RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 5902, Տպվել է` 592, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆՙ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՆ ՈՒ ՓԱԿԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բիզնես վարելու (Doing Business) համաշխարհային ցուցիչով, որն ամեն տարի հրապարակում է Համաշխարհային բանկը (ՀԲ), 2016-ին 189 երկրների մեջ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 35-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ առաջընթացը կազմել է 3 հորիզոնական: Այս հրապարակման նպատակը չէ ներկայացնելը, թե ո՞ր ցուցանիշով ի՞նչ առաջընթաց կամ հետընթաց ենք արձանագրել մենք այս տարի, բայց, փաստենք, որ, ընդհանուր առմամբ, 3 տեղով վեր բարձրանալը եւ մեր զբաղեցրած 35-րդ տեղը վատ ցուցանիշ չէ:

Լավագույն ցուցանիշներից մեկը, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը լավ տեղ է զբաղեցնում բիզնես վարելու համաշխարհային դասակարգման մեջ, ձեռնարկությունների բացման գործընթացն է: Այս ցուցանիշով մենք թեեւ այս տարի 2 կետով զիջել ենք մեր տեղը, բայց աշխարհում ձեռնարկություն բացելու գործընթացի հեշտությամբ, տպավորիչՙ 5-րդ արդյունքն ունենք: Սա, անշուշտ, լավ է: Սակայն, ինչպիսի՞ն է կացությունը ձեռնարկություն լուծարելիս: Այստեղ արդեն ձեռնարկություն բացելու հեշտությանը տրամագծորեն հակառակ պատկերն է, որը երեւի Համաշխարհային բանկի Doing Business-ը կա՛մ չի արձանագրում, կա՛մ էլ կարեւորություն չի տալիս:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում («Հայկական բանկում հաշիվ փակելն ու Եգիպտոսում ուղտից իջնելը», ԱԶԳ, 18.08.2016) անդրադարձել էինք սահմանափակ պատասխանատվության ընկերության լուծարման ժամանակ հայկական բանկերի անտրամաբանական կարգին բախվելուն, գրել հաճախորդներից յուրաքանչյուր փաստաթուղթ տրամադրելիս պահանջվող վճարների մասին, որոնց մասին հաշիվ բացելիս նախապես չի ծանուցվում: Ձեռնարկությունը լուծարելիս պետական օղակում պատկերն ավելի վատթար է թե՛ վճարներին, թե՛ փաստաթղթերին ներկայացվող պահանջների առումով:

Առաջին եւ հիմնական անհեթեթությունն այն է , որ ձեռնակությունը լուծարելիս հաշվի է առնվում ոչ թե նրա շրջանառության ծավալը, այլ կազմակերպչական-իրավական ձեւը: Եթե ՍՊԸ ես, ունես չնչին շրջանառություն, միեւնույնն էՙ պահանջվում են հարկային ստուգման, արդարադատության նախարարության պետական ռեգիստի գործակալության կողմից լուծարման վերաբերյալ փաստաթղթերի եւ պետական տուրքերի ամբողջ տեսականին, իսկ եթե ԱՁ ես, անկախ նրանից, թե ի՞նչ շրջանառություն ունես, հարկային ստուգում չի նշանակվում, իսկ լուծարման գործընթացն էլ այդքան չի բարդանում:

Երկրորդ անհեթեթությունը գործընթացի երկար եւ քաշքուկներով ուղեկցվող բնույթն է: Լուծարման գործընթացը տեւում է առնվազն երկու ամիս, ինչպես արդեն նշվեց, այդ ընթացքում պահանջվող բազմաթիվ փաստաթղթերով: Երրորդ անհեթեթությունը ՙ պարբերաբար պահանջվող վճարներն էին եւ դրանց չափերը:

Ուրեմն, լուծարման գործընթացը սկսելու համար նախ հարկ է ներկայանալ արդարադատության նախարարության պետական ռեգիստի գործակալություն, ներկայացնել ընկերության հիմնադիրների ժողովի որոշումը այն լուծարելու մասին եւ վճարել 10 հազար դրամ պետական տուրք: Ռեգիստրում պարզվում է, որ եւս մեկ վճարում պետք է իրականացնես լուծարման մասին հայտարարությունը azdarar.am կոչվող կայքում տեղադրելու համար: Մի քանի տողից կազմված հայտարարության արժեքը գնահատվում է 5 հազար դրամից ոչ պակաս, թեեւ տպագիր կամ էլեկտրոնային որեւիցե լրատվամիջոցում 1000 դրամով էլ կարելի է նման հայտարարություն տեղադրել: Ինչեւէ:

Ռեգիստրի գործակալությունում տրամադրում են տեղեկանք, որ սկսվել է ՍՊԸ լուծարման գործընթաց, որը ներկայացվում է հարկային ծառայության այն ստորաբաժանումը, որտեղ գրանցված է եղել ընկերությունը: Հարկային մարմինը ստուգում է սկսում: Ստուգումը հաջողությամբ կամ անհաջողությամբ ավարտելուց հետո, համապատասխան տեղեկանք է տրամադրվում ներկայացնելու պետական ռեգիստի գործակալություն այն մասին, որ այս ընկերությունում ստուգումը կատարվել է, խախտումներ չեն հայտնարբերվել կամ հայտնաբերվել են եւ դրանց վերացման համար անհրաժեշտ ամեն ինչ կատարվել է տնտեսվարողի կողմից: Թվում է, թե այլեւս ոչինչ չի մնումՙ ներկայացրու այդ տեղեկանքը ռեգիստրի գործակալություն եւ սպասիր ձեռնարկության լուծարման համար այդքան երկար ձգվող երկու ամսվա ավարտին: Սակայն ոչ:

Երբ հարկային մարմնի տեղեկանքը ձեռքիդ ներկայանում ես ռեգիստր, պարզ է դառնում, որ գործընթացն ամենեւին էլ չի ավարտվել: Առավել եւսՙ պահանջվող փաստաթղթերը եւ վճարները չեն սպառվել:

Լուծարվող ձռնարկությունից հիմա էլ պահանջվում էՙ 1. հիմնադիրների ժողովի արձանագրությունը ընկերության լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին, 2. լուծարային հաշվեկշիռը, 3. տեղեկանք արխիվային գործի մասին, 4. Ձեռնարկության գրանցման ռեգիստի վկայականը եւ, ուշադրությունՙ 5. դարձյալ պետտուրքՙ 10 հազար դրամի չափով: Առաջին պահին թվում է, թե թյուրիմացություն է նոր պետտուրքի պահանջը, քանի որ արդեն մեկ անգամ վճարել ես, եւ ո՞րն է տրամաբանությունը պահանջվող պետտուրքն այդ ժամանակ ամբողջությամբ վճարելու փոխարեն պահանջել դա անել երկրորդ անգամ: Պետռեգիստիՙ հանուն արդարության նշեմՙ բավականին սիրալիր խորհրդատուն տրամաբանությունը չկարողացավ բացատրել, բայց հաստատեց, որ նախկին 10 հազար դրամից բացի, եւս մեկ 10 հազար դրամ պետտուրք պետք է վճարվի:

Մի խոսքով, նոր շրջապտույտ նոր ծախսերով: Ամենեւին էլ նշանակություն չունի, որ տվյալ ՍՊԸ-ի ամսական հասույթը ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամ էր, որը ստացվում էր միայն մեկ գործընկեր կազմակերպությունից: Այսինքն, ըստ էության միկրո ձեռնարկություն էր, որի գործունեության անիմաստությունը բերել էր դրա լուծարման անհրաժեշտությանը: Մինչդեռ, լուծարումը, ընդհանուր առմամբ, արժեցավ գրեթե այնքան, որքան այդ ընկերության ամսական հասույթն էր, եթե նկատի ունենանք պահանջվող պետական տուրքերը, լուծարման հայտարարության համար վճարը, բանկից պահանջվող զանազան տեղեկանքների համար պահանջվող վճարները:

Հիմա հարց Հայաստանի Doing Business-ի ցուցանիշները համակարգող պաշտոնյաներին (եթե չեմ սխալվում, նախկին էկոնոմիկայի, հիմա արդեն ներդրումների եւ ձեռնարկարտիրության աջակցության նախարարությունում)ՙ հեշտությամբ ձեռնարկություն բացելուց հետո այլեւս էական չէ՞, թե ինչպիսի՞ գործընթաց է տեղի ունենում այն փակելիս եւ որքա՞ն է այն արժենում: Դա գործարար միջավայրի վրա ազդեցություն չի՞ գործում, բացառո՞ւմ են, որ նույն մարդը կամ մարդիկ կրկին կցանկանան բիզնես սկսել, կամ գուցե վստահ են, որ նման հիասթափությունից հետո այլեւս դա չեն անիՙ հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի նրանց չհիասթափեցնելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ