RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 5783, Տպվել է` 589, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ... ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԴԵՄ

Ա. Մ.

Մենաշնորհն, սակայն, օրենքով թույլատրված է, իսկ դրա չարաշահո՞ւմը

«Մենաշնորհների դեմ պայքար»ՙ այս արտահայտությունը մոդայիկներից մեկն է դարձել Հայաստանի քաղաքական դաշտում հատկապես նոր վարչապետի նշանակումից հետո: Ընդ որում, դա կիրառում եմ հավասարապես թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները, չխոսելով լրատվամիջոցների, զանազան փորձագետների եւ այլոց մասին: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա, քանի որ «մենաշնորհ» հասկացությունը սովորաբար ընկալվում է որպես բացասական հասկացություն, որի դեմ, ուրեմն, «պետք է պայքարել»: Արտասովորն այն է, որ ոչ ոք չի փորձում ասելՙ բայց ինչպե՞ս պայքարել այն բանի դեմ, ինչը թույլատրված է մեր օրենքովՙ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքով: Նույն տրամաբանությամբ, առանց հասկանալու կամ երկար-բարակ մտածելու, կարելի է պայքարել օրենքով թույլատրված ամեն բանի դեմ, որը առաջին հայացքից կարող է բացասական տպավորություն թողնել:

«Մենաշնորհների դեմ պետք է պայքարել»-ին հաջորդում է ավելի արմատական տարբերակըՙ «մենաշնորհները պետք է վերացնել»: Դարձյալ առաջանում է նույն հարցըՙ ի՞նչ է նշանակում վերացնել մենաշնորհը, եթե այն օրենքով թույլատրված է, կամ ինչպե՞ս դա անել: Պատկերացում է ձեւավորվում, որ այս կամ այն ընկերությանը, որը այս կամ այն ապրանքի ներմուծման կամ սպառման գերիշխող դիրք (մենաշնորհ) ունի, պետք է պարզապես փակել եւ հարցը համարել լուծված: Այնինչ, դա կլինի ոչ թե հարցի լուծում, այլ կամայականություն եւ ապօրինություն:

Իրականում, ոչ մի նախկին, գործող կամ ապագա վարչապետ չի կարող վերացնել որեւէ մենաշնորհ, եթե այն չի չարաշահվում, այսինքնՙ եթե չի խախտվում օրենքը, տվյալ դեպքումՙ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը :

Նախ` հարկ է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ըստ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի: Եթե մեկ կամ երկու ընկերություններ զբաղեցնում են տվյալ ապրանքային շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ եթե երեք ընկերություններ միասին զբաղեցնում են շուկայի ծավալի երկու երրորդը, ապա նրանք համարվում են գերիշխող դիրք ունեցող, կամ ինչպես ընդունված է ասելՙ մենաշնորհ ունեցող: Այսինքն, պարտադիր չէ, որ ամբողջ ապրանքային շուկան պատկանի միայն մեկ ընկերության, որպեսզի համարվի մենաշնորհ: Թեեւ նման մենաշնորհը նույնպես սահմանված է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՙ եթե տվյալ ապրանքային շուկայում ընկերությունը որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության, հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում եւ դուրս մղելու կամ խոչընդոտելու այլ ընկերություններին տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն:

Այժմ ներկայացնենք, թե ո՞ր դեպքում «պետք է պայքարել» մենաշնորհների դեմ: Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չարաշահում են իրենց դիրքը եւ տարբեր միջոցներով թույլ չեն տալիս, որպեսզի այլ ընկերություններ նույնպես մուտք գործեն այդ նույն շուկա: Գերիշխող դիրք ունեցողների նման կերպ գործելն արգելվում է օրենքով: Ուստի, պետական կառավարման մարմինները, առաջին հերթին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, պարտավոր է մշտապես հետեւել եւ թույլ չտալ, որ գերիշխող դիրքի չարաշահում տեղի ունենա: Նման չարաշահման համար կան պատժամիջոցներ, որոնք կարելի է խստացնել, եթե դրա կարիքը կա կամ կլինի: Իշխանությունների եւ մասնավորապես կառավարության խնդիրն էլ ընդհանրական առումով պետք է լինի ազատ եւ բարեխիղճ մրցակցության դաշտ ապահովելը: Սա բավականին բարդ եւ լուրջ ջանքեր պահանջող խնդիր է, բայց դրա լուծումները գտնելը այլընտրանք չունի:

Հետաքրքրական է նաեւ, թե ինչո՞ւ Հայաստանում գերիշխող դիրք ունեցողները քիչ չեն: Մենաշնորհները մեր երկրում ձեւավորվել են տարիների ընթացքում, սկսած 90-ականներից: Դրանք հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ իրողություններովՙ փոքր շուկա, շրջափակում, կոմունիկացիաների սահմանափակվածություն եւ թանկ փոխադրումներ: Բնական է, որ այս պայմաններում հաջողություն են ունենում այն ընկերությունները, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, որոնք առաջիններից են սկսել գործել տվյալ բիզնեսում: Մինչդեռ, փոքր ընկերությունների համար խիստ բարդ է փոքր քանակներով եւ մրցունակ գնով ապրանքներ ներմուծել եւ վաճառել: Բնական է, որ նրանց ներմուծված ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր կլինի, շահութաբերությունըՙ ցածր: Եթե ինչ-որ մեկը դուրս է մղվում բացառապես մրցակցության արդյունքում, սեփական անհաջող կառավարման եւ մրցակցի արդյունավետ կառավարման արդյունքում, այլ ոչ թե մենաշնորհ ունեցողի կողմից հակամրցակցային անօրինական գործողությունների պատճառով, ապա այստեղ արդեն պետությունն անելիք չունի:

Հարկ է, որ վերեւում նշված մանրամասներին տեղյակ լինեն նրանք, ովքեր խոսում են մենաշնորհների դեմ պայքարի մասին, այլապես դա նմանվում է բոլշեւիկյան «ունեզրկենք ունեզրկողներին» լոզունգին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ