RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2800, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ-Ը ՉԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ ԺՆԵՎԻ «ՍԻՐԻԱԿԱՆ» ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Նշմարվում է Սայքս-Պիկոյի համաձայնագրի ստվերը

Սիրիական խճանկարում հայտնվել են այնպիսի սյուժետային գույներ, որ բուն պատկերն արդեն դժվարությամբ է երեւում: Իրադարձությունները ենթադրվածից տարբեր ընթացք ստացան սեպտեմբերի 9-ին Ժնեւում Սիրիայի զինադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո. սեպտեմբերի 12-ից հայտարարված մեկշաբաթյա հրադադարը բազմիցս խախտվեց: Հինգ տեքստերի հավաքածուն գաղտնիացվեց: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս կամ այն ձեւով հրապարակեցին դրա լոկ առանձին դրույթներ: Միեւնույն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի ներկայացուցիչները քննարկեցին Սիրիայի երկնքում միջադեպեր թույլ չտալու համաձայնեցված միջոցառումների ընդլայնման հնարավորությունը:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ Սիրիայի իրադրության կարգավորման փորձերը կատարվում են միաժամանակ երկու ուղղությամբՙ ռազմական եւ դիվանագիտական: Ինչպես նշում է REGNUM գործակալությունը, գլխավոր թշնամի համարվում է «Իսլամական պետությունը»: Մնացյալը մարտավարական գործողություններն են, ներառյալ Վաշինգտոնի այն պարտավորությունը, ըստ որի սիրիական «չափավոր» ընդդիմության ջոկատները պետք է սահմանազատվեն «Ան-Նուսրա ճակատից» եւ «Ալ Ղաիդայի» այդ ստորաբաժանման հետ փաստորեն միաձուլված կազմակերպություններից:

Ամերիկյան National Interest հանդեսի տվյալներով, «եթե Սիրիայի զինադադարը հաջողվի մեկ շաբաթով երկարաձգել, ապա ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համատեղ գործողություններ կիրականացնեն Սիրիայում ընդհանուր թշնամու դեմ մղվող պայքարում», ստեղծելով «ընդհանուր գործադիր կենտրոն», որը ամերիկյան եւ ռուսական օդանավեր կուղարկի «Իսլամական պետության» եւ «Ան-Նուսրա ճակատի» դեմ:

ԱՄՆ-ում որպես «ամերիկա-ռուսական հարաբերությունների ամենազարմանալի դրսեւորում» բնութագրված «ժնեւյան գործարքի» այդ կողմը մատնանշելովՙ National Interest-ը կանխատեսել էր, որ փաստաթուղթը Արեւմուտքում կենթարկվի որոշակի ուժերի հարձակումներին, քանի որ, նրանց կարծիքով, դա կնշանակեր, որ Վաշինգտոնը «ճանաչել է Ռուսաստանիՙ որպես գերտերության կարգավիճակը (համենայն դեպսՙ Մերձավոր Արեւելքում), որը նա կորցրել էր 1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո»: Տվյալ քայլը համարվում էր «նոր ներածություն սիրիական հավասարման մեջ», եւ դա չէին ուզում թույլ տալ կամ հրապարակայնորեն ընդունել Արեւմուտքի այն ուժերը, որոնք կոչ էին անում բոլոր պարագաներում ամրագրել նախ եւ առաջ ԱՄՆ-ի առաջատար դերը: Ասես դա կռահելով էր Լավրովն ասում, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը չեն կարող հրապարակել Սիրիայի զինադադարին առնչվող համաձայնագրերը, դա բացատրելով «բավական լուրջ ու նուրբ տեղեկությունների» առկայությամբ, որոնք կարող են հայտնվել համաձայնությունների ձախողման ջատագովների ձեռքին: Մոսկվան դա շուտ զգաց եւ Վաշինգտոնին առաջարկեց ոչ միայն համատեղ հրապարակել ժնեւյան համաձայնության մանրամասները, այլեւ դա ամրագրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւով: Ամերիկացիները հրաժարվեցին, պատճառաբանելով, թե նման քայլը «կարող է անդրադառնալ Սիրիայում մարդասիրական օգնության առաքման անվտանգության միջոցառումների վրա»: Այդպես ավարտվեց աշխարհաքաղաքական տրագիկոմեդիայի առաջին արարը, որն օրերս ունեցավ անսպասելի շարունակություն:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժը չորս հարված հասցրեց սիրիական բանակի ստորաբաժանումներին Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջանում: Գրոհներին մասնակցեցին երկու F-16 եւ երկու A-10 ռազմօդանավեր, որոնք Սիրիայի օդային տարածք էին մտել Իրաքից: Սպանվեցին 62 եւ վիրավորվեցին մոտ 100 սիրիացի զինծառայողներ: Կոալիցիայի հարվածից անմիջապես հետո «Իսլամական պետության» գրոհայիններն անցան հարձակման: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը օդային հարվածների հետ կապված միջադեպը բնութագրեց փոքր-ինչ տարտամ ձեւով, հայտարարելով, որ եթե դրանք «թիրախի սխալ կոորդինատների արդյունք են, ապա դա Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ սեփական գործողությունները Ռուսաստանի հետ համակարգելու ԱՄՆ-ի համառ չկամության անմիջական հետեւանքն է»: Այսպիսով, Սիրիային վերաբերող գործարքը ձախողում կրեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների գծով:

Դրանից հետո տեղապտույտ սկսվեց նաեւ դիվանագիտության ոլորտում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Եթե անցյալում մենք կասկածներ ունեինք, թե այդպիսով դժվար կացությունից հանում են «Ան-Նուսրա ճակատ» խմբավորմանը, ապա այժմՙ սիրիական բանակին այսօր հասցված հարվածներից հետո, մենք հանգում ենք համայն աշխարհի համար իրոք ահավոր հետեւության. Սպիտակ տունը պաշտպանում է ԻՊ-ին»: Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը չգիտես ինչու սկսեց պնդել, թե Մոսկվան, նախ եւ առաջ, «չի կատարում Սիրիային վերաբերող պայմանավորվածությունները», որոնք Վաշինգտոնը հրաժարվում է հրապարակել: Եվ երկրորդ, «Մոսկվան պետք է ապահովի, որ Դամասկոսը դադարեցնի այսպես կոչված չափավոր ընդդիմության դիրքերի ռմբակոծումները»: Ըստ որում, Փաուերը, ասես հիստերիկ նոպայի մեջ ընկնելովՙ լքեց ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որտեղ քննարկվում էր սիրիական զորքին կոալիցիայի հասցրած օդային հարվածի հարցը:

Ավելի ուշ, փոքր-ինչ հանդարտվելով, Փաուերը հայտարարեց, թե «ԱՄՆ-ը անչափ լուրջ է մոտենում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը», թեպետեւ «Ռուսաստանը չի կատարում տեխնիկական մանրամասնություների բազմամսյա քննարկումների արդյունք հանդիսացող գործարքի իր մասը»: Այս կապակցությամբ Մոսկվան հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ, ինչպես նաեւ պահանջում է, որ Վաշինգտոնը «լիակատար եւ մանրակրկիտ պարզաբանումներ տա ՄԱԿ-ի ԱԽ-ում», ինչը անհնար է անել առանց ժնեւյան փաստաթղթերի կամ դրանց մի մասի գաղտնազերծման: «ԱՄՆ-ը չի ուզում հրապարակել Սիրիային վերաբերող համաձայնությունը, քանի որ համաշխարհային հանրությունը կհասկանա, թե ով ինչը չի կատարում», Բիշքեկում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը :

Սակայն խճճված պատմությունը սրանով չի ավարտվում: Այժմ հայտնի է, որ վերջերս Անկարա կատարած այցելության ժամանակ ՌԴ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, Սիրիայում թուրքական բանակի գործողությունների անօրինականության մասին: Թուրքական կողմին տեղեկացրել են, որ «Եփրատի վահան» գործողության երկարաձգման կամ ընդլայնման դեպքում հնարավոր են ռազմական եւ քաղաքական վտանգներ: Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, Թուրքիայի զինված ուժերը եւ «Ազատ սիրիական բանակը» Սիրիայում վերսկսել են ռազմական գործողությունները «Եփրատի վահանի» շրջանակներում: Այժմ հարցն այն է, թե թուրքական զորքերը որքան երկար կմնան Սիրիայում: Անկարան որեւէ ժամանակացույց չի բացահայտել, բայց հասկացրել է, որ բանակն այնտեղ կմնա այնքան, որքան անհրաժեշտ է երկրի ապահովությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Թուրք պաշտոնական անձանց խոսքերովՙ գլխավոր թշնամիներն են ԻՊ-ը եւ սիրիացի քրդերի աշխարհազորը:

Դամասկոսի հակազդեցությունը տվյալ դեպքում միանգամայն հասկանալի է: Սակայն, ըստ երեւույթին, սիրիական խճանկարին սկսում է գույներ ավելացնել նաեւ Թեհրանը: Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարել է, որ «արտերկրում, հարեւան երկրներ Սիրիայում, Իրաքում, որեւիցե այլ կետում Թուրքիայի ամեն տեսակ գործողություններն ու միջոցառումները պետք է իրականացվեն միջազգային նորմերին համապատասխան, ինչպես նաեւ իրադարձությունների տարածք դարձած երկրի կենտրոնական կառավարության հետ համաձայնեցնելով»: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը օրերս հանդես եկավ մի առեղծվածային հայտարարությամբ, ասելով, թե «երկրում փորձում են իրականացնել նույն սցենարը, ինչ Իրաքում եւ Սիրիայում»: Վարչապետը չմանրամասնեց, թե կոնկրետ ով է փորձում իր երկրում իրականացնել իրաքյան եւ սիրիական սցենարը: Տվյալ դեպքում առեղծվածն այն է, որ, մի կողմից, Սիրիայում ռազմական գործողություն ձեռնարկած Անկարան իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարեւոր «խաղացող», իսկ մյուս կողմից, ինչպես կարծում է «Վաշինգտոն փոստ» թերթը, «աստիճանաբար խրվում է Սիրիայի հակամարտության մեջ, որի վտանգավորության մասին ավելի վաղ նախագահ Էրդողանին նախազգուշացրել էր թուրքական տարածքում քուրդ գրոհայինների հետ արդեն պատերազմած բանակի հրամանատարությունը»:

Ըստ հիշյալ ամերիկյան թերթի, այն թուրք սպաները, որոնք իրենց երկրի «Իրաք կամ Սիրիա դառնալու» երկյուղներ էին արտահայտել, ավելի ուշ հայտարարվել են «հուլիսի 15-ի խռովության մասնակիցներ» եւ հեռացվել են բանակից: Այժմ Անկարան հատել է «կարմիր գիծը», Սիրիայի հակամարտությունը հասցրել է նոր մակարդակի, երբ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի գլխավոր դաշնակից եւ միաժամանակ քրդերի դաշնակից ԱՄՆ-ը հնարավորություն է ստացել փոփոխելու սեփական աշխարհաքաղաքական խաղաթղթերի հաջող դասավորությունը: Սկզբում Անկարան իր դիրքորոշումը ճշտում էր Վաշինգտոնի եւ Մոսկվայի ուղեգծին համապատասխան: Իսկ հիմա, երբ Վաշինգտոնն ակնհայտորեն վիժեցնում է Սիրիայի վերաբերյալ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունների կատարումը, Թուրքիայի համար դժվար կլինի ընտրություն կատարել:

Պատահական չէ, որ Արեւմուտքի լրատվամիջոցները կրկին սկսել են մեծ ուշադրություն դարձնել 1916 թ. մայիսին Անգլիայի ու Ֆրանսիայի կնքած Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրին: Դրա նախագիծը պատրաստել էին դիվանագետներ Մարկ Սայքսը եւ Ժորժ Պիկոն: Փաստաթուղթը վերաբերում էր Օսմանյան կայսրության ասիական (հատկապես արաբական) տիրույթների բաժանմանը եւ համաձայնեցվել էր ցարական կառավարության հետ, քանզի 1916 թ. փետրվարին ռուսական բանակը գրավել էր Էրզրումն ու Բիթլիսը, մոտեցել Իրաքի եւ Սիրիայի տարածքներին: Ռուսաստանը մասնավորապես պահանջել էր իրեն հանձնել Արեւմտահայաստանը, Հեքիարիի մարզը եւ Սեւ ծովի հարավային ափի մի մասը: 1917-ի նոյեմբերին Վ.Ի. Լենինի ցուցումով բոլշեւիկյան կառավարությունը ի լուր աշխարհի հրապարակեց գաղտնի համաձայնագրի տեքստը: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, հօգուտ Անգլիայի կատարված փոփոխություններով, դրվեց 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում:

Ինչ վերաբերում է Սիրիայի ներկայիս դեպքերին, այդ երկրում Անկարայի եւ Վաշինգտոնի գործողությունների շարժառիթները կարող են համընկնել մարտավարական, բայց ոչ ռազմավարական տեսակետից: Իրադարձությունների այդպիսի ընթացքը կարող է հսկայական հետեւանքներ ունենալ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար:

Առայժմ Սիրիայի հետ կապված իրավիճակը թվում է խիստ հակասական: Այդ երկրի վերաբերյալ Ժնեւում ռուսների եւ ամերիկացիների փոխհամաձայնությունից հետո ի հայտ եկած զինադադարի հույսերն արագորեն ի չիք են դառնում: Սիրիական բանակի վրա կոալիցիայի օդուժի հարձակումը վերջին միջադեպը չէր: Սեպտեմբերի 19-ին հարձակման ենթարկվեց Հալեպի բնակչությանը մարդասիրական օգնություն տանող ՄԱԿ-ի ավտոշարասյունը: Զոհվեց 20 մարդ: ԱՄՆ-ն աճապարեց հայտարարել, թե մեղավորը Ռուսաստանի կամ Սիրիայի օդուժն է: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջեց անցկացնել միջադեպի մանրակրկիտ քննություն եւ հիշեցրեց, որ ամերիկացիները 2014-ի ամռանը ճիշտ նույն կերպ էին վարվել, Ուկրաինայում մալայզիական մարդատար օդանավի աղետից հետո, երբ անմիջապես մեղադրել էին ռուսներին: Լավրովի խոսքերովՙ Սիրիայում ամերիկացիները փաստորեն օժանդակում են գրոհայիններին, իսկ հրադադարներն օգտագործվում են ընդդիմադիր ուժերի վերազինման նպատակով:

Ամերիկացի փորձագետները որպես խնդրի լուծում առաջարկում են հրաժարվել Սիրիայի միասնականության «հիմնարար սկզբունքից»: Սակայն նոր բաժանումների նախաձեռնումը իր մեջ պարունակում է բազմաթիվ բարդություններ, մասնավորապեսՙ նոր սահմանների որոշման առումով, եւ սա վերաբերում է արդեն ոչ միայն Սիրիային, այլեւ տարածաշրջանին: Աշխարհը նման հակամարտության հետ գործ է ունեցել 1990-ական թվականներին: Ամենքին հայտնի է, թե դա ինչով ավարտվեց. նախկին Հարավսլավիան (ոչ առանց դրսի միջամտության) տրոհվեց յոթ տարբեր պետությունների, ինչը Արեւմուտքը ներկայացրեց որպես գլխավոր «արտաքին քաղաքական ձեռքբերման» օրինակ: Մի՞թե Մերձավոր Արեւելքում եւս ամեն ինչ տեղի կունենա համանման սցենարով: Դա չի բացառվում, եթե միայն Ռուսաստանն ու Սիրիան բավարար հաստատակամություն չդրսեւորեն: Ռուսական կողմի տվյալներով, «Ան-Նուսրա ճակատը» եւ մյուս խմբավորումները Սիրիայում սեպտեմբերյան մեկշաբաթյա հրադադարը խախտել են առնվազն 350 անգամ: «Եվրոնյուզ» հեռուստաալիքը սեպտեմբերի 26-ին հաղորդեց, որ Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման նպատակով ռուս-սիրիական ուժերի ձեռնարկած հարձակմանն ի պատասխանՙ Արեւմուտքի մեծ տերությունները հրավիրել են ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ, որտեղ մասնավորապես ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է «բարբարոսության» մեջ: ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ իսլամիստները մոտ 200 հազար հալեպցիների օգտագործում են իբրեւ «կենդանի վահան», եւ որ ռուսական օդուժը հասցնում է միայն ուղղորդված հարվածներ: Սիրիայի կառավարության ներկայացուցիչը Արեւմուտքին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ, ավելացնելով, թե ռուս-սիրիական ուժերն այլեւս միակողմանի հրադադար չեն պահպանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ