RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-10-28 12:30:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 4946, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԵՎԱՉԱՓՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոկտեմբերի 20-24-ին ՀՀ Սփյուռքի նախարարության դահլիճում եւ այնուհետեւ Արցախի մայրաքաղաքում կայացավ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովըՙ «Հայոց պետականությունըՙ միասնության առանցք» կարգախոսի ներքո:

Համաժողովի կազմության օրից լինելով կազմակերպիչ հանձնաժողովի անդամՙ կարող եմ վկայել, որ երկու տարին մեկ գումարվող այդ համաժողովները իսկապես ոգեւորիչ միջոցառումներ են հատկապես սփյուռքից ժամանած լրագրողների ու խմբագիրների համարՙ միմյանց ծանոթանալու, հայաստանյան գործընկերների հետ շփվելու, հայրենի իրականություններին եւ իրողություններին անմիջականորեն իրազեկ դառնալու, հայրենասիրական զեղումներ ունենալու եւ սփյուռքահայերի համար ամենակարեւորըՙ պետական պաշտոնյաների հետ լուսանկարվելու տեսակետից: Առանձին ոգեւորության առիթ է հատկապես Արցախըՙ հայրենասիրության եւ հայրենատիրության իր գերհզոր գրավչությամբ:

Այսուհանդերձ, ինձ թվում է, որ ժամանակն է փոխելու բազմածախս եւ բազմաշխատ այս եւ նման համաժողովների ամբողջ ձեւաչափը, դրանց օրակարգն ու խնդիրները: Պետք է փոխել հրավիրյալ լրագրողների եւ լրագրությամբ զբաղվողների ընտրության ձեւն ու որակը: Ընդամենը երկու տարի, անգամ երկու ամիս առաջ ինչ-որ մի վայրում, ինչ-որ մի կայքէջ ստեղծած, կամ պայմանների ու պարագաների բերմամբ խմբագիր դարձած սփյուռքահայ միՙ սիրողական մակարդակի լրագրողի ոգեւորելու կամ ոգեշնչելու համար կարելի է բոլորովին այլ միջոցառումներ կազմակերպել: Փոխարենը պետք է հրավիրել մարդկանց, ովքեր իսկապես ասելիք, մանավանդ անելի՛ք ունեն համահայկական իմաստով (չէ՞ որ համաժողովները կրում են համահայկական եւ ոչ թե աշխարհագրական բնույթ): Պետք է հրավիրել նրանց մանավանդ, ովքեր արդեն իսկ ընդգրկված են այդ աշխատանքներում եւ կամ ունա՛կ են աշխատելու համահայկական խնդիրների մակարդակով: Իսկ առավելագույն ուշադրությունը պետք է կենտրոնացնել մեր այն հայրենակիցների վրա, ովքեր աշխատում են օտար լրատվամիջոցներում որպես խմբագիր, լրագրող, թղթակից կամ այլ: Դա ուրիշ մակարդակ կտա նման նախաձեռնություններին, նաեւ գործնականություն ու խորք: Նաե՛ւ արդյունք:

Բայց այդ պարագայում անհրաժեշտ է նաեւ փոխել համաժողովների առջեւ դրվող խնդիրները: Դրանք շատ են, բազմաշերտ ու բարդ: Ի՞նչպես անել, օրինակ, որ ի վերջո ստեղծվի իսկապես համահայկական լրատվական ցանց, բոլորովին զերծ կուսակցական, հատվածական, իշխանական, կեղծ կամ անկեղծ ընդդիմական եւ այլ հիվանդություններից: Ցանցՙ որի լրատվությունները լինեն այնքան ստույգ, որ Հայաստանից գնացած վերջին հայրենակցին անգամ վստահություն ներշնչեն, եւ այնքան հավասարակշիռ ու բազմաշերտՙ որ հեռավոր Ավստրալիայում ապրող հային անգամ պարգեւեն տեղեկացված լինելու գոհունակությունը:

Համաժողովների առջեւ դրվող խնդիրների մեջ պետք է ընդգրկված լինի նաեւ քարոզչության եւ հակաքարոզչության հարցերը, որոնք իրենց հերթին պահանջում են տեղեկատվական շարունակ թարմացվող շտեմարաններ ոչ միայն թուրք-ադրբեջանական մեզ ծանոթ քարոզչական տվյալներով, այլեւ ավելի վտանգավորՙ մյուս երկրների հակահայ ենթատեքստերով արտահայտվող լրատվամիջոցների նյութերով հագեցած:

Անշուշտ այսքանով չի ավարտվում համաժողովներից ակնկալվող գործունեությունների շարքը: Դեռ կա կարեւորագույն մի հարց եւսՙ ինչպես անել, որ մեր երիտասարդ հայրենակիցները, մանավանդ դրսում, որպես պրոֆեսիոնալ մասնագետներ պատրաստվեն եւ ընդգրկվեն տարբեր երկրների լրատվամիջոցներում, որպեսզի վերահսկեն ու պրոպագանդեն հայն ու հայկականը, Հայաստանն ու հայաստանյանը:

Արդյոք մե՞ծ բաներ եմ պահանջում: Բայց մի՞թե մեծ չեն մեր խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 28-10-2016

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ