RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 4004, Տպվել է` 551, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՌԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՏԱՔ ՀԱՅԱՑՔԸ ՂԱՐԱԲԱՂԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՒՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանիայում անցկացվող մանկապատանեկան ամենամեծ ֆոտոմրցույթի 40 հաղթողների թվում է 24-ամյա Յակոբ Շնեթցը (Jakob Schnetz), որի «Սառը խաղաղություն» ֆոտոշարքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում առկա փխրուն խաղաղությունը: Սեպտեմբերի 25-ին Քյոլնում անցկացված հանրահայտ Ֆոտոկինա (Photokina) ցուցահանդեսում ոչ միայն ներկայացվեցին մրցույթի հաղթողներիՙ առավել ուշագրավ աշխատանքները, այլեւ հենց այս հեղինակավոր հարթակում պատվեցին հաղթողներինՙ 13 000 եվրո կազմող ընդհանուր պարգեւավճարից նրանց մասնաբաժին բաշխելով: Այս տարի 7-25 տարեկան ավելի քան 3000 լուսանկարիչ էր մասնակցում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, տարեցների, կանանց եւ երիտասարդության հարցերի նախարարության ձեռնարկած այս մրցույթին, ավելի քան 11 000 լուսանկարչական աշխատանք ներկայացնելով, որի նպատակը պատանիների հայացքը լուսանկարչությանը բեւեռելն է, դրա գաղտնիքները բացահայտելն ու ստեղծագործական հայացք զարգացնելն է:

Հեղինակավոր այս մրցույթը Գերմանիայում սկզբնավորվել է Ֆոտոկինայումՙ 1961- ից, նախարարությունը խրախուսել է, իսկ կազմակերպչական խնդիրները հոգում է գերմանական մանկապատանեկան ֆիլմկենտրոնը:

1991-ին ծնված Յակոբ Շնեթցը ֆոտոժուռնալիստիկա է ուսանում Հաննովերի բարձրագույն դպրոցում: Նա համագործակցում է մի շարք պարբերականների հետ, մասնակցում մրցույթների: Շնեթցի «Ղարաբաղյան» լուսանկարչական շարքը նոր հայացք է մեր եզերքին, ավելի մարդկային, ավելի զգայական. միգուցե տարիքն է դերակատարՙ անկախ Արցախի խաղաղության համար մեր ժողովուրդը պայքարում է այնքան, որքան լուսանկարչի ապրած տարիներն են: Իսկ անկախության, խաղաղության զինվորագրյալն ու պաշտպանը նաեւ նրա դպրոցահասակ սերունդն է, հյուսքերով աղջիկները:

Ադրբեջանցիները ճիշտ չէին ընկալել նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված «Սառը խաղաղություն» շարքի լուսանկարների բուն էությունը: «Երեւում է նախարարությանը դուր է եկել զինվորական համազգեստներով երեխաների ներկայությունը ապօրինաբար գրավյալ Ղարաբաղում», գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը, «Դաշնային նախարարությունը սատարու՞մ է երեխաների մասնակցությունը պատերազմին», հավելել է մեկ ուրիշը: Չենք կարծում, թե հիշյալ նախարարությունը երկյուղել կամ զղջացել էր, երբ երեկ իր ֆեյսբուքյան էջում փոխել էր լուսանկարներըՙ մրցույթում հաղթած այլ աշխատանքներ հրամցնելով: Փոխարենը ադրբեջանցիների մեկնաբանությունները որեւէ մեկը չէր հեռացրել. միգուցե սա էլ նախարարությա՞ն «պատասխանն» է:

Իսկ Յակոբ Շնեթցի «Սառը խաղաղություն» ֆոտոշարքն արժեւորել է լուսանկարչական «Հանթ» ամսագիրըՙ այն ներկայացնելով իր էջերում: Տեսնենք ադրբեջանցիներն ինչպես կմեկնաբանենՙ գեղարվե՞ստ, թե՞ քաղաքականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ