RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4189, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բացառությամբ մի քանի եզակի դեպքերի, կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ոչ մի գերեզմանոցի պահակ հայտարարություն չի տարածել, թե իր հսկողության տակ գտնվող հանգուցյալների մասսայական փախուստ է արձանագրվել: Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մեր բոլոր հանգուցյալները իրենց հանգիստը շարունակել են եւ, կրկնում եմ, բացառությամբ առանձին, եզակի դեպքերի կիրակի օրվա ընտրություններին չեն մասնակցել:

Սա նշանակում է, որ ընտրել են ողջերը: Այս համատեքստում ամենեւին էլ զարմանալի չէ, որ օրինակ Գյումրիում հաղթել է Բալասանյանի ճակատը, ավելի ճիշտՙ դաշինքը, եւ շուտով հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ կընտրվի Սամվել Բալասանյանը: Սա զարմանալի չէ, քանի որ գյումրեցիներն այնքան ցավ ու դարդ են տեսել, որ նրանց համար ժամանակին վճարված աշխատավարձն արդեն իսկ երջանկությունից հինգ պակաս է, իսկ ոմանց պարագայումՙ անգամ հինգ ավելի: Հիշեցնեմ, որ հենց Բալասանյանն է այն քաղաքապետը, որի օրոք գյումրեցիները սկսել են ստանալ իրենց աշխատավարձերը ժամանակին: Անգամ ըստ ՄԱԿ-ի «Տարայ-նայ-նամ» զեկույցի, նման հաջողությամբ չեն կարող պարծենալ Քաբուլի քաղաքապետը, Իսլամաբադի քաղաքապետը, նույնիսկ Դամասկոսի եւ Կահիրեի քաղաքապետերը, ավելին, Կիեւի քաղաքապետ Կլիչկոն պատրաստվում է մոտ օրերս այցելել Գյումրի եւ տեղում ծանոթանալ Բալասանյանի այն հանճարեղ ծրագրին, ինչի արդյունքում գյումրեցիների աշխատավարձերը սկսել են վճարել ժամանակին: Ինչեւէ: Սա կարեւոր չէ եւ սա հասկանալի է:

Անհասկանալին հետեւյալն է. ինչո՞ւ եւ ինչպե՞ս են գյումրեցիները, հիշեցնեմ, բացի առանձին, եզակի դեպքերից, ողջ-կենդանի գյումրեցիները գնացել եւ ընտրել ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը վերջին հազարամյակում Գյումրիում ի՞նչ է արել: Հովհաննես Մարգարյա՞նը, դե այո, նա գյումրեցի է, բայց արդյո՞ք նրա, նրա ընտանիքի անդամների, բարեկամների, ծանոթների, ընկերների, մտերիմների ձայները բավարա՞ր են, որպեսզի ՕԵԿ-ը 4 հոգով մտնի Գյումրու քաղաքապետարան եւ զբաղեցնի ընդհանուրՙ 33 ավագանու տեղերից 4-ը: Գուցե եւ բավարար է եղել, չի բացառվում, որ պարոն Հովհաննես Մարգարյանը հարազատ քաղաքում բավարար չափով հարգանք-պատիվ ունի, բայց կներեք, դրանից հարցը չի կորում. ի՞նչ է արել ՕԵԿ-ը Գյումրիում վերջին հազարամյակում... Հարցի բարդությունից ելնելովՙ այն համարենք հռետորական: Բայց որպեսզի մտածելու ավելի շատ բան լինի, մեկ այլ, կրկին հռետորական հարց տամՙ ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է ուզում այն մարդը, ով գնում է ընտրության եւ ընտրում է ՕԵԿ-ին... Ուզում է վերածնվի՞...

Կոնկրետ Գյումրու ընտրություններն առանձնահատուկ էին մեկ այլ, շատ ավելի կարեւոր հանգամանքով: Հանրապետության երկրորդ, իսկ խաշի սիրահարների առումովՙ առաջին քաղաքն այլեւս ընդդիմադիր չէ: Մարդիկ, ովքեր քաղաքում են եղել, գնացել եւ ընտրել են իշխանության թեկնածուին: Սփոփանքն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չի եղել, քաղաքում չի ապրում, արտագաղթել է, հետեւաբար գյումրեցիների մեծամասնությունը չէ, որ ընտրել է Սամվել Բալասանյանին: Եւ, եթե այս մարդկանց գումարենք նաեւ հանգուցյալների մեծ մասը, որոնք ընտրություններին չեն մասնակցել, ստացվում է, որ Բալասանյանը բացի ժամանակին վճարված աշխատավարձերից ունի մեկ այլ պարծենալու բան էլ. նա կարողացել է Գյումրիում պահել նրանց, ովքեր իր կողմնակիցներն են եւ ովքեր ընտրություններին սովորաբար գնում եւ ընտրում են Բալասանյանին: Հենց նրանց էլ, հավանաբար, պարոն քաղաքապետը ժամանակին աշխատավարձ է վճարում, հակառակ պարագայում հազիվ թե ընտրեին:

Մի խոսքով, կիրակի օրվա, կոնկրետՙ Գյումրվա ընտրությունները ցույց տվեցին երկու լավ ու երեք վատ բան: Վատերից առաջինն այն է, որ գյումրեցիների մեծամասնությունը քաղաքում չէ: Հաջորդ վատն այն է, որ ավագանիում մեծամասնությունը լինելու են Բալասանյանենք, եւ երրորդ վատն այն է, որ Գյումրիում շատ մարդիկ կան, ովքեր այս տարի չեն հասցրել մուրաբա փակել, իսկ առանց մուրաբա ժողովուրդն, ինչպես գիտենք, վերածնունդ չի ապրում:

Լավերից առաջինն էլ այն է, որ գյումրեցիների մեծամասնությունն, ի վերջո, չի ընտրել Բալասանյանին, քանի որ ընտրություններին չի մասնակցել, եւ երկրորդն լավն էլ այն է, որ հանգուցյալներն այս ընտրությունների հետ կապ չունեին: Չնայած գուցե այս վերջինը ոչ թե լավ է, այլՙ վատ, քանի որ ստացվում է, որ ողջերն են ընտրել, ավելի ճիշտ, ինչպես Շիրակի թեմի առաջնորդն է բոլորովին այլ առիթներով եւ հաճախ ասումՙ մունդռել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ