RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 6548, Տպվել է` 621, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անկախությունը հենց այնպես չեկավ: Բառը հասկանալի էր, գաղափարըՙ հեռու: Դեռ Պարույր Հայրիկյանի անունն ու գործը մեզ անհայտ էին: Դպրոցում անգիր էինք սովորել Միքայել Նալբանդյանի «Ազատություն»-ը, Ռափայել Պատկանյան էլ էինք կարդացելՙ մակերեսը միայն, բայց թե ի՞նչ էր անկախությունը, ազատությունը, կասկածում եմ, թե գաղափար ունեինք: Երբեմն թվում էր, թե երբ վզկապ չենք կապել, կոմերիտական կրծքանշանըՙ մերժել, ավելի ուշՙ կոմունիստական կուսակցության շարքերն անցնելու գայթակղությանն ընդդիմացել, հենց այդ սաղմըՙ ազատություն, անկախություն ունենալուՙ ծնունդից մարդուն շնորհված մեր բնական իրավունքն է շինծու պարտադրանքի առջեւ ծառս եղել: Միայն համալսարանում, օրըստօրե ըմբռնեցի, թե ինչ լուսավոր կապ կա անկախության, ազատության, հայոց լեզվով դրանք զգալու ու արտաբերելու միջեւ:

Մեր բախտը բերել էրՙ կապուտաչյա, Թումանյանի նման պարզ, Բակունցի նման բնությանը ձույլ, Տերյանի նման ազնվական մեր լուսահոգի ուսուցիչը պահանջեց, որ մեր խաթարված վարքը վերանայենքՙ նախ հայերեն ստորագրենք, հայոց լեզվի շքեղ գանձ- գոյությունը զգանք, նրա կրողն ու թագակիրը լինենք, մեր շունչն ու արտաշունչը հայոց լեզվին հանձնածՙ նոր բառերի թթվածնով երկիր Նաիրին հաստատ պահենք: Հետո հասկացա, որ մեր հայոց լեզվի դասն իրականում կամՙ առաջին հերթինՙ անկախության դաս էր:

Թումանյան, Տերյան, Բակունց շատ էր սիրում, յուրաքանչյուրից ուներ իր ներսում, արտաքուստ էլ նման էր, համենայնդեպս ինձ այդպես էր թվում: Ազգանունն էլ իր ներսի էության ճշգրիտ «կաղապարն» էր, ու երբ հիմա Իշխանյան եմ ասում, հայոց լեզվի իշխանի կողքին, շատ արագՙ անքակտելի շարվում են մյուս նվիրականՙ անկախության, ազատության բաղադրիչները: Իր հերոսը Արամ Մանուկյանն էր, մերն էլ դարձրեց, իր ուսուցանած հայոց լեզուն նաեւ երգ էր, մենք էլ երգեցինք, իր ուսանողներն էին, որ Ղարաբաղյան շարժումից էլ առաջ Աբովյանից Երեւան հասանՙ բնապահպանական հոգսը օրակարգ դարձնելով, իսկ Մայիսի 28- ին առաջին անգամ Եռագույն դրոշով դուրս եկան Ազատության հրապարակՙ նրա խոսքին հավատալով, նրան ունկնդրելու երջանկությունը ճաշակելու:

Սեպտեմբերի 21-ի սերմերը տասնամյակներ ցանել էր մեր բացառիկ ուսուցիչըՙ հայոց լեզվիՙ իմա մեր գոյության սահմանադրության պաշտպանն ու նորոգիչըՙ մեր պաշտելի Ռաֆայել Իշխանյանը:

Աշխարհն իր օրացույցն ունի, եւ սեպտեմբերի 21-ին համընդհանուր նշում է խաղաղության, երախտագիտության օրը: Խաղաղություն ինքն ուներՙ ուժեղ անհատ էր, նույնը մեր երկրին, նրա քաղաքացուն էր մաղթումՙ ամեն տարի սեպտեմբերի 21-ին վերանորոգենք նրա խորհուրդըՙ Երրորդ ուժի բացառում: Եվ երախտագիտությամբ հիշենք անկախության, գալիքի մեր սերմնացաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ