RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3373, Տպվել է` 425, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԵԿ-Ն ԱՎԵԼԻ ՇՈՒՏ Է ՄԱՀԱՑԵԼ, ՔԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Հ. ԱՖՅԱՆ

«Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն դեմք, կաթի փոշու հայտնի սիրահար Հովհաննես Մարգարյանն անցյալ երեքշաբթի օրը ԱԺ-ում մասնակցել է մի ուշագրավ միջոցառման. թաղել են Ընտրական օրենսգիրքը: Միջոցառումն անցել է առանց ավելորդ հուզմունքի, ոչ ոք չի լացել, համենայնդեպսՙ բարձրաձայն, միայն խոսել են: Անձամբ Հովհաննես Մարգարյանը խոսել է մահվան մասին: Ըստ Մարգարյանի, մահը մարդ է առանց հոգու: Ճիշտ է, Մարգարյանն ասել էՙ «Մահըՙ դա մարդ է առանց հոգու», բայց «դա» բառը հանում ենք, քանի որ այդպես հայեցի չէ եւ վայել չէ ԱԺ պատգամավորին: Կարեւոր էլ չէ: Կարեւորը մահի «մարգարյանական սահմանումն» է, ուրեմն մարդն առանց հոգու մահն է: Հոգին էլ հավանաբար վերածնվում է, դրանից անմիջապես հետո մտնում «Հայկական վերածնունդ» կուսակցություն եւ արդեն հավերժության գրկում պայքարում երկրում, հասարակության մեջ կարգ ու կանոնի, օրենքի, արդարության, բարոյականության հաստատման համար, անմիջապես ցույց տալով անբարոյականությունը եւ մերկացնելով անբարոյականներին:

Համենայնդեպս հոգին մի բան պետք է անի, հո չի՞ անհետանալու, իսկ որպեսզի մի բան անի, պետք է վերածնվի: Բուդդիստներն, օրինակ, ասում են, որ հոգին վերածնվում է որեւէ կենդանու մեջ, ասենքՙ նախկին կյանքում մարդ էր, վերածնվելուց հետո դառնում է բադ, բայց մենք բուդդիստ չենք, ոչ էլ բադիստ. մեր մարդկանց հոգին էլի վերածնվում է մարդու մեջ, ասենքՙ առաջ Սարգիսն էր, հիմաՙ Մուրադը, կամ հակառակը: Լինում են, իհարկե, ավելի դաժան դեպքեր, երբ նախկին Սարգիսը դառնում է Անահիտ, կամ հակառակը, բայց դա Աստծու չարաճճիություններն են, մենք ո՞վ ենք, որ քննենք:

Կարեւորն այստեղ տրամաբանությունն է. մենք վերջապես հասկացանք, կամ գոնե մոտ ենք հասկանալու, թե ինչպե՞ս են համալրում «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերը, իսկ համալրում են հոգիներով: Ենթադրենք Հովհաննես Մարգարյանի հայրենի Գյումրիում, որտեղ «Հայկական վերածնունդ»-ն, ի դեպ, երրորդ տեղը գրավեց եւ բրոնզե մեդալների արժանացավ ՏԻՄ վերջին ընտրություններում, «Հայկական վերածնունդ»-ին համալրել են տասը հոգի, շեշտում եմՙ հոգի, վերածնվելուց հետո, իհարկե, կամՙ գուցե վերածնվելուց հետո, Աստված գիտի:

Բայց ինչո՞ւ է պարոն Մարգարյանը հանկարծ հիշել մահվան մասին եւ ակամայից մեզ հուշել իրենց կուսակցության աճող թվաքանակի գաղտնիքը: Բանն այն է, որ մարդը խոսել է նոր Ընտրական օրենսգրքից, նշելով, որ մահն առանց հոգու մարդն է, իսկ մահացած Ընտրական օրենսգիրքըՙ առանց Սահմանադրության հոգու օրենսգիրքն է: Այս տրամաբանությամբ, դժվար է ասել, թե ի՞նչ է «Հայկական վերածնունդը», երբ մենք հստակ գիտեինք, որ ՕԵԿ-ը բարոյական քաղաքական ուժ է եւ այն այլեւս չկա, մահացել է, բայց կարիք չկա ծանրաբեռնվել նման փիլիսոփայական մտքերով: Կարեւորը հասկացանք, հոգին վերածնվող առանձնահատկություն ունի, պարզապես բուդդիստների մոտ այն կարող է բադի մեջ վերածնվել, օրինակ, իսկ մեր պարագայում անպայման մարդու, ով պարտադիր մասն է կազմում հայկական ընդհանուր վերածննդին:

Կուսակցությունների մոտ էլ է այսպես: Ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ կուսակցությունները լինում են հիմնականում երեք տեսակի, լիբերալ, սոցիալիստական եւ պահպանողական: Հայաստանում դրանք լինում են երկու տեսակիՙ մեռած եւ կենդանի: Մեռած կուսակցությունն, ինչպես հասկացանք, առանց հոգու կուսակցությունն է, որի հոգին վերածնվոմ է մեկ այլ կուսակցության ներսում: Նույն ՕԵԿ-ն, առանց հոգուՙ մեռած կուսակցություն է, քանի որ նրա հոգին վերածնվել է «Հայկական վերածնունդ»-ի մեջ...

Բայց թողենք այս փիլիսոփայությունը, նախ այն առանձին եւ շատ հարգի մասնագիտություն է, երկրորդըՙ Հովհաննես Մարգարյանի հետ, ինչպես հասկանում ենք, առհասարակ կապ չունի: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, որն, ինչպես վկայում է Հովհաննես Մարգարյանը, մահացած է, ապա «Հայկական վերածնունդ» կուսակցության «Ռաֆաել-Միքելանջելո» կենտրոնը հայտարարում է, որ իր կադրերի բազայում առկա բազմաթիվ օրինագծերի հոգիներից մեկը, ավելի կոնկրետՙ հին Սահմանադրության հոգին կարող են տրամադրել համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք այդ հոգին մխրճեն ԸՕ-ի մեջ: Դրանից հետո ԸՕ-ն կունենա Սահմանադրության հոգի, հիմա հին է, բայց դե ինչ արած, հո նոր Սահմանադրության հոգին չե՞նք տալու, չէ՞ որ եթե ինչ-որ բան հոգի չունի, ուրեմն մահացած է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ