RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4159, Տպվել է` 499, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅՑ ՄԵՆՔ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկուշաբթի օրը վերջապես ավարտվեց կառավարության ձեւավորումը եւ այն ստացավ վերջնական տեսք. նախագահ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳ նախարարի պաշտոնին, իսկ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար: Այս կապակցությամբ կառավարությունն ու նախագահի աշխատակազմը շնորհակալություն են հայտնում ՀՀ անթիվ-անհամար այն քաղաքացիներին, ովքեր, տեսնելով, որ կառավարությունում թափուր տեղեր կայինՙ հայտ էին ներկայացրել նախարար դառնալու, ցույց տալով իրենց ռազմաքաղաքական եւ դիվանագիտական խորը, որոշ դեպքերումՙ անգամ տիեզերական իմացությունները, եւ հայտնում, որ նրանց ժամանակը դեռ չի եկել:

Եթե լուրջ, ապա ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարարինՙ Սերժ Սարգսյանն իր խոսքում հասկացրել է, թե ինչու է ազատել աշխատանքից Սեյրան Օհանյանին եւ բացատրել է, թե ինչու է նախարար նշանակել հենց Վիգեն Սարգսյանին: «Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ», ասել է նախագահ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ Սեյրան Օհանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նա շատ էր զբաղվում զորքի (ի դեպ, ոչ թե զորքերի) առօրյա գործունեությամբ, կամ որպեսզի ամեն ինչ ճիշտ լինիՙ շատ քիչ չէր զբաղվում զորքի առօրյա գործունեությամբ: Ապա նախագահն ասել է. «Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը...», սրանով էլ Սերժ Սարգսյանը բացատրում է, թե ինչու է հենց Վիգեն Սարգսյանը նշանակվում պաշտպանության նախարար: Ի դեպ, ուշագրավ է, որ պարոն Վ. Սարգսյանի նոր պաշտոնի հետ կապված երկու տեսակետ կար, ըստ մեկիՙ նա պետք է գլխավորեր արտաքին քաղաքական գերատեսչությունը (դիվանագիտությունը), ըստ մյուսիՙ պաշտպանական գերատեսչությունը: Նա գլխավորեց ՊՆ-ն, բայց հանգիստ կարող էր գլխավորել նաեւ ԱԳՆ-ն, այլ կերպ ասածՙ նա ռազմաքաղաքական դիվանագիտություն կարողանում է անել: Հուսանք, որ մոտ ապագայում սրանում կհամոզվեն ոչ միայն Հայաստանում, եւ կամ Հայաստանումՙ բոլորս:

Թե ինչո՞վ է զբաղվելու Սեյրան Օհանյանը, հայտնի չէ, համենայնդեպս նախագահը չի ասել: Ինքըՙ Օհանյանը, ավելի վաղ հերքել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային իր փոխարինման մասին լուրերը, նշելով, որ եթե նման առաջարկություն ստանա, ապա մերժելու է: Կա վարկած, որ պարոն Օհանյանը անցնելու է քաղաքական գործունեության, մասնավորաբար միանալու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը, եւ դառնալու է երկրի հաջորդ նախագահը: Բայց սա միայն վարկած է: Ամեն դեպքում պարոն Օհանյանը առայժմ մի լավ կհանգստանա, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդըՙ պաշտպանության նախարար աշխատած երկար տարիներին ոչ մի անգամ արձակուրդում չի եղել:

Ինչեւէ, նոր նախարար ունենք, իսկ պատերազմող երկրներում, երբ պաշտպանության նախարար է փոխվում, նախկինի մասին արագ մոռանում են: Այո, նոր նախարարը զինվորական չէ, ավելինՙ վառոդի հոտը չի զգացել, բայց ո՞վ ասաց, որ հատկապես պատերազմող կամ դրա վտանգի առջեւ կանգնած երկրներում են պաշտպանության նախարարից պետք է վառոդի հոտ գա: Ճիշտ հակառակը, չպետք է գա: Պաշտպանության նախարար նշանակելով քաղաքացիական անձիՙ Հայաստանը ցույց է տալիս, որ իր խնդիրը ոչ թե պատերազմելն է, այլ դրա բացառումը: Նման երկրներ շատ կան, երբ պաշտպանության նախարարը քաղաքական դեմք է, եւ այդ երկրներում խիստ կարեւոր է դառնում Գլխավոր շտաբի պետը: Մեր ՊՆ Գլխավոր շտաբի նոր պետը գեներալ Մովսես Հակոբյանն է, իսկ նա վառոդի հոտ առել է:

Ինքըՙ Վիգեն Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերում ծառայել է, ավելինՙ ի տարբերություն սովորական ծառայությանՙ ոչ թե երկու, այլ շուրջ երեք տարի: Նոր նախարարի կենսագրության մեջ կարդում ենք, որ նա 2000-2003-ը ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում եւ եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտը: Իսկ սա նույնպես համարվում է ծառայություն: Այսինքն բոլոր այն խոսակցությունները, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանության նախարար նշանակել մեկին, ով չի ծառայել, անհիմն են: Իսկ մեր երկրում, ինչպես գիտենք, անհիմն շատ են խոսում: Այլ հարց է, թե որքանո՞վ կկարողանա Վիգեն Սարգսյանըՙ ա) զսպել ՊՆ-ի որոշ գեներալներիՙ Բաքվում թեյ խմելու ախորժակը եւ առհասարակ... ախորժակը, եւ բ) իրականացնել ռազմաքաղաքական դիվանագիտություն: Առաջին կետովՙ ժամանակը ցույց կտա, չնայած փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում ժամանակը ոչ թե ցույց է տալիս, այլ ուղղակի անցնում է: Երկրորդ կետի հետ կապված լուրջ հույսեր ունենք: Պարոն Սարգսյանը ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո սովորել է նաեւ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թավթս եւ Հարվարդի համալսարանների Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, որն ավարտել է Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս կոչմամբ, ինչպես նաեւ, քաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար, թերեւս, Սանկտ Պետեբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիայում, որտեղ, ի դեպ, պարոն Սարգսյանը ստացել է այդ թվումՙ «Անձնակազմի ղեկավարում» մասնագիտությունը, ինչը թերեւս նրան պետք գաՙ վառոդի հոտ առած կամ չառած գեներալիտետի հետ հարաբերություններում: Ճիշտ է, հատկապես ամերիկյան կրթությունը ավելի շատ տեղանուններ են, քան բուն կրթություն, բայց համաձայնեք, այսօր Հայաստանում քչերը կարող են այսպիսի տեղանուններով կենսագրություն ունենալ, այն էլ, երբ խոսքը սովորելու մասին է:

Ամեն դեպքում, Հայաստանի պաշտպանության նախարարից սպասելիքները շատ են: Եւ քանի որՙ «գնալով ավելի է կարեւորվելու ռազմաքաղաքական դիվանագիտությունը», սպասելիքները շատ են հենց նախարարից, ոչ թե «Իսկանդերից», որը, հույս ունեմ, այդպես էլ չենք իմանալուՙ աշխատո՞ղ է, թե ոչ: Թե ինչ է նշանակում ռազմաքաղաքական դիվանագիտություն Հայաստանի համար, դեռ պետք է հասկանալ, ասենք դա նշանակում է, որ Հայաստանը պետք է այլընտրանքային ապահովագրություն ստանա ՆԱՏՕ-ի՞ց, թե՞ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է համոզի ռուսներին, բելառուսներին, ղազախներին, ղրղզներին եւ տաջիկներին, որ իր դեմ հարձակումը հարձակում է այս բոլորի դեմ: Ընդ որում, երկու պարագայում էլ առաջանում է հաջորդ հարցըՙ ինչպե՞ս... Բայց, քանի որ մենք ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թավթս եւ Հարվարդի համալսարանների Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում չենք սովորել, թողնենք, որ պարոն Վիգեն Սարգսյանը ինքը պատասխանի այս հարցերին, եւ հույս ունենք, որ այդ պատասխանը կլինի ոչ թե բառերով, այլ գործով: Ուրիշ հույս էլ ունենք. քանի որ արդեն «Իսկանդեր» ունենք, որից Ադրբեջանը չունի, հույս կա, որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներն ավելի զգայուն կլինեն Հայաստանի հանդեպ իրենց դաշնագրային պարտականությունները կատարելիս, քանի որ պատերազմի պարագայում, պարզ է, որ Հայաստանը կիրառելու է «Իսկանդերը»: Մինչդեռ, եթե դաշնակիցները հայտարարում են Հայաստանին պաշտպանելու իրենց պարտավորության մասին, ապա պատերազմ չի լինի (Ադրբեջանը չի համարձակվի այն սկսել), եւ «Իսկանդերը» Ադրբեջանի վրա չի կրակի: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, մանավանդ նրանք, ովքեր Ադրբեջանի հետ հատուկ կապեր ունեն, պետք է շահագրգռված լինեն Ադրբեջանին զսպելու հարցում, քանի որ հակառակ պարագայում «Իսկանդերը» կրակելու է Ադրբեջանի վրա: Մի խոսքով, «Իսկանդերը» պետք է, որ գործիք լինի ռազմաքաղաքական դիվանագիտություն իրականացնելիս, եթե, իհարկե, այն պահողները կարողանում են իրականացնել ռազմաքաղաքական դիվանագիտություն («Իսկանդերը» միայնակ չի կարողանում աշխատել, անգամ, եթե նրան օգնի ատոմային ռումբը): Հույս ունենք, որ կարողանում են, ավելի ճիշտՙ այսուհետ կարողանալու են: Համենայնդեպս ապրիլյան ձախողված, կրկնում եմՙ ձախողված պատերազմի ժամանակվա պաշտպանության նախարարության ղեկավար կազմը փոխվեց: Այդ ձախողման պատասխանատուներից նախարար Օհանյանն այլեւս նախարար չէ, իսկ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը... Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է:

Բայց մենք հույս ունենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ