RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2698, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՆՈՐԱԾԻՆ» «ԴԵՖՈԼՏԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որպես կանոն, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ բան է ասում` նպատակը իր նկատմամբ հերթական անգամ ուշադրություն հրավիրելն է լինում: Ընդ որում, ամենեւին էլ կապ չունի նրա ասածի մեջ կա՞ն փաստեր, տրամաբանություն, լրջություն: Երկրի առաջին նախագահը լինելու հանգամանքը, անկախ նրա թողած տխուր ժառանգությունից եւ հիշողություններից, քննարկումների առիթ է դառնում: Այս անգամ Հայաստանի առաջին նախագահ եղած անձը հանդես է եկել հերթական չարագուշակ «կանխատեսմամբ»ՙ «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ «բարեհունչ» անվան տակ»:

Նրանք ովքեր չեն հիշում, արժե տեղեկացնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին հաճախ է զբաղվել մեր երկրի համար մռայլ ապագայի կանխատեսմամբ: Կանխատեսումների այն մասը, որ արվել է նրա կառավարման տարիներին, իսկապես իրականություն էին դառնում: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթների մասին էր, որտեղ նա ժողովրդին մշտապես խոստանում էր, որ ...ավելի վատ է լինելու: Եվ իրոք, այդպես էլ լինում էր: Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, որոնք նա անում էր արդեն ոչ նախագահ եղած ժամանակ, ապա դրանք որպես կանոն իրականություն չէին դառնում: Կասկածողները կարող են մեկ անգամ եւս ընթերցել նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախաբանն էր, եւ համոզվեն դրանում:

Ինչ մնում է նրա ներկայիս «դեֆոլտ»-ին:

Այն, որ առաջին նախագահը առանձնապես լավ պատկերացում չունի տնտեսության եւ տնտեսական քաղաքականության մասին, երեւում էր ոչ միայն նրա նախագահության ժամանակ Հայաստանի տնտեսական փլուզումից եւ բնակչության համատարած աղքատացումից, այլեւ նրա ելույթներից: Բացառություն չէ նաեւ նրա «նորածին» «դեֆոլտը»:

Առաջինըՙ ոչ մի հիմնավորում, թե ինչո՞ւ է Հայաստանին դեֆոլտ սպառնում, ոչ մի տնտեսական ցուցանիշ, ոչ մի փաստարկ, որոնք կվկայեն այդ մասին եւ որոնք կհամարվեն հիմնավորում դեֆոլտի համար: Պարզապես հերթական դեկլարատիվ, պարզունակ, ամբոխահաճո հայտարարությունՙ երկրի համար բացասական վարկանիշ տարածելու նպատակով: Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը հիմնավորումներ չի ներկայացրել: Որեւէ կասկած կա՞, որ փաստարկներ լինելու դեպքում նա չէր վարանի «հաղթական» տեսքով հայտարարել այդ մասին, եթե առանց դրանց լինելու է հայտարարում դեֆոլտի սպառնալիքի մասին:

Երկրորդըՙ խոսելով «դեֆոլտի» մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ի՞նչ է դա իրականում: Պատճառը կա՛մ այն է, որ ինքն էլ չգիտի, թե դա ի՞նչ է, կա՛մ էլ գիտի, բայց եթե ասեր, ապա ստիպված կլիներ հիմնավորել, որն, ինչպես արդեն նշեցինք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես կանոն, չի կարողանում անել:

Չնմանվելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ, հիշեցնենք, թե ի՞նչ է նշանակում դեֆոլտ: Դա այն է, երբ պետությունը հայտարարում է, որ ի վիճակի չի սպասարկել իր պարտքային պարտավորությունները: Թեեւ արտաքին պարտքը վերջին տարիներին ավելացել է եւ մոտեցել ՀՆԱ-ի 50 տոկոսին, բայց դա ռիսկային համարվելու սահմանն է դեռեւս: Այս մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Որտե՞ղ է հասել Հայաստանի արտաքին պարտքը», «Ազգ», 14.10.2016թ.): Բացի դրանից, Հայաստանն ունի բավարար միջոցներ արտաքին պարտքի մարումները կատարելու համար, ինչպես նաեւ տնտեսական, թեկուզ ցածր, բայցՙ աճ: Կա խնդիր արտաքին պարտքային բեռը նվազեցնելու եւ արդյունավետ կառավարում իրականացնելու, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ մեզ տնտեսական աղետ է սպառնում: Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշեցնենք, որ, իրականում, այնպիսի տնտեսական աղետ, ինչպիսին իր կառավարման տարիներին էր, դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը չի ունեցելՙ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ:

Վերադառնալով դեֆոլտին, նշենք, որ անգամ այնպիսի ողբալի տնտեսական վիճակում գտնվող երկիր, ինչպիսին հետմայդանական Ուկրաինան է, չի հայտարարում դրա մասին, չնայած չի կարողանում վճարել Ռուսաստանին ունեցած մոտ 3 մլրդ դոլար պետական պարտքը: Հետեւաբար, տնտեսության մասին սեփական, մեղմ ասած, անտեղյակությունը հերթական անգամ ի ցույց դնելուց կամ երկրին վնասելու անհագ ցանկությունը բավարարելուց առաջ, այս հրապարակման մեջ հիշատակված անձը թող փորձի երբեմն մտածել դրա նպատակահարմարության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ