RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4147, Տպվել է` 586, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Սեպտեմբերի վերջին օրը Գյումրու Վ. Թեքեյանի անվան հանրակրթական ավագ դպրոց էին այցելել Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության անդամ Գեւորգ Մարաշլյանը տիկնոջ հետ, Հայաստանում այդ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, այլ հյուրեր: Նրանց ձեռամբ կրթօջախի 73 ուսուցիչներն ու 15 օժանդակ աշխատողները ստացան սփյուռքյան մեր հայրենակիցների կողմից տարին մեկ անգամ տրամադրվող հերթական նյութական աջակցությունը:

Արդեն 16 տարի անընդմեջ ամերիկահայ եւ կանադահայ թեքեյանցիներն այս նպատակով գումարներ են հանգանակում ու բաշխում Հայաստանում Վահան Թեքեյանի անունը կրող ինչպես այս, այնպես էլ Երեւանի, Ստեփանավանի, Արագածոտն մարզի Կարբի գյուղի, իսկ վերջին հինգ տարիներինՙ նաեւ Արցախի Բերձորի դպրոցների ուսուցիչներին: Այս նախաձեռնության շարժառիթը, ինչպես հիշեց Գայանե Մուրադյանը , եղել է 2000 թվականին նրանց մի մեծ խմբի այցելությունը Հայաստան: Այցելելով մեր հանրակրթական դպրոցներ եւ իմանալով մեր դպրոցների ուսուցիչների աշխատավարձի չափը, որն այն ժամանակ շատ-շատ ցածր էր, Թեքեյան միության անդամ մեր հայրենակիցները որոշել են աջակցել եւ այդպիսով խրախուսել մեր մանկավարժներինՙ գնահատելով ու կարեւորելով վաղվա Հայաստանի քաղաքացիներին կրթելու նրանց նվիրյալ աշխատանքը:

«2000 թվականին, երբ մենք եկանք,- ասաց պրն Գեւորգ Մարաշլյանը ,- տեսանք, որ շատ մը ուսուցիչներ որոշում էին Հայաստանից հեռանալ եւ տարբեր երկրներ երթալ: Մտածեցինք, որ նրանց եթե օգնենք, իրենք կարող են մնալ եւ շարունակել դաստիարակել մեր փոքրիկները: Հիմնական նպատակը այդ եղած է եւ այդ նպատակով սկսած է ծրագիրը, զոր կղեկավարե եւ կհամակարգե ԹՄՄ կեդրոնական վարչության գանձապահ տիկին Մարո Պետրոսյանը»:

Հայրենի դպրոցների մանկավարժների հետ այս հանդիպումները յուրաքանչյուր անգամ դառնում են նաեւ տարվա ընթացքում նրանց աշխատանքի յուրատեսակ ամփոփում: Գյումրիում այս անգամ հանդիպումը տեղի էր ունենում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա նախաշեմին, որի առթիվ հյուրերը նախապես շնորհավորեցին դպրոցի մանկավարժներին, նաեւ զրուցելով ու հետաքրքրվելով նրանց աշխատանքային առօրյայով, դպրոցում ու կրթական համակարգում այսօր առկա հուզող խնդիրներով:

Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կողմից վերջերս նյութական աջակցություն է տրամադրվել նաեւ ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոսների չորս ընտանիքների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ