RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 6174, Տպվել է` 620, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետաքրքրական բան է ասել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում: Նա ակնարկել է, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում իշխանությունը փորձարկում էր, թե նոր ընտրակարգով ընտրություններին ի՞նչ վարքագիծ է դրսեւորելու ընդդիմությունը քաղաքապետ նշանակելիս, համախմբվելո՞ւ է, թե ոչ: Ըստ այդմ էլ հետո խորհրդարանական ընտրություններին մոդելի թերություններից հետեւություններ անելով եւ ընդդիմության պահվածքի հիման վրա` սրբագրելու է ի՛ր պահվածքը: Պատգամավորի դիտարկմամբ իսկապես իրենց ընդդիմություն հռչակած միավորներն էլ պետք է հետեւություններ անեն, որովհետեւ երկրի համար միեւնույնը չէ, թե ինչպես կաշխատի նոր խորհրդարանը, կկարողանա՞ արդյունավետ որոշումներ կայացնել, եթե, ասենք, 66 պատգամավոր լինի իշխանական, 65` ոչ իշխանական կուսակցություններից: Մեր կողմից ասենք, որ եթե այդպես լինի կամ դրան մոտ այլ պատկեր` խոհրդարանը կվերածվի մեծ շուկայի (թող ներեն ինձ ապագա պատգամավորները), որտեղ ոչ մի խնդրի շուրջ սակարկությունը չի կայանա, այդպիսով խորհրդարանը դարձնելով անօգուտ եւ անարդյունք քննարկումների մի վայր: Ի՞նչ է լինելու հիմա Գյումրիում ու Վանաձորում, ինչպես է աշխատելու ավագանին, որտեղ բացարձակ մեծամասնություն հասկացությունը խիստ հարաբերական է լինելու, ինչպե՞ս են աշխատելու քաղաքապետերը, որոնք դեֆակտո բացարձակ մեծամասնություն չեն ունենալու, լինեն այսպես կոչված ընդդիմության առաջադրած, թե՞ ՀՀԿ-ի: Մի՞թե այդ քաղաքներում գործերի ընթացքը դանդաղելու է միայն այն պատճառով, որ ավագանին մշտապես բզկտվելու է տարաձայնություններից:

Համենայնդեպս` այս օրերին դիտելով խորհրդարանում միմյանց նկատմամբ պերմանենտ փոխհրաձգության մեջ գտնվող, Գյումրու եւ Վանաձորի ավագանու մանդատների բաշխման առիթով մաթեմատիկան որպես ճշգրիտ գիտություն կասկածի տակ դնող ուժերի պահվածքը` մտածում ես, որ հենց սա է սպասվում այս երկու քաղաքներին, քանի որ արգելանքը հաղթահարած քաղաքական ուժերից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն այս ընտրություններում չի ստացել, անգամ ՀՀԿ-ն Գյումրիում մնացել է 35-37 տոկոսի սահմանագծում, իսկ Վանաձորում համեմատաբար ցածր նիշի վրա, ու անհասկանալի է, թե ինչպես են հաշտության եզրեր գտնելու այժմ անհաշտ թվացող 4-5 ուժերը:

Հիշեցնենք` ըստ ԿԸՀ նախնական տվյալների` Գյումրիում ավագանու 33 մանդատից 15 մանդատ ստացել է «Բալասանյան» դաշինքը, 8 մանդատ ԲՀԿ-ն, 4 մանդատ` «Հայկական վերածնունդը», սա նորացված ՕԵԿ-ն է, 4 մանդատ` ԳԱԼԱ-ն: Վանաձորում 13 մանդատ ՀՀԿ-ն ունի, 2 մանդատ` ՀՅԴ-ն, 10 մանդատ` «Լուսավոր Հայաստանը», 5 մանդատ`«Հայկական վերածնունդը», 3 մանդատ` ԲՀԿ-ն: Վանաձորում առավել ռեալ է, որ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը կարողանան միավորվել ու սեփական թեկնածու առաջադրել: Սակայն դատելով այն ամբիցիաներից, որ միմյանց համագործակցելու առաջարկ անելիս ցուցադրում են այս ուժերը, հաճախ ջրի երես է դուրս գալիս այն կասկածը, թե ո՞վ է իսկապես ընդդիմադիրը: Որովհետեւ եթե կան ուժեր, որոնք նաեւ չեն բացառում համագործակցությունը իշխող ուժի հետ, հարց է առաջանում, թե ո՞ւմ են նրանք ընդդիմադիր, ստանալով ընդդիմադիր զանգվածի քվեները, եւ առհասարակ` Հայաստանում ո՞վ է ընդդիմությունը: Ո՞ր ուժերն են ստեղծվել ընդդիմադիրի անվան տակ` ապագա խորհրդարանական ընտրություններում թույլ չտալու համար իշխող մեծամասնության պարտությունը: Համենայն դեպս` իրեն միակ իրական ընդդիմադիր համարող ՀԱԿ-ը ջախջախիչ պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում, ու եթե մի այլ շոգեքարշ չգտնի` խորհրդարանական ընտրություններին նա կանցնի պատմության գիրկը: Նույն կերպ` ՀԱԿ-ից պոկված Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Քաղաքացիական պայմանագիրն» է պարտվել` բացառությամբ մեկ համայնքի, իսկ այս ուժի ղեկավարների հետեւություն-գործողությունները վկայում են, որ նրանք այլ գործելակերպ են որդեգրելու ապագայում: ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդ» անվանված ուժը բավական լավ արդյունքներ են ցույց տվել, որքան էլ երկրորդի դեպքում դա զարմանալի թվա, ինչպես ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է ասում` «կյանքը ցույց է տալիս, որ կենսագրություն ու կառույցներ ունեցող կուսակցություններին են ձայն տվել մարդիկ», ու ոչ թե, ասենք, վիրտուալ տարածքում աքլորացողներին:

Հետաքրքրական է նաեւ, որ փոքրիկ հաջողություն է գրանցել ոչ խորհրդարանական ուժերից ՌԱԿ-ը, որի 11 առաջադրվածներից 10-ը ավագանու անդամի մանդատ է ստանալու:

Թե իսկապես տեղական ինքնակառավարման ընտրությունները Գյումրիում ու Վանաձորում` նոր Ընտրական օրենսգրքով, ընդհանրապես նոր քաղաքական իրավիճակի փորձարկումն էր եւ լավ մտածված խաղի մի արարը, սա դեռ դիտարկվելու է, երբ մանդատների համար գզվռտոցն ու միմյանց ուղղված փոխհրաձգությունն ավարտվի: Այդ ընթացքում շատ բան տեսանելի կլինի: Սակայն մեծ հաշվով, եթե անկեղծանանք, հատկապես ընդդիմության համար դաժանություն է Գյումրու եւ Վանաձորի փորձարկումը: Դա չլիներ` մարդիկ հանգիստ կապրեին մինչեւ նոր խորհրդարանական ընտրություններ, չէին իմանա` ոնց են իրենց խաբել Ընտրական օրենսգրքի ճարտարապետները` ԸՕ 123 եւ 141 հոդվածների համապատասխան կետերով, կարկատան քաղաքական դաշտ գծագրելով: Գծագրողների համար էլ էր հետաքրքրական` էն ինչ մինչեւ հիմա բաց էին թողել, աչքաթող էին արել քաղաքական դաշտը վերաձեւելիս, հայտածվեց վերջին ընտրություններում: Վանաձորի եւ Գյումրու ընտրությունները հայտնի արեցին, թե ո՞վ է ընդդիմադիր, կամ ընդդիմադի՞ր է ադյոք իրեն ընդդիմադիր հայտարարածը, կամ ինչի՞ համար են ստեղծվում այս ու այն նոր միավորները: Մարդիկ ընդդիմադիր են մինչեւ այն պահը, երբ հարկավոր էր քվե ստանալ, իսկ հենց պետք է միասնական գործել, դիցուք` ընդդիմադիրներով քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու առումով, մոռանում են ընդդիմադիր լինելու մասին եւ այլ կարեւոր բաներ են հիշում: Հիշեցնենք այս հայտածմանը բերող օրենսդրությունը:

Ըստ ԸՕ-ի` եթե մանդատների բաշխման ժամանակ կուսակցություններից մեկը ստանում է ձայների 40 տոկոսից ավելին, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրու ավագանին 33 անդամ պետք է ունենա, բայց ընտրության արգելանք հաղթահարած ուժերի ե՛ւ մաթեմատիկան է տարբեր, ե՛ւ ստացած նախնական մանդատը ոչ մեկը չի պատրաստվում նվիրել այլ ուժի: «Բալասանյան» դաշինքն ըստ ՀՀԿ-ի` կարող է 17 մանդատ ստանալ հենց օրենքով ու քաղաքապետ դարձնել Սամվել Բալասանյանին: Մնացած ուժերի կարծիքով` իրենք բանակցելով կարող են իրենց թեկնածուին 18 մանդատով դարձնել քաղաքապետ, ինչը Վանաձորում ավելի հավանական է: Ի դեպ` Գյումրիում ԲՀԿ ցուցակի առաջին համարն է ցանկանում դառնալ քաղաքապետ, մնացածը բանակցելիս պիտի համաձայնեն, սա կարող է դառնալ պառակտման քարը: Իսկ ահա օրենքում, ինչպես ԲՀԿ նախագահն է ասում, այնպիսի լողացող դրույթներ կան, որոնցով եթե կուսակցություններից մեկը ստանում է անհրաժեշտ մանդատների 40 տոկոսից ավելին, ապա նրան նվիրվում է բացարձակ մեծամասնություն: Այսինքն` բոնուսային համակարգ է գործում: Մեծամասնության համար անհրաժեշտ մանդատները նվեր ստանալուց հետո նոր 33 ընդհանուր թվից մնացած 16 մանդատը կբաշխվի ըստ մյուս ուժերի ստացած տոկոսների, բա: Գյումրիում այս սխեմայով ՀՀԿ-ի 17 մանդատ ստանալը ընդդիմադիրները կասկածի տակ են դնում, ԲՀԿ-ն ասում է` ոչ, ՀՀԿ-ն 14 մանդատ է ստացել: Բայց, ներեցեք, ԸՕ -ի այդ ֆոկուս դրույթները որ քննարկվում էին, միթե պարզ չէր, որ այս վիճակն է լինելու, այն ժամանակ էր պետք դեմ լինել ու չքվեարկել այդպիսի ԸՕ-ին կողմ: Հիմա նույն պատկերը խորհրդարանական ընտրություններին է լինելու, է, նախաձեռնեք` փոխեք այդ դրույթները:

Այլ բացահայտումներ էլ եղան. օրինակ` «Հայկական վերածնունդի» քաղաքապետի թեկնածուն Վանաձորում ՀՀԿ-ի աջակցությունն էլ էր վայելում, հոգեւորական ծեծելու սկանդալը դա ավելի ի տես դարձրեց: Վանաձորում ընտրության նախնական պատկերով մեծամասնության հավակնող «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն գաղափարի առումով եթե ընդդիմադիր են, ինչպես իրենց բոցավառ ելույթներում են հայտարարում, պիտի միասնաբար սեփական թեկնածուին առաջադրեն ավագանիում` ընդդեմ ՀՀԿ-ի 13 մանդատի: Բայց արդեն միմյանց պայմաններ են առաջադրում, ինչը մտածելու, իսկ իմացողի համարՙ քմծիծաղի տեղիք է տալիս : Բոլոր դեպքերում կապրենք մինչեւ երկուշաբթի, երբ այլեւս հնարավոր չի լինի թաքցնել` ով ում բարեկամն է, ու երբ որոշված կլինի` ով ո՞ւմ հետ է համագործակցում Գյումրիում եւ Վանաձորում:

Իսկ իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի` ՏԻՄ ընտրություններում 40-50 տոկոս ձայն ստանալը սովորական ու զարմանալի չի համարում.«Մենք 50+1-ի չենք էլ ձգտել, պայքարը մրցակցային է եղել` 35-37 տոկոս ենք սպասել Գյումրիում եւ Վանաձորում, այդքան էլ ստացել ենք: Պիլոտային ծրագիրն արդարացրել է իրեն, սխալների վրա կաշխատենք»: Պիլոտայինի մասով խոստովանությունն ամեն ինչ արժե: Մի խոսքով` Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները եղել են պիլոտային ծրագրի փորձարկման կարգավիճակում: Ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար փաստորեն: Առաջինն այդպես էլ չի սովորում միասնաբար աշխատել, երկրորդը` զիջել: Չնայած նախագահ Սարգսյանն երեկ ասում էր` միգուցե մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելի անցնելու հանգամանքը, ու չնայած` Լիցկային ուղարկեցին «հանգստի»` էս ի՜նչ դարակազմիկ լուր էր, բայց, այնուամենայնիվ, հենց միայն օրենքներում «սղղացրած» զանազան լուսանցքները ու դրանց կիրառումից ոչ մի կերպ հրաժարվելու քաջություն չունենալը չեն նպաստում նրան, որ մարդ հավատա փոփոխություններին: Մանավանդ` թատրոնը, այնուամենայնիվ, շատ է: Մանավանդ` նոր կառավարությունը եւս բազմագլուխ է, եւ այնտեղ բոնուս ունեն ե՛ւ տարածաշրջանի մեծ խաղացողները, ե՛ւ անգամ մի որոշ տոկոս` նախկին նախագահը: Այդ մասին դեռ կխոսենք:

Հ.Գ.- Օրվա վերջում երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: ԲՀԿ-ն ավելի վաղ էր հայտարարել այդ մասին. Մենք էինք վատատես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ