RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ԱՄՈԹԱԼԻ ՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3635, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԵՏՆԱԽՈՐՇԵՐՈՒՄՙ ԶԻՆՎՈՐՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

1988 թվականիցՙ արցախյան պատերազմի առաջին կրակոցից մինչ այսօր մեր զոհված տղաների մահվան բոթը խոր կսկիծով հայտնելուց, պետության կողմից նրանց հուղարկավորության ծախսերը կատարելուց բացի, ոչինչ չի արվում: Հենց տղաներին հողն ենք դնում, դրանով փակում ենք նրա կենսագրության էջերն էլ, տան դուռն էլ: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգել էր արցախյան պատերազմի մասնակից առաջին կարգի հաշմանդամների անվանացանկը թարմացնել: Պարզվել էՙ 90-ականների զինհաշմանդամների մեծ մասը մահացել էՙ այդպես էլ անհրաժեշտ բուժօգնություն չստանալով, աղքատության ու սովի մեջ: 2016 թվականին 1990-ականների վիրավորների հաշվառում են անում. նորմալ է, չէ՞: Իհարկե. նորմալ է նաեւ, երբ հազարից մեկ մի տեղից օգնություն, աջակցություն ցույց տալիս զոհվածի մորը հարցնում են. «Տղադ ապրիլյան պատրեզմի՞ն է զոհվել:... Ո՞չ. ուրեմն էս օգնությունից քեզ չի հասնում, որովհետեւ որդիդ 90-ականների զոհերից է»:

Արցախյան ազատմարտը բաժանվեց ապրիլյանի ու ոչ ապրիլյանի: Բայց մի հարցնող լինի. իբր ապրիլյան գործողությունների մասնակիցների, վիրավորների, զոհվածների ընտանիքների համար սարե՞ր եք շուռ տալիս: Ապրիլը բացեց մեր աչքերը. անսպասելի իրադարձություններն ավելի սրեցին սոցիալական այն խայտառակ պատկերը, որ խարանի պես դրոշմված է մեր գյուղերում: 104 զոհերից միայն մի քանիսի ընտանիքներն են քիչ թե շատ ապահովված, մյուսները ծայրահեղ չքանվորության են մատնված, վարկերի տակ կքած, բառացիորենՙ օրվա հացի կարոտ: Վիճակագրություն, սոցիալական իրադրության գնահատում, առողջական խնդիրների բարձրաձայնում. կենսական նշանակության այս հարցերը պետության հետաքրքրությունների կամ հոգածության տիրույթում չեն: Դրանք, որպես կանոն, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, սրտացավ մարդկանց ուշադրության կենտրոնում են միայն:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը պարբերաբար լինում է Հայաստանի մարզերում, թիրախավորում անապահով, խոցելի խմբերին, որոնց մեջ առաջին տեղում զոհված ու վիրավոր ազատամարտիկների եւ զորակոչիկների ընտանիքներն են: Նույն նպատակն է հետապնդում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպությունը: Նրանք տեսանկարահանում, լուսանկարում ու լուսաբանում են այդ ընտանիքների վիճակն ու փորձում բարերարներ գտնել, համոզել նրանցՙ հոգալ այս կամ այն զինվորի դեղորայքի, օրվա հացի խնդիրը:

Ազատամարտիկները կամավորության սկզբունքով են մեկնել Արցախ, զոհվել կամ վիրավորվել: Իսկ հայտնի է, որ կամավորներից բացի, 1992-ից սկսածՙ պետությունը զորակոչ է հայտարարել, 18 տարին լրացած տղաներին կտրել իր ընտանիքից, տնից ու բանակ տարել: Ու ի՞նչ է ստացվում. ով զոհվել կամ վիրավորվել է, պետությունը սկզբի կարճ ընթացքում որոշ աջակցություն է ցույց տվել, հետո մոռացության ու անտարբերության մատնել: Վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները պատմում են, որ վիրավոր զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար այն աստիճանի են ընկնում փաստաթղթային քաշքշուկների մեջ, որ հիասթափված հրաժարվում են կարգից էլ, պետության տված գրոշներից էլ: Ժողովուրդն ասում էՙ ցավը տիրոջն է տանջում: Նրանք իրենց ցավի ու ողբերգության հետ առանձնացածՙ համակերպվում են ճակատագրի հետ ու գոյություն քարշ տալիսՙ հույսները կտրած պետությունից էլ, ամենքից էլ:

1993 թվականին զորակոչված Ռոմիկ Արզումանյանը 23 տարի առաջ էր վիրավորվել, բեկորային վնասվածքներից նրա մարմնում սկսվել էին բորբոքային, թարախային պրոցեսներ: Անկողնուն գամվածՙ նա այդպես էլ լիարժեք բուժում չստացավ: Դեղորայքով օգնել են նրա մարտական ընկերները, բայց ինչքա՞ն օգնեին. չէ՞ որ հայտնի ճշմարտություն էՙ նմանն է նմանին օգնում, ձեռք մեկնում. Արցախում իսկապես կռվածներից շատերը ոչ բիզնես ունեն, ոչ պաշտոն, ոչ էլ հարստություն: Պատերազմի, մահվան ճիրաններում կռիվ տված մարդու համար փողն ու աթոռն արժեք չունեն:

Ռոմիկ Արզումանյանը մեկ շաբաթ առաջ է մահացելՙ սովի, ընչազրկության պայմաններում: Պատմում են, որ զառամյալ մորաքույրն էր նրան խնամում իր 39.000 դրամ թոշակով: «Շտապօգնությունը» 5000 դրամ է ուզել դին տանելու համար, դիահերձարանն էլ իր հերթին գումար պահանջել դին հարազատներին հանձնելու համար: Ծախսերը հոգացել են բարի ու սրտացավ մարդիկ: Ռոմիկ Արզումանյանի ողբերգական կյանքի ու մահվան պատմությունը կաթիլ է ծովի մեջ, կաթիլ, որի մեջ խեղդվելով գոյություն են քարշ տալիս իրենց առողջությունը, ապագան, կյանքը չգիտես ում ու ինչի համար նվիրած մեր տղաներն ու նրանց հարազատները: Մնում է ենթադրել, որ այս «նվիրել» բառը մեր իշխանությունները բառացի են հասկանում: Ի՞նչ է նշանակում նվիրել. ինչ-որ բան տալ, հանձնելՙ առանց շահադիտական նպատակների կամ փոխհատուցման ակնկալիքի: Այսինքնՙ եղբայր, նվիրիր ու փոխարենը ոչնչի մի սպասիր, ի՞նչ փոխհատուցում կամ ուշադրություն, ի՞նչ գնահատական ու հարգանք: Դու նվիրել ես, իսկ ինչ-որ բան նվիրելիս, եթե անգամ դա կյանք է, նվիրում են ու փասա-փուսան հավաքում-գնումՙ անհասցե, անհետ ու անանուն:

1992-ին թշնամու դեմ կռվելիս քաջաբար զոհվել է Մկրտիչ Մակարյանը: Գեներալներ Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը կվկայեն, թե մարմինները փոխանակելիս Մկրտիչի սխրանքի մասին ինչպիսի հիացմունքով է խոսել թուրք գնդապետը. «Այս տղան նռնակը քաշել է ու իր հետ տարել ադրբեջանցի 4 սպայի ու 2 զինվորի»:

Մկրտիչ Մակարյանի ընտանիքը 25 տարի մոռացության է մատնված. միայն ընկերներն են հիշում ու այցելում:

Եթե զոհվածի հարազատները բժշկական օգնության կամ այլ հարցերով դիմում են այս կամ այն հիմնարկությանը, արհամարհանքի են արժանանում: «Հերիք է աչքներս մտցնեք ձեր փաստաթղթերն ու մահվան վկայականները: Զզվեցրիք»,-պատասխանում են: Օրինակները բազմաթիվ են:

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն ապրիլյան քառօրյայի ժամանակ երեք զոհ է տվել: Արման Անդրեասյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է: Հիվանդ հայրը դիմել է «Գյումրի» բժշկական կենտրոն ու արժանացել արհամարհական վերաբերմունքի: Մյուս որդին հոգեբանական խնդիրներ է ունեցել, երբ տեսել է եղբոր խոշտանգված մարմինը: Կիսատված, կոտրված ընտանիք: Այս տղաների մահից հետո նրանց հարազատների կյանքն իսկական դժոխքի է վերածվել: Արման Անդրեասյանի մահվան վկայականում գրված էՙ զոհվել է ապրիլի 2-ին: Իրականում նա սխրանք է գործել, ինչպես Նորայր Գասպարյանը, որն 9 րոպեի փոխարեն 15 րոպե տանկով կռվել է թշնամու դեմ: Նրա մոխրացած մարմինն են հանձնել ծնողներին ու հետմահու տվել... վաստակավոր պարողի կոչում. Նորայրը պարուսույց էր: Նրա հորդորով էին ծնողները Ռուսաստանից եկել Հայաստանՙ Կապան: 20-ամյա տղան մտադրվել էր պարտքը հայրենիքի առաջ կատարելուց հետո լրջորեն զբաղվել պարարվեստով: Նորայրի ֆեյսբուքյան վերջին գրառումը եղել էՙ «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեքՙ եթե պետք լինի, գլուխս էլ կտամ ձեզ համար»:

Փաստաթղթերում մեր հերոսների մահվան հանգամանքները ճիշտ ու լիարժեք չեն նշվում, որպեսզի մի-երկու գրոշ ավելի չհատկացնեն նրանց հարազատներին: Արիության մեդալ. այս պարգեւն ըստ էության ոչ բարոյական, ոչ նյութական նշանակություն չունի:

Մեծ Մանթաշ գյուղից էր նաեւ Արգիշտի Գաբոյանը: Նրա հայրը 1988 թվականից կռվում է Օմարի լեռներում: Քառօրյայի ժամանակ կապիտան որդու հետ Թալիշում է եղել: Արգիշտին զոհվել է: Որդու քառասունքից անմիջապես հետո հայրը ստիպված է եղելՙ որպես պայմանագրային զինծառայող, դարձյալ մեկնել Օմար: Իսկ ի՞նչ աներ. ուրիշ աշխատանք չկա, իսկ կիսատված ընտանիքին պահել է պետք: Մինչդեռ մոտ երեսուն տարի Օմարում ծառայող, արդեն ոչ երիտասարդ, որդեկորույս հայրը վաղուց պետք է հանգստի անցած լիներ, մանավանդ որդու զոհվելուց հետո: Քառօրյայից հետո պարզվեց, որ Գաբոյանները տուն չունեն: 3 միլիոնից մի քիչ ավելի գումար է տրամադրվել, որ նրանք տուն գնեն: Հետաքրքրական էՙ մաթեմատիկական ո՞ր հաշվարկով է որոշվել, որ այդքան գումարով հնարավոր է տուն առնել կամ կառուցել:

Կարծես օրինաչափություն լինի. զոհվածների, վիրավորների ընտանիքները ոչ միայն ծայրաստիճան չքավոր են, այլեւ հարազատները ծանր հիվանդ կամ հաշմանդամ են: Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից էր Միշա Աղաջանյանը: Հայրն էլ, մայրն էլ ծանր հիվանդ են: Հաշմանդամություն ունեն նաեւ ապրիլին զոհված Մոնթե Եղոյանի ծնողները:

Մխիթարական չէ նաեւ պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց ընտանիքների վիճակը: Պատկան մարմինները պարբերաբար հայտարարում էին, թե վիրավորներից բոլորի կյանքը հաջողվել է փրկել: Այո՛, կյանքը փրկել են, մեր բժիշկները նրանց կյանքը փրկելու համար կյանքի ու մահվան միջեւ են պայքարել: Բայց ի՞նչ պատկեր ու համ ունի այդ կյանքը, երբ տղաները գամված են սայլակին կամ մահճակալին: Հետվիրահատական վերականգնողական փուլը եւս չափազանց կարեւոր է, փրկված կյանքի չափ կարեւոր: Բայց հենց զինվորական հոսպիտալում են վկայում, որ վերականգնողական բժշկությունը մեր երկրում հուսադրող հիմքերի վրա չի գտնվում: Խելագարվել կարելի է. մի երկիր, որը երկրաշարժ է տեսել ու ռիսկային գոտի է համարվում, մի երկիր, որն այսօր էլ պատերազմում է, ամենեւին էլ գերազանց տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, որ հենց այդպիսի երկրին է անհրաժեշտ ունենալ վերականգնողական զարգացած բժշկություն: Երկրաշարժից հազարավոր հաշմանդամներ ունեցանք, արցախյան պատերազմի պատճառով մեր տղաները հաշմանդամ են դառնում: Այնպիսի տպավություն է, կարծես հայաստանյան բժշկության գերնպատակը սա էՙ մարդը շնչում է, ուրեմն հերիք է, մեր արածն արել ենք ու այդքանով պրծել:

Պատերազմում կա՛մ պետք է զոհվել, կա՛մ պատերազմից վերադառնալ լիովին առողջ: Վիրավորների գլխավոր մեղքն այն է, որ չեն զոհվել: Նրանք այս համոզմունքին են հանգում, երբ բախվում են քայլակ կամ սայլակ ձեռք բերելու, դեղորայք ու հիմնավոր բուժում, վիրահատություններ ստանալու խնդիրներին: Իսկ քանի որ դրանք հնարավոր է լուծել միայն փողով, այ այստեղ անիվը կանգ է առնում ու սկսում հակառակ պտտվելՙ խորտակելով մարդկային կյանքերըՙ երիտասարդ ու կյանքով լի կյանքերը:

Այս տղաներն իրենց ընտանիքի աշխատող ձեռքը պիտի լինեին, իրենց ծնողների նեցուկն ու ապավենը, ուրախությունն ու օջախի ծուխը: Այս տղաները ծնվել ու ապրել են աղքատության մեջ: Նրանց ծնողներն իրենց հետ մեծ հույսեր են կապելՙ որդիս կմեծանա, ուսում կառնի, կաշխատի, իրեն էլ, մեզ էլ կհանի աղքատության ու ծանր կյանքի ճիրաններից: Բայց արի ու տես, որ աղքատությունն իր մագիլներն այս ընտանիքներում ավելի խոր խրեց: Դժվարությամբ պահած-փայփայած տղաներին հեշտությամբ պոկեցին իրենց աղքատ օջախից ու չարքաշ ծնողներից. նույնքան հեշտությամբՙ մեկ վայրկյանում նրանք զոհվեցին կամ հաշմվեցին:

Արցախյան պատերազմի ոչ մի վայրկյանը դաս չեղավ մեզ: Այս ընտանիքների խնդիրները ծանրացած են մի ամբողջ ազգի ուսերին ու բոլոր իշխանությունների խղճին: Մեկ-երկու բարերարով կամ սրտացավ մարդկանց ու կազմակերպությունների աջակցությամբ այս տիեզերաչափ խնդիրները չեն լուծվի: Համակարգված, գրագետ կառավարման բացակայությունը դեռ շատ չարիք ու ողբերգություններ է ծնելու: Վերջը մի օր կերեւա՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ