RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3801, Տպվել է` 280, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍԼԱՄԱՑՎՈՒՄ Է ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Զանգվածային ներգաղթըՙ դանդաղ գործողության ռումբ

Պարզվում էՙ պատկանելիությամբ իսլամացնելը լոկ առաջին փուլն է, անհրաժեշտ հիմքի ստեղծումը: Վերլուծաբանները գաղափար անգամ չունեին, որ «իսլամացնողների» ծրագրերում կան ուրիշ մանրամասնություններ, որոնց իրականացումը ենթադրում է ոչ թե մասնակի, այլ ընդհանուր իսլամացում: Այդ իրականացումը սկսվել է առանց աղմկարարության եւ «Ալլահ աքբար» խանդավառ ճիչերի:

Գերմանիայում այժմ խորհում են օտարամուտ արժեքների ու սովորությունների հանդեպ սեփական հանդուրժողականության մասին: Դրանք որեւէ ընդհանուր բան չունեն եվրոպական արժեքների հետ, բայց Եվրոպան ներկայումս հակված է իր համար ստեղծելու համապարփակ խնդիրներՙ հետագայում դրանք արիաբար հաղթահարելու համար, ուստի ստիպված է հարգել օտարների սովորությունները:

Գերմանիայի օրենքներն արգելում են ամուսնությունն անչափահասի հետ (խիստ վերապահումները նշված են նույն օրենքներում): Բազմակնությունը նույնպես արգելված է: Սակայն արաբական երկրներում, որտեղից զանգվածաբար «գրոհում են» գաղթականները, ընդունված են թե՛ մեկը եւ թե՛ մյուսը:

Ըստ նորմալ տրամաբանության, գաղաթականները հյուրեր են: Իսկ հյուրերը պետք է ենթարկվեն անօթեւան ու անհայրենիք մնացած անձանց հյուրընկալող տանտերերի սահմանած նորմերին: Տանտերերը հաճախ, զուտ մարդկայնորեն, հարգում են եկվորների սովորությունները, բայց ոչ բոլորը, այլ լոկ այնպիսիները, որոնք չեն հակասում կայացած եվրոպական արժեքներին: Սակայն եվրոպացիները կա՛մ մոռացել են պաշտպանել իրենց եվրոպական արժեքները, կա՛մ էլ վախենում են դրանք պաշտպանելիս անհանդուրժող կամ անբարեպատշաճ երեւալ: Քյոլնի ամանորյա դեպքերի արձագանքը դրա առաջին ապացույցներից մեկն է, բայց ոչ միակը: Ավելի ուշ որոշվեց դպրոցականների ճաշացանկից հանել խոզի մսի թակովի կոտլետները (որպեսզի ծուխը տհաճություն չպատճառի հարգելի հյուրերի հոտոտելիքին, ում Ղուրանը խստիվ արգելում է դիպչել այդ «պիղծ» մսին, արգելվեցին նուդիստական լողափերը... Քիչ է մնում Գերմանիայի կանանց պատվիրեն լողալ հագուստով եւ հիջաբ հագնել:

Եվ սա դեռ սկիզբն է: Եվրոպացիներն այնուամենայնիվ անկայուն էակներ են: Այսօր կհամաձայնվեն աստվածաշնչյան սաղմոսների փոխարեն Ղուրանի սուրահներ ուսուցանել, իսկ վաղը գուցե մտափոխվեն... Քրիստոնյա եվրոպացիների վրա մահմեդականները ճնշում են գործադրում թվաքանակով:

Իսպանական El Confudencial կայքը մեջբերում է կանցլեր Անգելա Մերկելի խոստովանությունը, ըստ որի ամեն օր Գերմանիա է մուտք գործում 19 հազար եկվոր (չհաշված 2015 թ. ներգաղթի հուժկու ալիքը): Հուսալի հիմք է ստեղծվում երկիրը ներսից նվաճելու համար: Տարբեր երկրների ԶԼՄ-ներում քանիցս նշվել է, որ ներկայիս գաղթականները մեծ մասամբ երիտասարդներ ենՙ մինչեւ 30 տարեկան տղամարդիկ եւ 18-ից ցածր տարիքի կանայք: Եվրոպական չափանիշների համաձայն, 15-ամյա աղջնակը դեռահաս է եւ պետք է դպրոց գնա: Իսկ մահմեդականների հասկացողությամբ, նա արդեն միանգամայն պիտանի է սերնդագործության համար:

Վերոհիշյալ իսպանական կայքի տեղեկացմամբ, մեկ ամիս առաջ Բավարիայի Բամբերգ քաղաքի դատարանը քննել է մի արաբ տղամարդու եւ Սիրիայից եկած 15-ամյա աղջնակի անօրինական (ըստ գերմանական օրենքների) ամուսնության գործը: Երկար խորհրդածություններից հետո դատարանը ընդունել է, որ «նորապսակներն ամուսնանալիս լիովին հարգել են սիրիական օրենքները, սուննիական ծես կատարել, ուստի ամուսնությունը պետք է ճանաչել օրինական»:

Բավարիայում բացահայտորեն քամահրեցին բավարական օրենքներըՙ ի նպաստ գաղթականների երկրի օրենքների: Դատավորների մտքով անգամ չանցավ պաշտպանել եվրոպական (եւ առաջին հերթին գերմանական) արժեքները: Դրանով եկվորներին թույլատրվեց խախտել իրենց հյուրընկալած երկրի կանոնները, եւ գերմանացիներն անձնատուր լինելովՙ օտարներին հանձնեցին քաղաքի (երկրի) բանալիները: REGNUM գործակալության տվյալներով, 2015 թ. մեկ կիսամյակում միայն Բավարիայում արձանագրվել է անչափահաս աղջիկների հետ ամուսնության 550 դեպք (խոսքը բացառապես գաղթականների մասին է): Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում գրանցվել է համանման 188 դեպք: 2015 թ. մեկ կիսամյակում Գերմանիա նոր ներգաղթած մահմեդականների միջեւ գրանցվել է այդ կարգի 3000-3500 ամուսնություն:

Մահմեդականների բազմակնության վերաբերյալ Գերմանիայում պաշտոնական տվյալներ չկան, բայց դա չի նշանակում, թե երկրում բազմակնությունը գոյություն չունի եւ չի ընդլայնվում: Հնդկական ծագումով ոմն ձեռներեց «ճիշտ ժամանակին» ստեղծել է Secondwife.com կայքը, որը մեծ չափով դյուրացնում է «հավելյալ կանանց» որոնումը: Թեեւ մտահղացումը բրիտանական է, բայց համացանցը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում:

Մահմեդական բնակչության արագ աճը նկատի ունենալովՙ դժվար չէ պատկերացնել Գերմանիայի ապագան: Երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասը վերջերս «Բիլդ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Եկվորներից ոչ մեկն իրավունք չունի մեզ պարտադրելու իր կանոններն ու նորմերը: Այստեղ ամենքը պարտավոր են ենթարկվել տարածքային օրինական իշխանության սամհանած օրենքներին, անկախ նրանից, թե ծնվել են Գերմանիայում, թե՞ եկել են քսան տարի կամ քսան օր առաջ»:

Շատ համոզիչ է հնչում: Սակայն իրականությունն այլ է: Մյունստեր քաղաքի Վեստֆալյան համալսարանի անցկացրած սոցիալական վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ Գերմանիայի ամենամեծ մահմեդական համայնքը կազմող թուրքերի 47 տոկոսն ապրում է իսլամի օրենքներով: Ըստ որում, նոր եկած գաղթականների միջավայրում այդ ցուցանիշը կազմում է 57 տոկոս, իսկ ներգաղթյալների երկրորդ սերնդի միջավայրումՙ 36 տոկոս:

Գերմանիայում ապրող մահմեդականների 90 տոկոսը հայտարարում է, թե իրեն դուր է գալիս այդ երկրում, իսկ 54 տոկոսը վստահ է, որ ինքը երբեք չի դառնա գերմանական հասարակության մասնիկը: Փոխարենը զգացվում է, որ գերմանական հասարակությունը շատ շուտով կդառնա մահմեդականի մի մասը:

Ի դեպ, ներքին իսլամացումը Եվրոպայում արդեն տալիս է իր առաջին պտուղները: Փարիզի 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչության կազմակերպիչ Սալեհ Աբդեսլամը մարոկկոյական ծագումով Ֆրանսիայի քաղաքացի է: Նիսում բեռնատարով 84 մարդու սպանած Մոհամմեդ Լահուայեջա Բուհելը թունիսյան ծագումով Ֆրանսիայի քաղաքացի է: Ինն անձանց սպանած մյունխենյան հրաձիգ Ալի Դավիդ Սոնբոլին իրանական ծագումով Գերմանիայի քաղաքացի է: Նրանք բոլորը մահմեդական ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչներ են, այսինքն ոչ թե աղերսանքով Եվրոպա մուտք գործած, այլ այնտեղ ծնված եւ քաղաքացիություն ստացած անձինք, որոնք, սակայն, դաստիարակվել են իսլամի օրենքներով եւ ոչ-իսլամական նորմերի ու արժեքների հանդեպ քամահրանքի ոգով: Մահմեդական ընտանիքներում կարողանում են պահպանել նախնիների պատգամները եւ հընթացս տարածել դրանք շրջապատում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ