RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



ՃԱԿԱՏ

Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4878, Տպվել է` 610, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության հանգանակած նյութական օգնության տրամադրումը:


Առաջին ընտանիքը որտեղ մենքՙ ԹՄՄ կենտ. վարչության Հայաստանում ներկայացուցիչ Գայանե Մուրադյանս եւ Մասիսի շրջանի ՌԱԿ պատասխանատու Սուսաննա Ղազարյանը այցելեցինք Արարատի մարզի Մասիս քաղաքում 1996թ. ծնված շարքային` Աղասի Սարմենի Ասատրյանի ընտանիքն էր: Աղասը ապրում էր ծնողների, քրոջ, տատիկի հետ, հին, խարխլված տանը: Տատիկը ասաց, որ նա առանձին սենյակ չուներ, բայց չէր նեղվում-ասում էրՙ գնամ բանակ գամ կաշխատեմ եւ նոր տուն կկառուցեմ, անձնական սենյակ կունենամ, կամուսնանամ: Տատիկը ցույց տվեց այն բազմոցը, որի վրա քնում էր Աղասը: Հայրը պատմում էր , որ Աղասը փոքրուց քաջ տղա էր, չէր վախենում ոչ մի բանից...

Աղաս Ասատրյանը զոհվել է ապրիլի 2-ին Թալիշ գյուղում : Հրամանատարը ջերմադիտակով դիտարկում կատարելիս մոտ տարածությունում հայտնաբերելով հակառակորդի մեծաքանակ կուտակումներՙ կազմակերպել է շրջանաձեւ պաշտպանություն, եւ տղաների խիզախության շնորհիվ հաջողվել է պահել դիրքը, բայց ոչ երկար... Իրենց ասվել է, որ պետք է նահանջել, սակայն Աղասին մնալով մարտնչել է եւ կրակել մինչեւ վերջին փամփուշտը, ինքը զոհվել է փրկելով ընկերների կյանքը: Թշնամին գտնելով նրա անկենդան մարմինըՙ խոշտանգել է... Հայրը` Սարմեն Ասատրյանը պատմում էր, որ ՀՀ ՊՆ դատաիրավական մարմինների հետ հայց են ուղարկել Եվրոդատարան, ներկայացրել են խոշտանգումների վերաբերյալ մանրամասնություններ: Նա ասաց, որ ԼՂՀ բանակի հրամանատարության հրավերով այդ դիրքում զոհվածների ծնողներով գնացել են այդ վայրը, խոսել են ողջ մնացած ընկերների հետ, տեղադրել հիշատակի քաչքար: Տան վերին անկյունում Աղասիի նկարի կողքին տեսանք ծառայության ընթացքում նրա ստացած մի շարք շնորհակալագրեր եւ շքանշաններ, ջարդուփշուր եղած հեռախոսը եւ անձնական այլ իրեր, որոնք հորն էին փոխանցել ընկերները:

Հաջորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք, նույն քաղաքում 1996 թ. ծնված Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանի ընտանիքն էր, դարձյալ Մասիսում: Հենրիկը ապրում էր երկու սենյականոց բնակարանում: Ընտանիքը Մասիս քաղաք է տեղափոխվել վերջերս, նրանք ապրում էին Ռուսաստանում, իրենց համեստ բիզնեսը ունեին, Հայաստան էին եկել որպեսզի որդին ծառայության անցնի Հայոց բանակում: Նա միշտ ասել է, որ ինքը պետք է զինվորական ծառայությունը անցնի հայրենիքում: Ապրում էր ծնողների եւ քրոջ հետ: Մայրը պատմում էր, որ իրենք զարմացած էին, երբ իրենց պատմել են, թե իրենց թուլակազմ տղան ինչ կատաղի մարտի է բռնվել թշնամու անակնկալ գրոհի ժամանակ:

Հենրիկը զոհվել է ապրիլի 2-ին «Սիս» վաշտի հրամանատարական դիտակետի մատույցներում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի դիվերսանտների դեմ մարտում, թշնամուն պատճառելով կենդանի ուժի կորուստ, ընկել է քաջի մահով:

Երրորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք` Արարատի մարզի Դարբնիկ գյուղից զորակոչվածՙ 1996 թ. ծնված շարքային Ժորա Արթուրի Եսայանի ընտանիքն էր: Ժորա Եսայանը ապրում էր ծնողների, տատիկի եւ երկու եղբայների հետ: Կրտսեր եղբայրը նույնպես բանակում է, իսկ փոքրը` 14 տարեկան է: Փոքրուց նա մարզվում ու ֆիզիկապես ամուր կազմվածք ուներ, մայրը` Մարինեն պատմում էր- ժորան բանակ գնալու առիթով ազգականների հետ հրաժեշտի հավաքույթի ժամանակ բոլորին ասում էր` գնամ թուրքերին սատկացնեմ գամ, հանգիստ ապրենք: Իր ուժերի վրա վստահ, քաջարի ու համարձակ էր Ժորան: Ուզեցել է Ղարաբաղում ծառայել: Եվ ճակատագրի բերումով ծառայության է անցել հենց Ջաբրայիլում: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել եւ քայլ անգամ չի նահանջել , ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Դիրքերում ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում անձնակազմը մարտնչել է, սակայն հայտնվելով ծուղակումՙ մինչեւ վերջին փամփուշտը կրակել է, ու Ժորան ընկել է քաջի մահով, ապրիլի 2-ին: Կտտանքների ենթարկված, խոշտանգված նրա դիակը Կարմիր խաչի օգնությամբ փոխանակվել է ապրիլի 10-ին: Ժորայի հեռախոսը հայտնվել է թշնամու ձեռքին, նրանք զանգահարել են ծնողներին եւ ասել, որ նա իբր կենդանի է եւ որ իրենք մորթում են նրան, բայց իրականում նա արդեն մահացած է եղել:

Չորրորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք` Այնթապ գյուղից զորակոչվածՙ 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Աշոտ Շավարշի Զոհրաբյանի ընտանիքն էր: Նա պայմանագրային ծառայության է անցել սիրելով զինվորական գործը: Նա ապրում էր ծնողների եւ քույրերի հետ: Կենսախինդ, ռազմական գործի լավ գիտակ էր, իր հրամանատարության ենթակա զինվորները սիրում ու մեծարում էին նրան: Նա նշանվել էր իր զոհվելուց երեք ամիս առաջ, եւ այս աշնանը պետք է ամուսնանար: Ռազմավարական նրա հմուտ քայլերի արդյունքում նրա դիրքում ոչ մի զինվոր չի զոհվել: Հենակետի ամենավտանգավոր դիրքը հսկելու ինքն է գնացել, խնայելով անփորձ զինվորին: Ըստ նախնական տվյալների, Աշոտ Զոհրաբյանը հակառակորդի կողմից արձակված ՍՎԴ տիպի զենքի կրակոցից գլխի աջ շրջանում ստացել է մահացու հրազենային վերք: Գյուղական համայնքը ի պատիվ նրա հիշատակիՙ տեղադրել է խաչքար- հուշաքար, որի պաշտոնական բացմանը մասնակցեցինք նաեւ մենք:

Բոլորը զինվորները հետմահու պարգեւատրվել են ԼՂՀ եւ ՀՀ արիության շքանշանով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ