RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 6414, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունգարիայի խորհրդարանի Կանաչների խմբակցության 5 պատգամավորիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնությունը հաջողություն չի գրանցել, հոկտեմբերի 5-ին իրազեկում է թուրքական TRT-ի գերմաներեն կայքէջը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի ընդունել նրանց հայցադիմումը, եւ ինչպես լրատուն է բացահայտում, 199 մանդատ ունեցող հունգարական խորհրդարանում կառավարող «Ֆիդեսց» ( Fidesz), ինչպես նաեւ երկրորդ մեծՙ «Յոբբիկ» (Jobbik) (ամբողջական անունըՙ «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի») կուսակցությունները դեմ են եղել դրան: Անհաջողությանը նպաստել են Բուդապեշտում Թուրքիայի դեսպան Շաքիր Ֆաքիլի, Ադրբեջանի դեսպան Վիլայեթ Գուլիեւի, ինչպես նաեւՙ Հունգարիայում ձեռնակատեր Ֆադիլ Բաշարի ջանքերը: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Յոբբիկ» կուսակցության անդամ Մարթոն Գյոնգյոզին հաղորդել է, թե ճիշտ չի համարում, որ քաղաքական կուսակցությունները պատմական իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնում: Այդ թեմաների քննությամբ պիտի զբաղվեն պատմաբաններն ու իրավաբանները: Այդպիսի քայլերից պիտի խուսափել, քայլեր, որ շատ ձայն հավաքելու նպատակն ունեն: Ազգային խորհրդարանները նման հարցերում պատասխանատվություն պիտի դրսեւորեն, ըստ լրատուի իր տեսակետն է փոխանցել արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը: Թուրքիայի դեսպանն էլ ընդգծել է, թե հայցադիմումը մերժվել է նաեւ նախորդ տարի:

Մեր կողմից հավելենք, որ հունգարական լրատվամիջոցների գնահատմամբ «Յոբբիկ» կուսակցությունը նեոֆաշիստական, շեշտված ազգայնամոլ բնույթ ունի: Իսկ Հոլոքոստն ուսումնասիրող հունգար գիտնական Լասցլո Կարզայը այն բնորոշում է որպես նեոնացիստական: Վերջին 2014- ի ընտրություններում կուսակցությունը շահել է 23 մանդատ: Թուրք- ադրբեջանցի դեսպանների դաշինքն այս երկրում տեղի իշխանությունների հետ ամուր է, զեփյուռ էլ փչում այդ ուղղությամբ նաեւ այն պատճառով, որ Հայաստանից, այսպես ձեւակերպենք, մեկուսացված են գործունեություն ծավալում:

Հիշեցնենք, որ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն պահից ի վեր, երբ այդ երկրի վարչապետ, «Ֆիդեսց» կուսակցության նախագահ Օրբանը, Ալիեւի հետ գործարք կնքելով, արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած, 8 տարի Բուդապեշտի բանտում պատիժ կրած Սաֆարովինՙ արհամարհելով միջազգային հանրության բարոյական ճնշումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ