RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5311, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի քանի օր առաջ CNN-ի քաղաքական գլխավոր մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հյուրն էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Սինգապուրի նախկին արտգործնախարարները: Հարցազրույցի թեման, բնականաբար, Հիլարի Քլինթոն-Դոնալդ Թրամփ հակամարտությունն էր: Զանց եմ առնում զրույցի մասնակիցներից Բեռնար Քուշների, Դեյվիդ Միլիբանդի եւ Ռադեկ Սիկորսկիի հակաթրամփյան եւ դրան ածանցվողՙ հակառուսական մեկնաբանությունները եւ կանգ եմ առնում Սինգապուրի նախկին արտգործնախարար Քիշոր Մանբուբանիի դիտարկման վրաՙ ուղղված Հիլարի Քլինթոնին, որին հստակ նախընտրություն էր տալիս սինգապուրցի դիվանագետը: «Եթե Հիլարին համաշխարհային քաղաքատնտեսական հարցերին մոտենալու է այն բնազդներով, ինչպես իր ամուսնու նախագահ եղած ժամանակ էր ընդունված, ապա նա անկասկած կտապալի ամերիկյան քաղաքականությունը: Աշխարհը, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության մեծագույն մասը, փոխվել եւ փոխվում է շատ արագ, բոլորովին այլՙ գլոբալ մոտեցումներ եւ սպասումներ են երեւան եկել, եւ Հիլարին այժմ պետք է բոլորովին նոր բնազդներ ձեռք բերի համաշխարհային քաղաքականության մակարդակով»:

Եվ իսկապես, ուզենք թե չուզենք, աշխարհը, նրա կարգուսարքը, երկրների ու ժողովուրդների փոխհարաբերությունները, փոխներգործունության ձեւերն ու մակարդակը բոլորովին այլ են հիմա: Եվ դա մեկ բառով, շատերիս համար վախազդեցիկ բառով, կոչվում է գլոբալիզացիա, համաշխարհայնացում: Վախենում ենք այդ բառից, քանզի մեզ զգում ենք տկար, փոքր, դիմադրելու անկարող: Վախենում ենք կորցնել մեր ունեցածը, մեր ինքնությո՛ւնը: Բայց մոռանում ենք մի կարեւոր բանՙ ոչ ոք չի կարող մեզ զրկել մեր ինքնությունից, եթե ինքներս չենք զրկում մեզ: Սակայն ոչ ոքի պետք չէ մեր ինքնությունը, եթե այն չկիսենք աշխարհի հետ, եթե չդնենք այն միջազգային շրջանառության մեջ, եթե չդարձնենք այն փոխազդեցիկ: 96 տարի առաջ, անշուշտ բոլորովին այլ հանգամանքներում, դա զգացել էր մեր հանճարեղ Չարենցը, երբ իր «Ամենապոեմ» շարքում գրում էր. «Օ, վաղո՜ւց է աշխարհը դարձել// մի փոքրի՜կ-փոքրի՜կ փողոց...»:

Թերեւս ոմանց համար այժմ, 96 տարի հետո անգամ, դժվար է պատկերացնել այդ փոքրիկ-փոքրիկ փողոցը, որտեղ կանգնած է նաեւ մեր փոքրիկ-փոքրիկ երկիրը իր մեծ, շատ մեծ խնդիրներով, սակայն պահը կրկին թելադրում է մեզՙ եթե որոշել ենք ապրել, զարգանալ որպես ազգ-պետություն, ստիպված ենք այդ «փոքրիկ փողոցում» մեր ներկայության պատճառ-պատճառաբանությունը գտնել եւ ներկայացնել աշխարհին: Դա՛ է կանոնը խաղի:

Ահա՛ այդ կանոնը եւ այդ պահը լավ են ըմբռնել մի խումբ հայեր, բացի մեկ-երկուսիցՙ բոլորն էլ նշանավորՙ բիզնեսի, կառավարման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների եւ արվեստի ոլորտներում: Մի 5-10 այլ անունների հավելումով այդ խումբը կարող էր ժամանակակից հայության սերուցքը համարվելՙ գործի եւ գործունեության իմաստով: Եվ ահա այդ խումբը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով եւ ՀԲԸՄիության 110-ամյակի առիթով մի նամակ է հրապարակել «Նյու Յորք Թայմս» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերում (թարգմանությունըՙ նաեւ azg@azg.am-ում): Խումբը գտնում է, որ մենքՙ պետություն եւ ժողովուրդ, «պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները», այժմ «աննախադեպ հնարավորություն» ունենք «Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու»:

Թե ինչպեսՙ նամակն ստորագրողները դեռեւս չեն բացատրում, այլ շեշտում են, որ «ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինիՙ սոցիալական ազդեցության թե՛ առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե՛ ակտիվ ներգրավման միջոցով»: Կարծում եմ, նրանք առիթ կստեղծեն հետագայում ավելի կոնկրետ ու շոշափելի ընծայելու իրենց տեսլականը եւ դուրս կգան տեսական-վերացական ոլորտից:

Ու որպեսզի ինքս էլ չմեղադրվեմ վերացականության մեջՙ հաջորդ համարում կներկայացնեմ հայկական գլոբալիզացման իմ պատկերացումները ինձ որոշ չափով ծանոթՙ տեղեկատվական ոլորտում, կենտրոնանալով միջազգային լրատվության ասպարեզում մեր ունեցած-անտեսած բավականին հզոր ներուժի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ