RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ԵՂԱՆԱԿ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2423, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՅԻ ՍԵԶՈՆԸ ՀԱՄԱՐԵՆՔ ԲԱՑՎԱԾ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա թեյի եւ սուրճի միջեւ, ավելի ճիշտՙ թեյախմության եւ սուրճ խմելու: Նախ թեյն ավելի շատ է, ավելի տաք, հետեւաբար ավելի երկար է տեւում այն վայելելը: Բացի այդ թեյը ջերմացնող առանձնահատկություն ունի, նաեւ թարմացնող, մինչդեռ սուրճը միայն թարմացնում է, այն էլ երբեմն, միայն այն ժամանակ, երբ վաղուց չես խմել եւ շատ ես ուզում խմել:

Իսկ իրականում երկուսն էլ նույնն են, օրինակՙ երկուսն էլ խմում ես, որպեսզի ինչ-որ բան մեջդ հանգստանա, դեպի քո ուզածը փոխվի... Սակայն թեյի ու սուրճի մասին չէ, որ խոսելու ենք հիմա...

Միշտ, աշխարհի բոլոր երկրներում, քաղաքներում, անգամ մեգապոլիսներում, մանավանդ մեգապոլիսներում, թեկուզ ծովափնյա քաղաքներում կգտնվեն մարդիկ, որոնք հեռանում են, չնայած ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ծովափնյա քաղաքներից հեռանում են: Ինչեւէ: Ոմանք ստիպված են հեռանում, որպեսզի մեկ այլ տեղ ավելի լավ ապրեն, ոմանք հեռանում են, որովհետեւ փախչում են, այսինքն անվտանգություն են որոնում, ոմանք` պարզապես որոնում են, որովհետեւ որոնողներ են, ընդ որումՙ կապ չունի, թե աշխարհում ամենաշատը որոնված բաներից ինչն են որոնումՙ սե՞ր, արկա՞ծ, փո՞ղ: Ոմանք էլ ժամանակավոր են հեռանում, գործի բերումով: Շատերն էլ չեն վերադառնում, ոմանք` վերադառնում են, ոմանք էլ` էլի վերադառնում են, բայց Արթուր Մեսչյանիՙ «Անառակ որդու վերադարձը» երգի պեսՙ ուշշշ...:

Աշխարհում, հենց հիմա էլ ինչ-որ տեղ, ավելի ճիշտՙ շատ տեղերից հեռանում են: Իսկ եթե հեռացող կա, ուրեմն սպասող էլ կա. չի կարող հեռացումը լինել առանց սպասումի, չկա աշխարհում մի մարդ անգամ, որը հեռանում է, ու որին չեն սպասում, եթե կա, ապա դա միայն իրեն է թվում: Որպես կանոն հեռացողն ու սպասողը նույն բանն են զգում, նույն ցավը: Կան, որ ցավում են կորցված պատմությունից: Ասենք իրենց հայրենի քաղաքի նստարաններից այն մեկին նստած էին, երբ եկավ այն աղջիկը, կամ նույն այդ նստարանին նստած էին, երբ առաջին անգամ ծաղիկներ նվեր ստացան: Կան, որ ցավում են ռեալիստորեն, առարկայորեն, առանց վերացականության, առանց ռոմանտիկ զեղումների, չնայած ցավն ինքը ռոմանտիկա է, բացառությամբ այն դեպքի, երբ ստամոքսն է ցավում: Մյուս բոլոր պարագաներումՙ ցավը ռոմանտիկա է, մանավանդ, երբ սիրտն է ցավում, թվով երրորդՙ ոչ ռոմանտիկ գին ունեցող վիրահատությունից հետո:

Մի բան միանշանակ է. անգամ ժամանակավոր հեռացողներն ու նրանց սպասողները ցավ ապրում են... Այլ հարց է, թե ո՞վ ումի՞ց ավելի շատ, բայց մի՞թե սա կարեւոր է: Եթե այո, ապա, անշուշտ, սպասողի ցավն ավելի մեծ է, թեկուզ միայն նրա համար, որ ինքը մնում է մի միջավայրում, որտեղ եղել է իր հետ միասին նաեւ հեռացողը, մինչդեռ վերջինս նոր բան տեսնելու հնարավորություն ունի, հետեւաբար ցավը մոռանալու, ավելի ճիշտՙ քողարկելու միջոցներ: Իսկ եթե այս հարցը ամենեւին էլ կարեւոր չէ, ուրեմն` ...ավելի լավ:

Հեռացողները տարբեր են լինում, տարբեր են լինում նաեւ հեռանալու պատճառները, ու այս վերջինից կախված` տարբեր են լինում նրանց սպասողները... Բայց ինչ ուզում է լինի, երկու բան հստակ է` աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ հեռանում են, ու նրանց սպասում են, եւ երկրորդը` բոլոր հեռացողներն ու նրանց սպասողներն էլ ցավ ապրում են...

Ուրեմն, դառնալով թեյի առավելություններին` սուրճից, նշեմ, որ թեյն ավելի շատ է, ավելի տաք, հետեւաբար ավելի երկար է տեւում այն վայելելը: Բացի այդ թեյը ջերմացնող առանձնահատկություն ունի, նաեւ թարմացնող, մինչդեռ սուրճը միայն թարմացնում է, այն էլ երբեմն, միայն այն ժամանակ, երբ շատ ես ուզում խմել...: Եվ ամենակարեւորը, հավանականությունն ավելի մեծ է, որ նա կվերադառնա, ձեր` թեյ խմելու ժամանակ, քան սուրճ, որովհետեւ թեյն ուղղակի ավելի շատ է, ու ավելի տաք, ու ավելի երկար է տեւում...

Թեյի սեզոնը համարենք բացված: Եկեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ