RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2641, Տպվել է` 197, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՏՈՆ ԱՆՏԵՍՎԵՑ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

«Գլադիատորների մարտ» հիշեցնող Թրամփ - Քլինթոն ընտրապայքարը մոտենում է եզրագծին: Այս աննախադեպ, բոլոր առումներովՙ կատաղի մրցակցությունը այնքան է կլանել ամերիկյան երկատված ընտրազանգվածի եւ լրատվության ուշադրությունը, որ հաճախ ստվերում են մնում հընթացս տեղի ունեցող քաղաքական նշանակալի այլ իրադարձություններ, որոնցից էր, օրինակ, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ընդունած սենսացիոն մի օրենք: Այն թույլատրում է 9/11 ահաբեկչության զոհերի ընտանիքներին դատական պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիային, քանզիՙ օդահեն 19 ահաբեկիչներից 15-ը եղել են այդ երկրի քաղաքացիներ եւ ամերիկացիներից շատերը համոզված են, որ Էր Ռիադն է եղել շուրջ երեք հազար ամերիկացիների կյանք խլած աննախադեպ այդ ահաբեկչության հովանավորը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Օբաման վետո դրեց Կոնգրեսի այս որոշման վրա, ինչին հետեւեց ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գրեթե միաձայն քվեարկությամբ նախագահական վետոյի անտեսումը (override), ի դեպՙ առաջին անգամ Օբամայի նախագահության 8 տարիների ընթացքում: Օրենքի նախագծի հեղինակներն են սենատորներՙ Ջոն Քորնայնը եւ, հայերիս համար քաջածանոթ անուն, Չաք Շումերը: Այս օրենքը կյանքի կոչելու նրանց տեւական ջանքերը այս տարի համընկավ սեպտեմբերյան ահաբեկչության տասնհինգերորդ տարելիցի ոգեկոչմանը: Այն կոչվում է «Արդարադատություն ընդդեմ ահաբեկչական գործողության հովանավորների» (JASTA), որով, փաստորեն, փոփոխություն է մտցվում «Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին» 1976թ-ին ընդունված ակտում:

Օրենքն առաջնորդվում է Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքով, համաձայն որիՙ եթե դատարանն ունենա բավարար ապացույցներ, որ Սաուդյան Արաբիան մեղսակից է եղել սեպտեմբերի 11-ին Ամերիկայում կատարված ահաբեկչության մեջ, ապա այդ երկիրը միլիոնավոր դոլարներ պետք է վճարի տուժած ընտանիքներին: Մի քանի ընտանիքների հայցերն արդեն գտնվում են վարույթում:

Սաուդյան Արաբիան խիստ մտահոգություն հայտնվեց օրենքի ընդունման կապակցությամբ եւ սպառնաց, որ այն անհետեւանք չի մնա: Ընդունված օրենքի մասին գորշ կանխատեսումներ կան նաեւ ամերիկյան որոշ իրավագետների շրջանում, որոնք կիսում են նախագահ Օբամայի հնչեցրած տագնապն առ այն, թե այսպիսով վտանգի տակ կդրվի Բահրեյնում եւ Արաբական Էմիրություններում գործող ամերիկյան ռազմաբազաների եւ զինվորականների անվտանգությունը եւ, որ ամենակարեւորն է, օտարերկրյա քաղաքացիներն իրենց հերթին նույնպես կարող են դատի տալ Միացյալ Նահանգներին: Սենատոր Չաք Շումերն այս առիթով հայտնեց, որ սաուդցիների ճնշման տակ օրենքում չպետք է փոխվի ոչ մի կետ, փոխարենըՙ ավելի պետք է ուժեղացվի արտերկրում ամերիկյան զինծառայողների եւ դիվանագետների անվտանգությունը: Նրա կարծիքով, եթե նախագահի վետոն անցներ, ապա իր անպատժելիության մեջ համոզված, Սաուդյան Արաբիան նույն մասշտաբի ահաբեկչություն ապագայում նորից կիրագործի:

Ինքնին հարց է առաջանում: Եթե, ըստ ամերիկյան օրենսդիրների, Սաուդյան Արաբիան էր մեղավոր 9/11 ողբերգության կազմակերպման մեջ, ինչո՞ւ, ապա, 2003-ին ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք եւ վերածեցին այն դժոխքի, ներառելովՙ ողջ Միջին Արեւելքը: Այժմ դուռ է բացվում այդ երկրների քաղաքացիների համար ապագայում դատի տալ Միացյալ Նահանգներին եւ միջինարեւելյան արհավիրքի մեջ հանցակցություն ունեցած այլ երկրներին իրենց ոտնահարված իրավունքների, զրկանքների եւ կրած տառապանքների համար: Եվ այդ օրը վաղ թե ուշ գալու է: Այս մասին էր զգուշացնում Օբամայի վետոն...

Ի դեպ, JASTA-ն խիստ մտահոգել էր նաեւ Էրդողանին, ով իր հերթին դատապարտեց ամերիկյան օրենսդիրների որոշումըՙ անվանելով այն «սխալ քայլ, ինչը պետք է անմիջապես շտկվի»: Ընդդեմ Թուրքիայի ներկայումս բազմաթիվ դատական գործեր են ընթացքի մեջ, որոնցից միայն հայ հայցվորների դիմումները հասնում են մի քանի տասնյակի:

Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրությունների ելքից պայմանավորված կլինեն այսօր «ձայն բարբառոյ» հնչող շատ հարցերի պատասխաններ: Նոյեմբերի 8-ից հետո, արդյոք, ինչպիսի՞ Ամերիկայում կզարթնենք, Թրամփի՞, թե՞ կրկին Քլինթոնի, ցույց կտա նոյեմբերին կայանալիք ամերիկացիների կամարտահայտման արդյունքը: Ինչպես այս օրերին շրջանառվող հումորն է ասում. «Ասեք ինչ Ամերիկա կունենանք ընտրություններից հետո, կասեմ ինչպիսին կլինի Աշխարհը առաջիկա չորս (կամՙ 8) տարիների ընթացքում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ