RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 5745, Տպվել է` 597, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՆՀԵԹԵԹ ՄԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նպատակ չունեմ անդրադառնալու կառավարության առաջարկով Ազգային Ժողովի երեկ ընդունած կառուցվածքային փոփոխություններին, մանավանդ որ մեր աշխատակիցը հումորիստական իր ակնարկներից մեկը այսօր նվիրել է այդ հարցին (էջ 5): Բայց ուզում եմ անդրադառնալ նախարարությունների ու տարբեր գերատեսչությունների կառուցվածքային, ավելի ճիշտՙ ներկառուցված մի ավելորդ, մեծամասամբ անհեթեթ գոյացությանը, որը կոչվում է մամուլի քարտուղարություն, երբեմնՙ տեղեկատվության գրասենյակ, նույնիսկՙ դեպարտամենտ, անգամՙ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի (օ՛ֆ, գրիչս հոգնեց) վարչություն... Խոստովանեմ, մինչեւ օրս չեմ հասկացել դրանց գոյության իմաստը, ավելի շուտՙ ՕԳԳ-ն, այսինքն հասարակության համար նրանց օգտակար գործողության գործակիցը: Փոխարենը հասկացել եմ...

Բայց անցնենք մի վկայության, որն ինձ հայտնել է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպաններից մեկը, որ հետագայում դարձել էր իր երկրի դեսպանը Իսրայելում: «Ձեր երկրում, ասաց նա, ինձ հետաքրքրող ճշգրիտ եւ ամբողջական տեղեկություն ստանալու համար առավոտյան զանգում էի տվյալ ոլորտի նախարարին, եւ արդեն կեսօրին ընդունում էր ինձ եւ բացում «քարտերը»: Իսկ Իսրայելո՞ւմ, պատասխանելով իմ հարցինՙ ասաց նա. «Այդ երկրում որեւէ նախարարի հետ հանդիպելու համար մի քանի ամիս առաջ պետք է դիմել: Բայց նախարարներին հանդիպելու իսկի կարիք չկա. իսրայելյան մամուլից ստանում ենք մեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»:

Ուրեմն, Հրեական պետությունում, որտեղ թեեւ ռազմաքաղաքական բնույթի այնքան հարցեր կան, մամուլը իրազեկված է օտար դիվանագետին անգամ բավարար չափով: Պատճառը, կարծում եմ, կենտրոնացված միայն մեկ գերատեսչության առկայությունն է այդ երկրում, գերատեսչությունՙ որը մի ժամանակ առանձին նախարարություն էր, իսկ մի քանի տարուց ի վերՙ կցված է իրենց սփյուռքի նախարարությանը:

Մինչդեռ մեր երկրում, մամլո ծառայությունների այսպիսի առատության պարագայում, չափազանց քիչ է իրական, վստահելի, խորքային տեղեկատվությունը: Այդ հարյուրավոր մամլո ծառայությունների աշխատակիցները, շատ քիչ բացառությամբ, մամուլի միջոցով սպասարկում են ոչ թե հասարակությանը, այլ գերազանցապես իրենց շեֆերին: Նախանձելի նախանձախնդրությամբ հսկում են նրանց շահերը, պաշտպանում նրանց լրագրողներից, հաճախ նաեւ գործարքի մեջ մտնում վերջինների հետՙ միշտ ի շահ ղեկավարի կամ ի վնաս նրա... մրցակիցների: Ոմանք դրա անունը դրել են PR, որը բացարձակապես սխալ է. PR-ը ազնիվ ու խելամիտ մասնագիտություն է եւ գույն չունի՛, ավելի ճիշտՙ սպիտակ է միշտ: Հիշյալ ծառայությունների անունը ծորակ է, որը սովորաբար բացվում է միայն շեֆի բոստանը ջրելու համար:

Օպտիմալացման ուղղությամբ օգտակար քայլ կլինի, խնայողական եւ արդյունավետ, եթե պետական գերատեսչություններից վերացվեն նման ծառայությունները եւ տեղեկատվության համար անհրաժեշտ բոլոր տվյալները կենտրոնանան մեկ եւ միակ, պրոֆեսիոնալ եւ գիշեր թե ցերեկ, արձակուրդային օրերին անգամ աշխատող մի վարչության մոտ, նախընտրաբար կառավարությանը կից:

Գիտեմ, շատերն առարկելու են, թե տեղեկատվության կենտրոնացումը վտանգավոր է տեղեկատվության ազատության տեսակետից: Այո, բայց միայն այն պարագայում, երբ կառավարությունը դեռ չի հասկացել հասարակությանը միշտ իրազեկ պահելու առավելությունները:

Հզոր մամուլ ունեցող Կիպրոսի փոքրիկ հանրապետությունում, օրինակ, կա ընդամենը տեղեկատվության մեկ վարչությունՙ հանրապետության նախագահին կից: Նրա ղեկավարը օրական 3 անգամ մամլո ասուլիս է տալիս: «Մեր լրագրողները,- ասաց այդ վարչության պետը ինձ հետ մասնավոր զրույցի ժամանակ,- մեզ կոչում են պրոպագանդիստներ: Բայց մեր բոլոր ասուլիսները լինում են խիստ մարդաշատ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ