RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ՀԵՏԱՀԱՅԱՑ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3275, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԴԱՅԻՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱՀՎԻՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բելգիացի մի ընկերուհուց վերջերս ստացածս նվերըՙ 2016-ին, Շվեյցարիայում հրատարակված լուսանկարչական ալբոմը, ավելի քան հաճելի անակնկալ էր: Լեւոն Նորդիկյանի եւ Մարկ-Անտուան Կեսերի հեղինակած «Փոքր Ասիայից Լեւանտի երկինք. Անտուան Պուադըբարՙ հետազոտող եւ օդային հնագիտության ռահվիրան» վերնագրված ֆրանսերեն ալբոմը ոչ միայն ինքնին հետաքրքրական էր որպես պատմական վավերագրություն, այլեւ, առաջին հերթին, ինձ գրավեց հայության հետ ունեցած իր առնչությամբ... Սա Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի լիբանանյան նախապատմության թանգարանի տնօրեն, մեր հայրենակից Լեւոն Նորդիկյանի երկրորդ գիրքն է Պուադըբարի մասին. առաջինըՙ «Օդային հնագիտության ակունքներում. Ա. Պուադըբար», լույս է տեսել 2000-ին, Բեյրութում (հեղինակակիցՙ Ժան-Ֆրանսուա Սալ):

Ֆրանսիացի հնագետ, լուսանկարիչ, ճիզվիտ քարոզիչ, երկու աշխարհամարտերի միջեւ եղած ժամանակաշրջանում Լեւանտում ֆրանսիական ավիացիայի օդաչու Անտուան Պուադըբարը (1878-1955) ծնվել է Լիոնում, վախճանվել Բեյրութում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռվել է գերմանացիների դեմ Լոթարինգիայում, այնուհետեւ կապիտանի աստիճանով ֆրանսիական ռազմական առաքելության կազմում մեկնելով Կովկասՙ որոշ ժամանակ գործել է Հայաստանի Հանրապետությունում: 1924-ից աշխատել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում, որտեղ մասնակցել է Եղեռնից փախստական հայերին ցուցաբերվող աշխատանքներին...

Այդ պաշտոնում եղած ժամանակ մի անգամ Փարիզի Աշխարհագրական ընկերությունը նրան առաջարկել է որոնել ջրային կետեր եւ կորած խողովակաշարեր Սիրիայի հյուսիսում: 1925-ին սիրիական անապատի վրայով օդանավով թռչելիս Պուադըբարը մայրամուտի կարմիր լույսի ներքո գետնի վրա հայտնաբերել է երկրաչափական պատկերներ բացահայտող նեղ գծագրություններ: Այս դիտարկմամբ նա դարձել է առաջին հայտնի օդային հետազոտողը, որը հնարավորություն է տվել օդուժի տեխնիկական միջոցների օգտագործմամբ բացահայտել հին հռոմեական պաշտպանական գծերըՙ լիմեսները: Այդպիսով ծնունդ է առել օդային հնագիտությունը: Շարունակելով իր հետազոտությունըՙ մինչեւ 1932 թվականը նա տարորոշել է լիմեսների տեղադրությունըՙ Պալմիրայից մինչեւ Տիգրիս գետը: Այնուհետեւ, մինչեւ 1942 թվականը Պուադըբարը բացահայտել է հռոմեական պաշտպանական գծերը Եփրատ եւ Որոնտես գետերի միջեւ: Արդյունքում նա 250 թռիչքների ընթացքում օդում անցկացրել է 550 ժամ, որոնց ժամանակ կատարել է հազարավոր լուսանկարահանումներ...

Անդրադառնանք Պուադըբերիՙ հայության հետ ունեցած առնչություններին: «Փոքր Ասիայից Լեւանտի երկինք» հատորը բացվում է Արարատ լեռան պատկերով, լուսանկարված Արարատյան դաշտից, աջ կողմում կադր է մուտք գործում շոգեքարշը: Ֆրանսիայի ճիզվիտական կազմակերպությունը դեռեւս 1881-ին հիմնել էր «Առաքելություն Հայաստան» խումբը, որի կազմում էլ Պուադըբարը, ինչպես նշվեց, 1904-ին մեկնել է Օսմանյան կայսրություն եւ գործել Թոքաթի, Սվազի, Ամասիայի, Մարզվանի, Կեսարիայի եւ Ադանայի կաթոլիկ հայերի շրջանումՙ փորձելով նրանց կապել Հռոմի հետ: Մասնավորապես Թոքաթում ֆրանսիացի ճիզվիտները հիմնել են դպրոց եւ հիվանդանոց, որոնք բաց են եղել բոլոր ազգությունների համար: Թոքաթում էլ Պուադըբարը, սկսած 1905 թվականից, սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, որը նրա համար ժամանց չէր, այլ գիտական եւ փաստագրական առաքելություն: Պուադըբարի լուսանկարները տպագրվել են «Միսիոն կաթոլիկ» եւ այլ եվրոպական կրոնական հանդեսներումՙ եվրոպացիներին ծանոթացնելով հեռավոր եւ չբացահայտված երկրների ու ժողովուրդների հետ... Ներկայացվող գրքի «Պուադըբարը «Առաքելություն Հայաստանում» գլխին (հեղինակՙ Լեւոն Նորդիկյան) հետեւում են հիմնականում տղամարդիկ եւ երեխաներ պատկերող լուսանկարներ, որոնք, չնայած վկայությունների բացակայությանը, անկասկած, հայեր են: Հատկապես ուշագրավ է նվագածուների եռյակ, գորգ գործող կանանց եւ զինվորական հագուստներով տղամարդկանց պատկերող լուսանկարները...

Հաջորդ գլուխը վերնագրված է «Պարսկաստանի ճանապարհներից դեպի վաղանցիկ Հայաստանի Հանրապետությունը», հեղինակը դարձյալ Լեւոն Նորդիկյանն է: Մի քանի տարվա ընդմիջումից հետո ֆրանսիական բանակում մարտնչող Պուադըբարին վիճակված էր կրկին առնչվել հայ ժողովրդի հետ այս անգամ Արեւելյան Հայաստանում: Երբ Գերմանիան ճակատ է բացել Կովկասում, 1917-ին Պուադըբարը գեներալ Մաքսիմ Վեյգանի կողմից նշանակվել է Կովկասում ֆրանսիական ռազմական առաքելության անդամ: «Պուադըբարը Հայաստանի Հանրապետությունում (1918-1920)» ենթագլուխը ներկայացնում է այն պատմական միջավայրը, որի պայմաններում ծնունդ առավ հայկական պետականությունը, հիշատակվում են նրա գոյության ընթացքում առկա խնդիրները, հիշվում է 1915-ի ցեղասպանությունը, թե ինչպես Անտանտը ցանկացել է աջակցել Հայաստանին եւ մյուս նորանկախ հանրապետություններինՙ ընդդեմ բոլշեւիզմի եւ այլն... Ահա այդ դժվարին տարիներին Պուադըբարը երեք տարի գործել է Հայաստանումՙ աշխատելով սպա եւ թարգման, քանի որ տիրապետել է հայերենին ու թուրքերենին: Գեներալ Նազարբեկյանի, վարչապետ Խատիսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ի հետ նա մասնակցել է տարբեր պայմանագրերի կնքմանը: Նորդիկյանը վկայում է, որ Պուադըբարը մեծ ժողովրդականություն է վայելել հայ բնակչության շրջանում: Այս գլխին հաջորդող որոշ լուսանկարներում ճանաչելի են Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանի Երեւանի աղքատիկ համայնապատկերըՙ Արարատի խորապատկերով, Էջմիածնի Մայր տաճարը, գեներալ Անդրանիկը Մայր տաճարի բակում, զինվորականներ, նաեւ ենթադրյալ հարսանեկան մի լուսանկար, որտեղ հայկական տարազներով կանանց եւ չերքեզկաներով տղամարդկանց կողքին անսովոր է թվում գրեթե ժամանակակից տեսք ունեցող աղջնակըՙ ճերմակ կարճ շրջազգեստով, գլխին կապած ժապավենով եւ բաց ոտքերով...

Գրքի մնացյալ մասում Միջին Արեւելքում Անտուան Պուադըբարի կատարած լուսանկարներն ենՙ սիրիական, լիբանանյան բնանկարներ, տարբեր ազգությունների մարդիկ, անապատի, ծովի տեսարաններ, օդանավից կատարված լուսանկարներ, հատկապեսՙ մեծ տարածություններ ընդգրկող լանդշաֆտներ, որոնց ուսումնասիրումն առատ նյութ կտա լուսանկարչության պատմությամբ եւ տեսությամբ զբաղվողներին, պատմաբաններին, հնագետներին, ազգագրագետներին...

Հիշենք, որ ողջ կյանքում Պուադըբարն ակտիվորեն աշխատակցել է գիտական մամուլին, հրատարակել գրքեր: Դեռեւս 1919-ին Փարիզի «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել Անտուան Պուադըբարի «Հեծելազորային հոգեւորականի ուղեգրությունը. Հայաստանից մինչեւ ֆրանսիական ճակատ. 1914, մայիս-1917, դեկտեմբեր» գիրքը: Հայ իրականությանն էին վերաբերում նաեւ նրա «Հայերի ռազմական դերը կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի դասալքությունից հետո» (1920), «Փարիզից կովկասյան ռազմաճակատ Միջագետքով եւ Պարսկաստանով» (1920), «Կովկասի պատմությունը պատերազմից առաջ եւ հետո. ականատեսի նոթեր» (1922), «Ուղեւորություններ. Պարսկաստանի խաչմերուկներում» (1923) գրքերը: Փարիզի «Ռեւյու դեզ էտյուդ արմենիեն» հայագիտական հանդեսում հրատարակել է «Անդրկովկասը եւ Արեւելյան Հայաստանը դիվանագիտական փաստաթղթերում Բրեստ-Լիտովսկի դաշնագրից մինչեւ Կարսի պայմանագիր» (1924, հատոր 4) եւ «Հայկական հնագույն ասեղնագործությունը» (1929, հատոր 9) հոդվածները, իսկ «Կարմիր խաչի միջազգային հանդեսում»ՙ «Ֆրանսիական առաքելությունը Բեյրութի հայկական ճամբարներում» (1926, թիվ 85) հաղորդումը: Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի Արեւելյան գրադարանում պահվող նրա հարուստ արխիվն ընդգրկում է փաստաթղթեր, մոտ տաս հազար լուսանկար, որոնց պահպանման գործին, ի դեպ, աջակցել է նաեւ Բրյուսելի Պողոսյան հիմնադրամը:

Մեզՙ հայերիս, անհրաժեշտ է պաշտոնապես, պետական մակարդակով կապ հաստատել Սեն Ժոզեֆ համալսարանի գրադարանի հետ եւ ձեռք բերել Պուադըբարիՙ Հայաստանում կատարած եւ հայությանը վերաբերող լուսանկարների, ինչպես նաեւ այլ նյութերի պատճենները, ինչը, վստահաբար, մեծապես կհարստացնի մեր իմացությունը 1905-1920 թվականների հայության զույգ հատվածների կյանքի, կենցաղի եւ պատմության վերաբերյալ...

Նկար 1. Անտուան

Նկար 2. Պուադըբար «Թոքաթի հայ դպրոցականները», 1906, լուսանկարըՙ Անտուան Պուադըբարի (Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի Արեւելյան գրադարան)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ