RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 4108, Տպվել է` 595, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱ ՀՈՎԻՎՆԵՐՆ Ո՞ՒՐ ԷԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Կոկիկ, մաքուր հագնված, զինվորական համազգեստը հպարտությամբ կրելով, ժպիտն ու հպարտությունը դեմքի միակ արտահայտությունը սարքած անցնում էին: Նրանք այլ կերպ չեն էլ կարող անցնել, նրանք հայոց բանակի զինվորներն են:

Ժպտալով, թաշկինակներ թափահարելով, անգամ հուզված, ոմանք նույնիսկ արտասվելովՙ հպարտությունից, կանգնած հետեւում էին: Իրենք այլ կերպ չեն կարող հետեւել, իրենք ՀՀ քաղաքացիներն են, որպես կանոն հետեւող, սակայն միայն հետեւող:

Վերեւում լուռ կանգնած էին, հպարտ, բայց հպարտություն չներշնչող, փողկապներից ավելի լուրջ դեմքերով: Իրենք այլ կերպ չեն կարող կանգնել, այլ կերպ եւ այլ տեղում, իրենք Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունն են:

Ու չկային, այս տոնին, որը Անկախության է կոչվում, նրանք չկային, հայ հովիվները: Նրանք, ովքեր սահման են պահում այնտեղ, որտեղ առաջին գծում կանգնած զինվորները երկրորդ գծում ենՙ իրենց համեմատ: Նրանք, ովքեր պե՞տք է տանկ կխփեն, պե՞տք էՙ անօդաչու թռչող սարք, պե՞տք է հակառակորդ, պե՞տք է գերի կվերցնեն, պետք է, պետք չէ իրենք այնտեղ են, իրենք ամենաառաջին գծում են, իրենք հայրենիք են պահում: Ու իրենք Անկախության շքերթին չկային: Այնինչ պետք է լինեին եւ առանձին գումարտակով լինեին: Հայ հովիվների գումարտակՙ աշխարհում ամենաուժեղը, տարածաշրջանում ամենամարտունակը, համառը, դիպուկը, թշնամու ահուսարսափը:

Լավ կլիներ, եթե այս գումարտակը քայլեր հրապարակում այդ օրը, մենք կհիշեինք, թե ինչու, ադրբեջանցիներն էլ չեն մոռացել, թե ինչու, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլՙ կզարմանար, թե ինչու: Լավ կլիներ ու ճիշտ կլիներ: Հաջորդ անգամ, 26-ամյակին, կազմեք այդ գումարտակը ու թող քայլեն հրապարակումՙ սահմանապահների կողքինՙ զինվորին հավասար, նույն իրավունքներով: 27-ամյակին էլ թողեք քայլեն, 30-ին էլ, 50-ին էլ, քանի որ Ադրրբեջանին տեսանելի ապագայում վերջնականապես չենք հաղթելու, 100-ին էլ: Եթե անգամ հաղթենք, էլի թող քայլեն, ոչ որպես գումարտակ, այլ որպես հովիվներ: Հովիվն անկախության հետ կապ չունի՞. զինվորի պես ունի, զինվորի չափ ունի: Ամեն տեղ ունի, որտեղ անկախություն կա, հովիվն այդ անկախության հետ կապ ունի, լինի Հայաստանում, ԱՄՆ-ում, թե Մոնղոլիայում, անկախությունն առանց հովիվ չի լինում, մանավանդ անկախությունից հետո-ն առանց հովիվ չի լինում, անկախ մնալն առանց նրանց չի լինում, ոչ մի տեղ:

Մեր անկախության օրը չկային նրանք: Հավանաբար ամաչել են, նրանք չէ, նրանց կանչելու համար: Ամաչել ենՙ հասկանալով, որ սահմանում տեղեր կան, որտեղ նրանք ավելի հայտնի են, քան զինվորները: Բայց եթե կանչեին էլ, չէին գալու, սարերն ո՞ւմ թողնեն, իրենք սարերում են պետք, սարերնՙ իրենց: Ժամանակ չէին ունենա, աշխատում են, ոչխար են արածացնում- հայրենիք են պահում, թշնամու առաջխաղացում են նկատում առաջինը- հայրենիք են պահում, խոցում են թշնամու թռչող կամ չթռչող ռազմական օբյեկտներն ու- դրանով էլ հայրենիք են պահում:

Նրանք հայրենիք են պահում, նրանք զբաղված են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ