RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 4851, Տպվել է` 590, Ուղարկվել է էլ.փոստով` 0

257 ՀՈԳԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պարզ չէ, թե Ծաղկահովիտ համայնքի բնակիչներից քանի՞սն են անհամբեր սպասել, թե ե՞րբ պետք է գա իրենց գյուղապետի ընտրության օրը եւ իրենք գնան ընտրական տեղամասեր ու ընտրություն կատարեն, դրանով իսկ, եւ միայն դրանով, իրենք իրենց գյուղի, երկրի տերը զգան: Սա կարեւոր էլ չէ, կարեւորն այն է, որ շատերն անհամբեր սպասում էին Ծաղկահովիտի ընտրությունների պաշտոնական արդյունքներին, որ պարզեինՙ հաղթե՞լ է... Հաղթել է անկուսակցական, նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը, ում օգտին քվեարկել է 364 ծաղկահովիտցի, պարտվել են գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, ում օգտին 311 ծաղկահովիտցու ձայն կա, եւ անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանն իր 257 ձայնով:

Հենց այս 257 հոգու մասին էլ կխոսենք: Հիշո՞ւմ եք Արայիկ Խանդոյանինՙ Էրեբունու ՊՊԾ գնդում: Ինչ էր խոսում, ինչպես էր խոսում, ինչեր էր ասում, դե այն, որ երկրում բան փոխելու համար զինված պայքարը միակ միջոցն է, որ իրենք ընտրել են հենց միակ, միակ եւ ճիշտ միջոցը, քանի որ այսպես չի կարող շարունակվել, երկիրը թալանվում է, մարդիկ կողոպտվում են, մի խոսքով... Հետո ամեն մեկն իր ձեւով դուրս եկավ կամ բերվեց ՊՊԾ-ի տարածքից, այդ թվումՙ Արայիկ Խանդոյանը, ում այս պահին պահում են Նուբարաշեն ՔԿՀ-ում եւ ում դեմ կա հարուցված քրեական գործ: Հիմա, այն 257 ծաղկահովիտցիները, ովքեր գնացել են իրենց գյուղապետի ընտրություններին եւ այդ պաշտոնում ձայն տվել Արայիկ Խանդոյանին, նրան ամենեւին էլ չեն սատարել, ճիշտ հակառակը, նրան ցույց են տվել, հասկացրել են, ասել են, որ եղբայր, այնպես չէ, որ երկրում կարելի է բան փոխել միայն զինված, ավելինՙ զինված բան փոխելու ճանապարհը ճիշտ չէ, ճիշտը ընտրություններն են, դրանց մասնակցությունն է, այդ թվումՙ քո, կապ չունի ծուռ ես, դուզ ես, դա՛ է: Մասնակցիր ընտրություններին եւ մենք կողքիդ ենք, չես մասնակցի, Աստված է կողքիդ է, Աստված միշտ կողքիդ է: 257 ծաղկահովիտցին իրենց ընտրությամբ չեն ապացուցում, որ ժողովուրդը Խանդոյանի եւ նրա ընկերների կողքին է եւ էր, ինչ էլ նրանք անեն, այդ մարդիկ, այդքան մարդը ցույց է տալիս, որ իրենք Խանդոյանի կողքին են, երբ նա մասնակցում է ընտրություններին, երբ նա պայքարում է անզեն, քանի որ պայքարում է երկրի ներսում, հայրենիքի մեջ, այդ հայրենիք-պետությունը շենացնելու ցանկությամբ: Իսկ հայրենիքում զենքով չեն պայքարում, դրանով էլ այն տարբերվում է:

Այս 257 հոգին շատ կարեւոր մարդիկ են, մեծագույն մեսիջով. նրանք միայն Խանդոյանին չեն ասում, բոլորին են ասում, նրանց, ովքեր զենք են վերցրել, որ երկրում բան փոխեն, ովքեր պատրաստվում են բան փոխելու համար զենք վերցնել, նրանք ասում են այս բոլորինՙ վայր դրեք զենքը, էլ երբեք այն չառնեք, եթե այն առնելով սահման չեք գնալու, վայր դրեք ու ընտրություններին մասնակցեք, փորձեք հաղթել, դա հնարավոր է, դա հնարավոր է դառնում:

Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է: Երեւի նա հայտարարություն տարածի, որտեղ նշի, որ ինքը պարտվել է, քանի որ իշխանություններն ինչպես միշտ, ձայներ են գողացել, բայց եթե դա այդպես լիներ, ապա իշխանությունները ձայներ կգողանային եւ իրենց թեկնածուին կտային... Ինչեւէ: Եթե անգամ գողացել են, եթե նույնիսկ դեռ շարունակում են Հայաստանում ընտրություններից ձայներ գողանալ, Արայիկ Խանդոյանի համար իր հայրենի գյուղի ընտրություններում ամենակարեւորը դա չպետք է լինի, այլ այն, որ 257 ծաղկահովիտցի կա, ովքեր նրան ընտրելով նրան ասում ենՙ էլ երբեք զենքով բան չփոխես երկրում ու հնարավոր է, որ հենց դու դառնաս գյուղապետ: Իսկ Հայաստանի յուրաքանչյուր գյուղում 257 հոգին լուրջ թիվ է: Սա միայն մի գյուղում, այսինքն միայն մեկ գյուղում 257 հոգի կա, որոնք գտնում են, որ երկրում բան փոխելը հնարավոր է բացառապես ընտրություններով եւ առանց զենքի:

Իսկ Հայաստանում քանի՞ գյուղ կա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ