RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 4063, Տպվել է` 552, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՒՔ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԿԱՑԱ՞Ք

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում. իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է հասկանալ: Եվ սա առաջին տարօրինակ բանն է: Եվ սկսել է հասկանալ հետեւյալ կարեւորագույն բաները: Նախ այն, որ եթե տեսանելի ապագայում, իսկ ավելի կոնկրետՙ Կարեն Կարապետյանի կառավարությանը չհաջողվի ապահովել հայրենադարձության գոնե ինչ-որ տոկոս, ապա արտագաղթն իսկապես կարող է դառնալ ազգային-անվտանգության խնդիր, հետեւաբար, ինչպես հանրապետականներն են ասում, անհրաժեշտ է այնպես անել, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց հայացքները հառեն մայր հայրենիքի ուղղությամբ: Այս նպատակով ՀՀԿ-ն որոշել է, որ առաջարկի կառավարությանը, որպեսզի վերջինս էլ առաջարկի խորհրդարանին (արդեն ծիծաղելի է, չէ՞), որ Ազգային ժողովը հաստատի նախարարություններիցՙ կոնկրետ Սփյուռքի նախարարության անվանափոխությունը: Եթե խորհրդարանի մեծամասնությունը հաստատի, ինչի առումով բուքմեյքերական գրասենյակները խաղադրույք չեն ընդունում, քանի որ իմաստ չունի, ապա Սփյուռքի նախարարությունն այսուհետ կկոչվի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: Շարմազանովն անձամբ ասել է, որ ստեղծվում է հայրենադարձության նախարարությունը, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց հայացքն ուղղեն դեպ մայր հայրենիքը: Դե, այսինքն, մեր հայրենակիցներն իրենց հայացքներն ուղղում էին ամեն տեղ, բացի հայրենիքից, քանի որ հայրենիքում հայրենադարձության նախարարություն չկար, հիմա եթե լինիՙ արդեն բոլորի հայացքները կուղղվեն դեպի մայր հայրենիքը, ոչինչ, որ այնտեղ տնտեսությունը գտնվում է «շատ ծանր վիճակում», առկա է «պետական ապարատի ժանգոտած կառավարում» եւ նկատվում է «պրիմիտիվ գողությունների» բարձր մակարդակ, չհաշված երեսուն տոկոսից բարձր աղքատության չափը: Այլ խոսքով, միայն օդով եւ մայր հայրենիքի հողով ու ջրով սնվող մեր հայրենակիցներին վերջին մանրուքները չեն հետաքրքրում, նրանք մինչեւ հիմա չէին գալիս, քանի որ հայրենադարձության նախարարություն չկար:

Բայց այստեղ տարօրինակը հետեւյալն է. բանն այն է, որ սփյուռք եւ հայրենադարձություն բառերը, որքան էլ միմյանց հետ կարող են պատճառահետեւանքային կապ ունենալ, միեւնույն էՙ հականիշներ են: Այսինքն, եթե մի ժողովուրդ ունի սփյուռք, որը համալրվում է, ապա չունի հայրենադարձություն, եւ հակառակըՙ եթե ունի հայրենադարձություն, ուրեմն ունեցած սփյուռքը նոսրանում է: Չի կարող մի երկիր հա՛մ սփյուռք ունենալ, հա՛մ հայրենադարձություն, առավել եւսՙ հա՛մ Սփյուռքի, հա՛մ հայրենադարձության նախարարություն, որտեղ պետք է, փաստորեն, այնպես աշխատեն, որ հա՛մ Սփյուռքը պահպանվի, հա՛մ էլ հայրենադարձություն լինի, ընդ որում, կոնկրետՙ հայրենադարձությունը, Սփյուռքի նախարարության հայրենասեր տղաներն ու աղջիկները պետք է ապահովեն առանց կողմնակի օգնության, այլ կերպՙ առանց այլ գերատեսչությունների ջանքերի, ինքնուրույն, սեփական ուժերով, հիմնվելով բացառապես պաթոսի, հայրենասիրական ոտանավորների եւ մեր հայրենակիցների սրտերում ծվարած եւ մոլեգնող կարոտի վրա:

Հաջորդ տարօրինակությունը, որը նկատվում է Հայաստանում, ավելի ընդգրկուն է: Նկատվում է մի սկզբունք, ըստ որի նախարարությունների անունները պետք է ամբողջությամբ արտացոլեն դրանց գործառույթները: Այսինքն, կոնկրետ Սփյուռքինը, քանի որ պետք է այսուհետ զբաղվի նաեւ հայրենադարձությամբ, ապա կոչվելու է Սփյուռքի եւ հայրենադարձության, իսկ էկոնոմիկայինն, օրինակ, քանի որ պետք է զբաղվի տնտեսական զարգացմամբ ու մանավանդ ներդրումներով, ապա կկոչվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Անվանափոխվել է նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, որի անվանման մեջ առաջացել է ՏՏ հապավումը, այլ բան չհասկանանք, ՏՏՙ այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դե առաջ կապի եւ տրանսպորտի նախարարությունը չէր կարծում, որ ՏՏ ոլորտն իր լիազորությունների շրջանակներում է, հիմա ուզի-չուզի կարծելու է:

Ես չգիտեմ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում նախարարությունների անվանումների այսօրինակ պարզեցումը, բայց կոնկրետ էկոնոմիկայի նախարարության պահով գիտեմ, որ ըստ վարչապետ Կարապետյանիՙ անվանափոխությունը տեղի է ունենում, քանի որ պոտենցիալ ներդրողները չգիտեն, թե ո՞ր նախարարությունն էՙ «իրենցը»: Այսինքն, երբ ինչ-որ գործարար ցանկանում է Հայաստանում ներդրում անել, չգիտի՞, թե ում դիմի, հիմա կիմանա, քանի որ կբացի կառավարության կայքը, կմտնիՙ «կառավարության կառուցվածքը» բաժինը, կտեսնի, որ ներդրումների նախարարություն կա, կհիշի, որ ինքը հենց ներդրում է ուզում անել եւ կդիմի: Էկոնոմիկա բառն այդ մարդկանց ոչինչ չէր ասում. գործարարները պարտավոր չեն ամեն բառ հասկանալ, երեւի, որպես կանոն, ինչեւէ:

Այս համապատկերում չի բացառվում, որ մոտ ապագայում մենք ականատեսը լինենք նախարարությունների անվանումների այլ պարզեցումների կամ հստակեցումների: Օրինակ, քանի որ պոտենցիալ ներդրողները չեն հասկանում, որ էկոնոմիկայի նախարարությունն իրենցն էր, ապա հիվանդ մարդիկ կարող են չհասկանալ, որ իրենցը առողջապահության նախարարությունն է, ավելին, այն մարդիկ, ովքեր ընտանի կենդանիներ են պահում, կամ անհատական գազանանոցներ ունեն, կարող են չհասկանալ, որ երբ հիվանդանում է իրենց փիսիկը, կամ վագրիկը, ապա ո՞ր պետական գերատեսչության լիազորությունների շրջանակ են մտնում: Հետեւաբար, չի բացառվում, որՙ «ոչինչ չասող» Առողջապահության նախարարությունը վերանվանվիՙ Տղամարդու, կնոջ, նրանց երեխաների (անկախ սեռից), ընտանի կենդանիների, վայրի գազանների (նրանց ձագուկների) օրգանների, նյարդային համակարգի հետազոտության, ախտորոշման եւ, եթե հնարավոր էՙ բուժման նախարարություն: Համաձայնեք, որ այս անվանափոխությունից հետո բոլոր տղամարդիկ, կանայք, հատկապես ընտանի եւ վայրի կենդանիները կիմանան, որ երբ հիվանդանում են, ո՞ր նախարարությունն է զբաղվում իրենցով: Հիմաՙ մի քիչ անհասկանալի է:

Առաջ գնալով կարելի է կատարել եւս մի քանի կարեւոր անվանափոխություններ: Օրինակՙ Արտակարգ իրավիճակների նախարարության անվանումը: Համաձայնեք, շատերի մոտ տարակարծություն է առաջացնում եւ մարդիկ զանգահարում են այս նախարարությանը պատկանող 911 ծառայություն, երբ արտակարգ իրավիճակում են, արտակարգՙ լավ: Որպեսզի նման թյուրիմացություններ չլինեն, կարեւոր է այս նախարարության անվանափոխությունը, ասենք այսպեսՙ Հրդեհների մարման, ինքնասպանությունների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական կանխարգելման, կամուրջագիտության, «երբ հայրիկն ու մայրիկը տանը չեն» արտակարգ իրավիճակում հայտնված փոքրիկ, անուշիկ բալիկների (անկախ սեռից) եւ նրանց անօգնական տատիկ-պապիկների պետպատվեր օգնության նախարարություն:

Հաջորդը: Թյուրիմացություն է առաջացնում հույժ կարեւորՙ Պաշտպանության նախարարության անվանումը: Մանավանդ, որ մեր երկրում բոլորն էլ տարբեր բաներից պաշտպանության կարիք ունեն: Առաջարկում եմ այն անվանափոխել հետեւյալ կերպՙ Հայ զինվորի աննկուն Ոգու եւ աստվածատուր Իսկանդերի, այդ թվում վերջինիս հատուկ խնամքի (ամենօրյա փայլեցման), ռուսաց լեզվի եւ թեյագիտության խորացված իմացության նախարարություն:

Եվ վերջին երկուսըՙ Արտաքին գործերի նախարարությունը, մանավանդ անհասկանալի արտաքին գործերի պարագայում, եւ գործողությունների կոնկրետացման հասարակական պահանջմունքին ականջալուրՙ անվանափոխելՙ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ պարբերաբար կազմակերպվող միջազգային գագաթաժողովների, հանդիպումների, գիտաժողովների մասնակցող նախարարություն:

Տարածքային կառավարման նախարարությունն էլՙ Մարզպետների գործունեության վերահսկողության զուտ եւ բացառապես պատմափիլիսոփայական նախարարություն:

Կարելի է նաեւ Գյուղատնտեսության նախարարությունն անվանափոխելՙ Խաղողի, լոլիկի հարցերի, կարկուտների կանխարգելմանՙ Ծիրանի անվան նախարարություն, բայց դա հավանաբար չափազանց կլինի:

Մնացյալ նախարարությունների անվանափոխության համար էլ հայտարարել մրցույթ, որի երեք հաղթողներից երկուսը կստանան Իսկանդերի ամենօրյա փայլեցմանը մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթողըՙ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներից անհերթ եւ բացառապես անվճար օգտվելու մեկ ժամ:

Չմոռանանք. երկիրն էլ անվանափոխենք Սինգապուր, որ դառնանք Սինգապուր:

Տարօրինակ, շատ տարօրինակ մտքեր են գալիս, երբ երկրում տարօրինակ բաներ են կատարվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ