RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2324, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ «ՍՏՈՒԳԻՉ» ՔԱՅԼԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ, Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Թուրքական Haberler.com լրատվական կայքի շարադրանքի համաձայն, ուրվագծվում է հետեւյալ պատկերը: Ստրասբուրգում ՀԽԽՎ նիստում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Միլլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի հարցին ի պատասխան Չավուշօղլուն ասել է (ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների) հետեւյալը. «Ռուսաստանը մեզ հայտնեց այդ գաղափարը, իսկ մենք հավանություն տվեցինք: Մենք զգալի ջանքեր գործադրեցինք Ղարաբաղյան խնդրի լուծման համար: Շատ բան արեցինք նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Նույնիսկ համաձայնագիր ստորագրեցինք Շվեյցարիայում, բայց դա արդյունք չտվեց: Այսօր Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանը առաջ են քաշել որոշ կառուցողական առաջարկություններ: Օրակարգում է առնվազն հինգ գրավյալ շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ռուսաստանը հայտնեց այդ առաջարկությունը, իսկ Թուրքիան պաշտպանեց այն: Դա քննարկեցինք նաեւ արդբեջանական կողմի հետ: Եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք կպաշտպանենք Ադրբեջանի ամեն մի որոշում: Մենք ուզում ենք հարաբերությունների կարգավորում նաեւ Հայաստանի հետ: Եթե այդ խնդիրը լուծվի, ապա, ենթադրում ենք, որ Ադրբեջանը եւս դա կուզենա: Հարավային Կովկասում ինչո՞ւ պետք է լինի նման սպառնալիք, նման խնդիր: Ինչո՞ւ այն չի լուծվում, Մինսկի խումբը եւս պետք է գործի դնի բոլոր ջանքերը»:

Նախ եւ առաջ նշենք, որ, ցավոք, մեզ չհաջողվեց գտնել այդ հայտարարության բնագիրը, ինչը որոշակի կարեւորություն ունի, քանզի տարբեր գործակալությունների շարադրանքներում Չավուշօղլուի խոսքերը տրվում են այլազան խմբագրություններով եւ իմաստային շեշտադրումներով: Այսպես, ԸկԸ-ի եվրոպական թղթակից Ֆուադ Գուլուբեյլին փոքր-ինչ այլ կերպ է մեջբերում Չավուշօղլուին. «Գրավյալ ադրբեջանական տարածքներից, մանավանդ 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հարցը վերջերս օրակարգում է: Ռուսաստանը մեզ հետ կիսեց այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունը հայտնեցինք: Մենք օժանդակում ենք Ադրբեջանի շահերին համապատասխանող ամեն մի կարգավորում: Բացի դրանից, ուզում ենք, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորվեն: Ինչո՞ւ շարունակել օկուպացիան: Մենք անկեղծորեն ջանացել ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նաեւ ջանքեր ենք գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, համաձայնագիր ենք ստորագրել Շվեյցարիայում, բայց դա հաջող ավարտ չի ունեցել»:

Այսպիսով, եթե նկատի ունենանք Ադրբեջանին հինգ շրջան հանձնելու գաղափարը, ապա մի դեպքում Չավուշօղլուին վերագրվում է հետեւյալը. «Ռուսաստանը մեզ հայտնեց այդ գաղափարը, իսկ մենք հավանություն տվեցինք... Դա քննարկեցինք նաեւ ադրբեջանական կողմի հետ»: Մեկ այլ դեպքում տվյալ նախաձեռնությունն ամբողջովին վերագրվում է Թուրքիային, իսկ «Ռուսաստանը մեզ հետ (այսինքն Թուրքիայի- Ս.Տ.) կիսեց այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունը հայտնեցինք»: Առաջին դեպքում Անկարան հասկացնում է, որ Մոսկվան Անկարայի հետ խորհրդակցում է Ղարաբաղյան կարգավորման խնդիրների առնչությամբ, այդ ուղղությամբ կազմակերպում ինչ-որ տեղեկության «արտահոսք», ինչը հետո իբր դառնում է թուրք-ադրբեջանական քննարկումների առարկա:

Երկրորդ դեպքում պարզվում է, որ Թուրքիան հանդես է գալիս որպես ԼՂ հակամարտության կարգավորման զանազան սցենարների հեղինակ, իսկ Ռուսաստանը իբրեւ միջնորդ է հանդես գալիս դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ Բաքվին փոխանցելու հարցում:

Այնուհետեւ: Երկու դեպքում էլ թուրք-հայկական հարաբերությունների վերաբերյալ Չավուշօղլուի ասածները հնչում են գրեթե միատեսակ. «Մենք զգալի ջանքեր գործադրեցինք Ղարաբաղյան խնդրի լուծման համար: Շատ բան արեցինք նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Նույնիսկ համաձայնագիր ստորագրեցինք Շվեյցարիայում, բայց դա արդյունք չտվեց»:

Իրոք, 2009-ի աշնանը Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրեցին այսպես կոչված արձանագրություններ, որոնք նախատեսում էին Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորում եւ սահմանների բացում: Այդ փաստաթղթերում չկա որեւէ հոդված, որը այս կամ այն կերպ առնչվեր ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի հետ: Միայն հետագայում Ադրբեջանի ճնշմամբ թուրքական կողմը սկսեց Ազգային մեծ ժողովում այդ փաստաթղթերի վավերացումը արհեստականորեն կապել Հայաստանի կողմից մի շարք մտացածին նախապայմանների կատարման հետ, որոնցից գլխավորը Ղարաբաղի շրջակա որոշ տարածքների ազատումն է: Որպես հետեանք, հայ-թուրքական մերձեցման փորձը ձախողվեց:

Այստեղից հետեւություն. ներկայումս թուրքական դիվանագիտությունը միջոցներ ու հնարավորություններ է փնտրում իր ոտքերը Բաքվի պարտադրած «ղարաբաղյան կշռաքարից» ազատելու համար, որպեսզի իր անդրկովկասյան քաղաքականության մեջ դուրս պրծնի ադրբեջանական նավարկուղուց (Բաքվում, սակայն, սեւերես չլինելով), կանխի իրադարձությունների զարգացումը ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր միջանկյալ սցենարի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ առկա է այնպիսի զգացողություն, թե Անկարան կուլ է տվել Բաքվի «խայծը» իբր «Լավրովի ծրագրի» գոյության վերաբերյալ, որը Բաքվի ԶԼՄ-ների նկարագրության համաձայն նախատեսում է «Հայաստանի կողմից հինգ շրջանների ազատումՙ Բաքվի կողմից Ղարաբաղի նոր կարգավիճակի ճանաչման դիմաց»: Կամ մեկ ուրիշ բան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր թուրք գործընկերներին պատմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածության սցենարի մասին. հինգ շրջանՙ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ճանաչելու դիմաց: Ըստ որում, ինչպես երեւում է Չավուշօղլուի հայտարարությունից, նա ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել աշխատանքը հենց այդ ուղղությամբ փոխելով բանակցություններում առկա օրակարգը, նպատակ հետապնդելով Ղարաբաղյան խնդրի միջոցով ամեն գնով ինտեգրվել ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այնպես էլ Ադրբեջան-Հայաստան համանման գործընթացին:

Ահա թե ինչու Չավուշօղլուի հայտարարությունը, իր ողջ հակասականությամբ հանդերձ, ակնհայտ ստուգիչ բնույթ է կրում նախ եւ առաջ Արդբեջանի համար, որը ապրիլյան պատերազմից հետո հայտնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ ճնշման տակ: Վերջինս պահանջում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները հակամարտ կողմերի շփման գծում մշտադիտարկման համակարգ հաստատելու եւ այնտեղ միջազգային դիտորդներ բերելու վերաբերյալ: Ներկայումս Բաքվի համար խնդրահարույց է նաեւ այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Անկարան դժվար թե ավելի վաղ տված խոստման համաձայն նրան օգնի ԼՂ խնդրի լուծման ուժային տարբերակի ընտրության դեպքում: Իսկ ընդհանուր առմամբ, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունների առումով թուրք-ադրբեջանական հարաբերությունները «ծայրամասային» բնույթ են կրում եւ այդ ուղղությամբ առհասարակ դժվար թե կարողանան ինչ-որ բան որոշել:

REGNUM, 13 հոկտ. 2016, Թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ