RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 5216, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եվրասիական գործընկերության միջազգային առաջին եւ Հայռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովները Երեւանում

Հոկտեմբերի 14-16-ը Երեւանը միանգամից երկու գործարար համաժողովներիՙ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի անցկացման վայրն էր: Երկուսն անց էին կացվում նույնՙ Armenia Marriott հյուրանոցումՙ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: Համատեղ մեկնարկած համաժողովներին մասնակցում էին ԵՏՄ երկրների խոշոր ընկերությունների, բանկերի, հիմնադրամների ղեկավարներ, տնտեսական ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաներ, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայտնի փորձագետներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ մի շարք այլ երկրներիցՙ Չինաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:

Համաժողովների մասնակիցներին ուղղված Հայաստանի նախագահի ողջույնի խոսքում նշվում էր, որ 2011-ին, երբ Երեւանում բացվեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, անցած տարիներն ապացուցեցին, որ այն պահանջված է: Նախորդ համաժողովները նպաստել են երկու երկրների տարածաշրջանների ներուժի բացահայտմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը: Ըստ Սերժ Սարգսյանի ուղերձի, այսօր գոհունակությամբ կարելի է ասել, որ համաժողովը կարեւոր հարթակ է, որը համախմբում է մեր երկրների կառավարական, գործարար, հասարակական ոլորտի ներկայացուցիչներին:

Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին ասվում էր արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում, որն ընթերցեց հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը : «Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ավելի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքները ... Ակնկալում եմ, որ բաց եւ կառուցողական քննարկումների շրջանակում արված առաջարկությունները կծառայեն հայ-ռուսական երկխոսության կատարելագործմանը, գործնական միջավայրի բարելավմանը եւ ողջ Եվրասիական տիրույթում փոխգործակցության ամրապնդմանը», նշվում էր ՌԴ նախագահի ուղերձում:

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողն է: 2016-ի առաջին կիսամյակին ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում հասել է 4,5 մլրդ դոլարի, գործում են ռուսական կապիտալով 1250 ընկերություն», իր ելույթում տեղեկացրեց տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նա նաեւ նշեց, որ նախորդ տարի Վերին Լարսում սկսել է գործել ԵԱՏՄ երկրների համար նախատեսված առանձին ուղեգոտիՙ հեշտացված կարգով բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից եւ մայրաքաղաքներից մեկում, գրեթե 2800-ամյա Երեւանում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուընկալությունն է եւ բարձր զգացումն ընկերների նկատմամբ: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք եւ հյուրը»: Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված օգտակար հարթակ, վարչապետը նշեց. «Կարեւոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման եւ գործում համահունչՙ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակինՙ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը , կարեւորելով ԵՏՄ ստեղծումը, նշեց, որ այն հնարավորություն տվեց աշխարհի ցամաքի մեկ յոթերորդ տարածքում ստեղծել տարողունակ շուկա գրեթե 200 մլն բնակչությամբ, առանց մաքսային սահմանների: Այդ տարածքում իրականություն են դարձել բեռների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժը, վերացնելով առեւտրային արգելքները: «Սա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է գործունեության լայն հնարավորություն ու կարող է աշխատել ինչպես իր տանը», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ տարեվերջին պետք է գործի դրվեն դեղորայքի, էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքի միասնական շուկաները, կստորագրվի մաքսային միասնական օրենսգիրքը:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Կամբոջիայի, Սինգապուրի, Կորեայի, Չինաստանի եւ այլ երկրների ու ԵՏՄ-ի միջեւ առեւտրային պայմանագրերի կնքման ուղղությամբ, իսկ Վիետնամի հետ կնքվել է ազատ առեւտրային համագործակցության նման պայմանագիր:

Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն էլ իր ելույթը սկսեց արձանագրելով, որ Առաջին եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը Երեւանումՙ Եվրասիայում տեղի ունեցող պատմական եւ դարակազմիկ փոփոխությունների մասն է: «Եթե մենք համախմբենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի եւ Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաեւ բոլոր անդամ երկրների մարդկային եւ մտավոր ռեսուրսները, ապա շուտով կունենանք ոչ միայն խելացի եւ առաջադեմ, այլեւ բարգավաճող տարածաշրջան», նշեց Արա Աբրահամյանը: Խոսելով Հայաստանի ներուժի մասին, նա հետեւյալն ասաց. «Չնայած այն հանգամանքին, որ իմ երկիրը տարածքով փոքր է եւ հարուստ չէ բնական պաշարներով, բայց Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ եւ աշխատասեր ժողովրդով, վառ եւ տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաեւ հայկական սփյուռքի տնտեսական, գիտատեխնիկական ռեսուրսներով: Ելնելով այս ամենից, Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաեւ ամբողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական եւ ֆինանսական կենտրոնը, դառնալով նոր Մետաքսի ճանապարհի այսպես կոչված դարպասը»:

Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ ԵՏՄ-ին պատրաստվում է անդամակցել Տաջիկստանը, Իսրայելն ու Չինաստանը պաշտոնական գործընկերներ են, Վիետնամի հետ առկա է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր, ակնկալվում է, որ առաջիկայում նման համաձայնագրեր կստորագրվեն նաեւ Սինգապուրի եւ Իսրայելի հետ, իսկ Հնդկաստանը, Իրանը, Եգիպտոսը եւ Հարավային Կորեան հետաքրքված են ԵՏՄ հետ համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է երեւանյան համաժողովին, ապա ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն կդառնա մշտական հարթակ նոր տնտեսական հնարավորությունների եւ ներդրումային ծրագրերի ստեղծման համար, որ նրա շուրջ կհամախմբվեն ներդրողներ, գործարարներ, գիտնականներ եւ կառավարության անդամներՙ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու եւ առավել համարձակ եւ առաջատար նորարարությունները կյանքի կոչելու համար:

Համաժողովներին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ԵՏՀ ինտեգրացիայի եւ մակրոտնտեսական հարցերով խորհրդի անդամ Տատյանա Վալովայան , ՌԴ Դաշնային Ժողովի դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովը , ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան , ՌԴ նախագահի խորհրդական Սերգել Գլազեւը , ՌԴ Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը , Ռազմավարական, քաղաքական անվտանգության եւ տնտեսական խորհրդատվության ինստիտուտի նախագահ Պետեր Ռոելը , Մոբիլիում Գլոբալ ընկերության հիմնադիր Ռալֆ Սայմոնը , Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ իբն Մանսուր իբն Նասեր իբն Աբդուլազիզ ալ Սաուդը, Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Քսյու Մինգքը եւ ուրիշներ: Համագործակցության պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ, իսկ համաժողովների հաջորդ օրերի ընթացքում տեղի են ունեցել կլոր սեղաններ, գործարար քննարկումներ եւ հանդիպումներ ԵՏՄ շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի առնչությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ