RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 6057, Տպվել է` 616, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԴԵՄՔԵՐԸ ԿՓՈԽԵ՞Ն ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մինչեւ շաբաթավերջ, ինչպես օրենքն է պահանջում, ամբողջությամբ կազմված կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունըՙ կառուցվածքային բոլոր փոփոխություններով հանդերձ, որից հետո միայն կարելի կլինի ըստ էության կարծիք կազմել նրաՙ այսպես կոչված տեսակարար կշռի մասին:

Մինչեւ հոկտեմբերի 2-րդ կես, այսինքն 20 օր հետո, ինչպես օրենքն է պահանջում, պատրաստ կլինի նաեւ նոր կառավարության ծրագիրըՙ Ազգային ժողովին ի գիտություն ներկայացվելու համար: Եվ այնուհետեւ միայն կարելի կլինի ըստ էության կարծիք հայտնել նոր կառավարության ստանձնելիք առաքելության մասին:

Սակայն մինչ այդ, քաղաքացիներս իրավունք ունենք, գոնե տպավորությունների մակարդակով, կարծիք ու տեսակետ հայտնելու, սխալվելու իրավունքն էլ միշտ վերապահելով մեզ:

Առաջին տպավորությամբ, խոսելով կառավարության նոր, ավելի շուտՙ թարմացված կազմի մասին, ուշագրավ է նրա միջին տարիքի երիտասարդացումը, «կոշտացման» բավական երկար ժամանակ զբաղեցրած որոշ նախորդների հեռացմամբ, ինչը դրական է ըստ ամենայնի: «Բաց ուղեղ», համապատասխան կրթություն եւ որոշակի փորձ ունեցող մեր կադրերի քանակը, հանրապետությունում թե դրսում, այժմ արդեն բավական լուրջ թիվ է կազմումՙ հրապարակը վավերական կամ անվավեր «ֆիդայիների» տնօրինությունից ազատելու համար, պայմանով որ նույնՙ թարմացման մոտեցումը հանդես բերվի նախարարների տեղակալների ընտրության հարցում նաեւ:

Երկրորդ, ինչպես ներսի էջերում նշել է մեր աշխատակիցը, կառավարության կազմի նոր անդամների մեջ քիչ չեն տեխնոկրատները, որոնք, հատկապես ներկա պայմաններում, պետք է փոխարինեն ավատապետական սկզբունքներով շարժվողներին, որոնք խիստ շատ են մեր երկրումՙ գյուղական համայնքներից մինչեւ մեծ ու փոքր քաղաքներ եւ ողջ հանրապետություն:

Երրորդՙ նոր վարչապետը, դատելով նրա որոշ հայտարարություններից եւ, իմ պարագայում, թռուցիկ զրույցից, դրական ու գործնական լիցքերով, եւ ավելի կարեւորըՙ մասշտաբային մտածողության անձ է, որ ցանկանում է իսկապես աշխատել ոչ թե իր անձի եւ կազմակերպության, այլ երկրի եւ քաղաքացու համար:

Ինչ վերաբերում է նոր կառավարության ներկայացնելիք ծրագրին, որը, հաստատենք, ինչքան էլ որ լավ պատրաստված լինի, գործնականում չի կարող սպառիչ կերպով համապատասխան լինել «շատ ծանր» որակված տնտեսության առողջացման պահանջներին: 20 օրը շատ քիչ է հատկապես խորքային խնդիրների ախտորոշման եւ բուժման ուղիները գտնելու համար: Առավելագույնըՙ այդ ծրագիրը կլինի տեսլականի մատուցումՙ խորհրդարանին եւ հասարակությանը:

Համենայնդեպս, առավել հանգամանալից այս մասին խոսելու առիթ մեր թերթը կունենա:

Սակայն մինչ այդ պետք է շեշտել ամենակարեւորը. հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պետության եւ գործադիր իշխանության գլխավոր ղեկավար, առաջին պատասխանատվությունն է կրում նորակազմ կառավարության աշխատանքի համար: Եթե իսկապես երկրի վիճակը «շատ ծանր» է- հարցս հռետորական է- ապա դրա պատասխանատվությունը ընկնում է նաեւ իր, առաջի՛ն հերթին իր վրա: Հետայսու պետք է անցած համարել «քավության նոխազ» վարչապետների վերաբերյալ նախագահական ընկալյալ գործելակերպը: Մանավանդ որ համեմատաբար քիչ ժամանակ է մնում Նոր սահմանադրության լիարժեք կիրառմանը: Հանրապետության նախագահը հենց հիմա՛ պետք է համոզիչ ցույց տա վարչապետական դրության առավելություններըՙ դրա արդյունավետությունը պետության ու քաղաքացու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ