էլ նրանք, ուրեմն ժամանակը եկել է, կողմերը պատրաստ են, կարելի է ընտրել մի գեղեցիկ քաղաք, ցանկալի է եվրոպական, այնտեղ կանչել նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին, վերջինիս կարելի է համոզել, որ Սահակյանն էլ գա ու վերջ, ստորագրեք այն, ինչին ձեր ժողովուրդները պատրաստ են, իսկ պատրաստ են, քանի որ մենք ասում ենք, նրանք ձայն չեն հանում, եթե ձայն չեն հանում, ուրեմն պատրաստ են: Դրա համար է Ուորլիքը խոսում, ու դրա համար է, որ ամեն անգամ, երբ Ուորլիքը խոսում է, մենք չպետք է լռենք: Հենց լռեցինքՙ ստորագրվելու է, եւ չի ստորագրվումՙ քանի դեռ չենք լռում:

Բայց մի օր լռելու ենք: Մի օր, երբ Ղարաբաղը կսկսի ձանձրացնել, ու որն ամենասոսկալին էՙ խանգարել: Դա հնարավոր է, դա չպետք է թույլ տալ, բայց դա հնարավոր է: Երկիրը փակ սահմաններով չի զարգանում, եւ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչու են փակ մեր երկրի սահմանները: Գիտենք, բայց չենք բարձրաձայնում եւ լավ ենք անում, ավելինՙ ճիշտ ենք անում: Որովհետեւ եթե բարձրաձայնենք, Ղարաբաղը կսկսի խանգարել, իսկ Ղարաբաղը երբեք չպետք է խանգարի, այս գիտակցությունը երբեք չպետք է մտնի, տեղավորվի, հարմարվի եւ ամրապնդվի մեր մեջ, մեզանից յուրաքանչյուրի մեջ: Եթե անգամ դա այդպես է, եթե անգամ բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես է: Շատ բան կարելի է հասկանալ, բայց շատ բանի մասին չի կարելի խոսել:

Բայց մենք պետք է խոսենք: Մենքՙ նկատի չունեմ միայն հրապարակներում, Արցախ թեմաներով գիտաժողովներում կամ փողոցներում եւ կամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, Գանձասարի տեսարանով հիանալիս, կամ Շվեյցարիա հիշեցնող երեկոյան Ստեփանակերտի կենտրոնում զբոսնելիս: Նկատի ունեմ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն, թուրքերեն, գերմաներեն, պորտուգալերեն... Ինչպես Ցեղասպանության մասին ենք ամբողջ աշխարհին պատմել, այդպես էլ պետք է Արցախի մասին պատմենք: Ու ամեն անգամ, երբ Ուորլիքը խոսում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց թեմայով, մենք այդ տարածքներում մեկ տուն պետք է կառուցենք: Որպեսզի Ուորլիքի այս խոսակցությունները մեզ ձեռնտու լինեն, որպեսզի Ադրբեջանը խնդրի Ուորլիքինՙ էլ չխոսել, քանի որքան շատ է նա խոսում, այնքան հայերը տներ են կառուցում այն տարածքներում, որոնք ըստ Ուորլիքի պետք է հանձնվեն կարգավիճակի դիմաց, այն կարգավիճակի, որը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում կառուցված տներում, հայկակա՛ն տներում:

Այսինքն Ուորլիքին ԱԳ նախարարությունը չէ, որ պետք է պատասխանի, որովհետեւ ԱԳ նախարարությունը ամիսը գոնե մեկ անգամ Ուորլիքին փակ դռների հետեւում հանդիպում էլ է, պատասխանում էլ է, երեւի (երեւին վերաբերում է պատասխանելուն): Ուորլիքին մե՛նք պետք է պատասխանենք: Մարդը չի ասում, որ քննարկվում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց սկզբունքը, մարդը հարցնում էՙ դուք համաձա՞յն եք դուրս գալ ձեր տներից եւ դրանք հանձնել Ադրբեջանին, որպեսզի վերջինս համաձայնի, որ դուք կարող եք մասնակցել Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեին: Եթե մենք այս հարցին չենք պատասխանում, ուրեմն համաձայն ենք, կամ էլ չենք պատասխանում, քանի որ այդ տարածքներում մենք տներ չունենք, ու քանի որ տներ չունենքՙ համաձայն ենք:

Մի խոսքովՙ Ուորլիքն ինչ-որ բաներ է ասել «Ինտերֆաքս»-ին, պատասխանեք... Ես, օրինակ, առաջարկում եմ Աղդամում, որը մեր հայրենիքն է, կարմիր կտուրներով սպիտակ տների փոքրիկ գյուղ կառուցել, որը կունենա իր դպրոցը, մանկապարտեզը եւ կկոչվիՙ Խաղաղավան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ