RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3135, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ ԿՐԿԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՍԻՆՙ ՆԱԽԱՆՁՈՎ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Եվ այնուամենայնիվ, ամեն անգամ ապշում ես, երբ խոսք է լինում, առանց չափազանցության, համաշխարհային իրադարձությունների վրա Իսրայելի (հրեաների) ունեցած ազդեցությունների մասին: Նախանձում ես, որ տարածքով Հայաստանից էլ փոքր այդ պետությունը կարողանում է իր օգտին շրջել այնպիսի իրադարձություններ, որոնք հաճախ հասու չեն անգամ ճանաչված մեծ տերությունների:

Օրերս ռուսաստանյան թերթերից մեկը ընդարձակ հարցազրույց էր ունեցել Ռուսաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիյադ Հադդադի հետ: Շոշափված այլ խնդիրների հետ մեկտեղ թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է Իսրայելի եւ համաշխարհային սիոնիզմի իրական դերը Սիրիայի ողբերգական իրադարձություններում, եւ կա՞ն հավաստի տվյալներ «Իսլամական պետության», Սիրիայի դեմ մղվող պատերազմում մյուս իսլամական ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մասին, դեսպանը տալիս է հետեւյալ պատասխանը:

Օբյեկտիվորեն մենք չենք կարող տարանջատել իսրայելական եւ ամերիկա-ատլանտյան նախագծերը աշխարհաշրջանում. բոլոր ամերիկացի չինովնիկները մրցակցում են Իսրայելին սիրաշահելու մեջ, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ամերիկայի ստրատեգիական սկզբունքներից մեկը Իսրայելի շահերի պաշտպանությունն է, նրա անվտանգության եւ հարեւանների համեմատ ռազմական գերազանցության ապահովումը: Այստեղ հարկ է նշել, որ «Նոր Մերձավոր Արեւելք» տերմինը ի սկզբանե իսրայելական էր, ոչ թե ամերիկյան, քանզի այն Շիմոն Պերեսի անցյալ դարի 90-ական թվականներին լույս տեսած գրքի վերնագիրն էր: Ուստի եւ ամերիկյան ստրատեգիան, որն այդ նախագիծը իրականացնում էր նոր հազարամյակի սկզբից, պարզապես դարձավ իսրայելական նախագծի խնամակալը, ինչի նպատակն էր քայքայել մերձավորարեւելյան պետությունների հիմքերը ու նրանց վերակառուցումն այնպես, որ դրանք համապատասխանեն Իսրայելի շահերին: Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այսպես կոչված «Արաբական գարունը» երկու տերմիններիՙ «Կառավարելի քաոսի» եւ «Նոր Մերձավոր Արեւելքի» արհեստական հարկադրական միախառնումն է: Իսկ այդ «գարնան» պարտադրումն աշխարհաշրջանի պետություններինՙ ծառայում է բացառապես Իսրայելի շահերին: Եվ հասկանալի է, որ Իսրայելը պաշտպանում է Սիրիայի ոչնչացմանը ներգրավված ահաբեկչական խմբավորումներին: Բոլոր հեռուստաալիքները ցուցադրեցին, թե սիոնիստական պետության վարչապետն ինչպես է այցելում Իսրայելի հիվանդանոցներում գտնվող վիրավոր ահաբեկիչներին: Իսրայելական բանակը բազմիցս կրակային աջակցություն է ցույց տվել սիրիական բանակի դիրքերի վրա հարձակվողներին: Բոլորին է հայտնի, որ Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ներկա են եղել Հորդանանում գտնվողՙ Սիրիայի դեմ դիվերսիոն գործունեություն իրականացնող զինված ահաբեկչական խմբավորումների օպերատիվ կառավարման կենտրոնում: Եվ երբ ահաբեկիչները գերեվարեցին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահներին, իսկ այնուհետեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց նրանց հանձնել պաղեստինա-սիրիա-հորդանանյան եռյակին, ապա դա հնարավոր չէր իրականացնել առանց Իսրայելի հատուկ ծառայությունների հետ կոորդինացման:

Վերջին ժամանակներս Իսրայելի պաշտոնական լրատվամիջոցների կողմից տարածվող բազմաթիվ հայտարարություններն ու մեկնաբանությունները փաստում են, որ սիրիական բանակի հաջողությունը Հալեպում ի չիք են դարձնում ամերիկյան պլանները: Եվ այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեք ամիս առաջ Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարներից մեկի այն հայտարարությանը, որ «սիրիական բանակի վերջերս ունեցած հաջողությունը վկայում է, որ հնարավոր է մոտակա ժամանակներս վերջ տրվի Իսլամական պետությանը: Բայց դա չի կարելի թույլ տալ»: Միեւնույն ժամանակ Սիրիայի դեմ Իսրայելի ագրեսիայի բազմակի գործողությունները ուղեկցվում են ահաբեկիչների ոգեւորությամբ եւ նրանց գործողությունների ակտիվացմամբ: Օրինակ, Մաարաբի շրջանում տեղակայված տեսախցիկները գրանցել էին Իսրայելի հրթիռահարվածները Սիրիայի վրա դեռ մինչեւ պայմանավորվածության հասնելը: Ե՛վ պայթյունների առաջին վայրկյանները, ե՛ւ զինված խմբավորումների խանդավառությունը, ե՛ւ Դամասկոսի վրա յոթ ուղղությամբ հարձակվելու փորձերը ցույց են տալիս, որ այդ գործողությունները փոխկապակցված են: Կան այն բանի բազում օրինակները, որ Իսրայելը շահագրգռված է Սիրիայում բացասական իրադարձությունների զարգացմամբ եւ դրանցից մեծ օգուտներ է քաղում:

Հ.Գ.- Բառացիորեն օրերս ԱՄՆ-ի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ կնքվեց նոր պայմանագիր, որով ամերիկացիները 2018-2027 թվականներին Իսրայելին ռազմական օգնություն ցույց կտան 40 միլիարդ դոլարի չափով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ