RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 5007, Տպվել է` 425, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՆՉ ԹՐԱՄՓԻ ՍԵՎ ԱՐԿՂԸ ՎԵՐԾԱՆԵՆՔ, Ի՛ՆՉ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՎԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՄԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի հետմիջօրեի տվյալներով, առավել շատՙ 200 000- ից ավելի ձայն հավաքեց, քան իր մրցակից Թրամփըՙ հաղթելով այսպես կոչվածՙ Popular Vote- ը, բայց ամերիկյան ընտրակարգը նրան նախագահ դառնալու հնարավորություն չի ընձեռում: Երեքշաբթիՙ նոյեմբերի 8- ին կայացած ընտրություններում Քլինթոնը 232 ընտրիչների քվեով ետ մնաց հանրապետական Թրամփիՙ 290 քվեից: Եվ մեզ համար անհավանական հնարավորությամբՙ Թրամփը դարձավ ԱՄՆ 45- րդ նախագահ: Ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ աշխարհի երեւի բոլոր անկյուններում, մի մասը տոնում է Թրամփի հաղթանակը, մյուս մասըՙ զարմանումՙ այ քեզ բախտ:

Եթե ԱՄՆ նորընտիր նախագահի պապն ու տատը Հայաստանից ԱՄՆ արտագաղթած լինեին, նրա անվանը կսոսնձեինքՙ հայազգի, նույնիսկ եթե Հայաստանի տեղն էլ չիմանար: ԱՄՆ նորընտիր 45- րդ նախագահը մի անգամ է խոստովանել, թե հպարտ է, որ «գերմանական արյուն» ունի, հետո շեշտել է, թե պապն ու տատն են գերմանացի, բայց 1987- ին լույս տեսած ինքնակենսագրական գրքում պնդում է, թե շվեդական ծագում ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հրեա ընկերներդ շատ են ԱՄՆ- ում, հե՞շտ է խոստովանել, թե գերմանական ծագում ունես: Միգուցե սա՞ է եղել գլխավոր պատճառը, որ Թրամփին ստիպել է վերանայել իր ծագումը, երբ արդեն նրանց ազգանունը Թրումփ գերմանական հնչեղության փոխարեն ամերիկյան Թրամփ էր դարձել: Գերմանական Պֆալցում գտնվող Կալլշտադտում այսօր էլ կանգուն են նրա պապիՙ Ֆրիդրիխ Թրումփի եւ հարեւանությամբ գտնվող տատիՙ Էլիզաբեթ Քրիսթի կոկիկ առանձնատները, որոնց վրա քաղաքային իշխանությունները դեռ չեն շտապում հուշատախտակ փակցնել: Նախագահական ընտրության հաջորդ օրն էլ համաքաղաքացիները հպարտորեն չեն շեշտում, թե գերտերության նախագահ են տվել: Ում հետ գերմանացի հեռուստալրագրողը հարցազրույց է անում, ձայնը մատնում էՙ հուսախաբ են կամ մեծ ակնկալիք չունեն: Գերմանիայում շատ են սիրում լոլիկի հյութից քեչ-ափ ստեղծող գործարար Հենրի Ջոն Հայնցի ապրանքը, այ դրանով հպարտանում են գերմանացիները, քանի որ համային ընդգծված առավելությամբ այս կարմիր մածուկն առայժմ մրցակից չունի, փոխարենը թեթեւ հիշատակում են, որ Հենրի Հայնցի հայրն էլ նույն Կալլշտադտում է ծնվել, իսկ մայրըՙ Թրումփ ընտանիքից է սերում:

Դեռ չեմ հասցրել Թրամփի հաղթանակի առթիվ շնորհավորել գերմանացի բարեկամներիսՙ Սոնյա եւ Մարկուս Բեհրենց երիտասարդ ամուսիններին, որ դեռ ապրիլից նրա ջերմ պաշտպանն էին, ու մեր զրույցներում իմ զարմանքը փորձում էին փարատելՙ ասելով, թե մամուլըՙ հատկապես «Վաշինգթոն փոստն» ու «Նյու Յորք թայմսը» Քլինթոնի ընտրարշավին լծվածՙ շատերի կարծիքն ուղղակի թաքցնում ենՙ տպավորություն ստեղծելով, թե միակ ըմբռնելի նախագահն ամերիկացիների համար Հիլարի Քլինթոնն է: Եթե Թրամփը հաղթի, աշխարհում պատերազմները չեն ավելանա, մանավանդ եթե Պուտինի հետ առճակատման փոխարեն խոսելու հարթակ գտնեն, պնդում էին գերմանացի բարեկամներս, որ եզակի անկեղծ էին մեր զրույցներում: Նույնը ոչ հեռուստատեսությամբ եմ լսել, ոչ էլ իմ հարցախույզի ընթացքում հանդիպել: Համալսարանական կրթություն ունեցողները չեն հաշտվում, որ վերբալ պատերազմ հիշեցնող ընտրարշավից հետո ամերիկացին վատի եւ վատագույնի ընտրությունը կեզրափակի Թրամփի հաղթանակով: Չորեքշաբթի օրը փողոցում ինձ հանդիպած պատահական տարեց զրուցակիցներ խոստովանեցին, թե շատ էլ անակնկալ չեն ապրել, երբ Թրամփի անունն են լսել: «Ոգեւորվա՞ծ են, որ գերմանական ծագում ունի» հարցիս կարծես շատ էլ չեն ուզում արձագանքելՙ ի՛նչ գերմանացի, պապն ու տատն, այո՛, բայց ինքը Գերմանիայի տեղը գիտի՞: Իսկ իմ զրուցակից 35- ամյա վաճառողուհին ազդված է հատկապես այն հանգամանքից, որ Թրամփը պատ է ուզում կառուցել: «Մենք քանդեցինք պատը, փաստորեն պատմությունից չենք ուզում սովորել», վրդովված ավելացնում է:

Վիճակագրական ծառայությունների մատուցած թվերը, որտեղ համենայնդեպս ներկայացվում էր, թե Քլինթոնն է առաջատար, ոչ այն է ճիշտ չէին, այլ, ինչպես ներկայացրեց գերմանական հեռուստատեսային առաջին ալիքի մեկնաբանը նոյեմբերի 9-ին, Թրամփին ընտրողների մի մասն ուղղակի անկեղծ չի հայտնելՙ ում է քվե տալու: Նրան ոչ միայն ձայն է տվել սպիտակամորթ ամերիկացին, հիմնականումՙ տղամարդիկ, առավելաբարՙ կրթություն չունեցողները, այլեւՙ ավանդաբար դեմոկրատներին ընտրող ու նրանցից հիասթափված մի մեծ ընտրազանգված, ինչպես Փիթցբուրգի մոտակայքում գտնվող մի արվարձանից իր ռեպորտաժում է ներկայացնում գերմանացի լրագրողներից մեկը: Կանայք Թրամփի անունով շապիկներ են վաճառում, Քլինթոնի պատկերովՙ զուգարանի թուղթ:

Ամերիկացին փոփոխություն էր ուզում, ուստի ընտրեց անփորձ մածունը: Նոյեմբերի 10-ի հարցումն էլ վկայում է, որ ամերիկացիների 70 տոկոսը Թրամփից փոփոխություն է սպասում: Նույնըՙ ողջ աշխարհում, թեպետ առաջին արձագանքը Գերմանիայում «շոկ» ձեւակերպումն էր: Հետո բազմավանկ բառերով ձեւակերպվեցին քաղաքական ակնկալիքներըՙ հուսանք նախընտրական ելույթն ու հայտարարությունը շուտափույթ ի գործ չի կոչի, միանձնյա որոշումներ չի կայացնի, բանիմաց խորհրդականներ կհրավիրի:

Կանցլեր Մերկելը շնորհավորեց Թրամփինՙ իր ելույթում շեշտելով Արեւմուտքի համար անձեռնմխելի արժեքինՙ մարդու իրավունքների պահպանմանը հավատարմությունը, արտգործնախարար Շթայնմայերը նույնիսկ հաջորդ օրերին ոչ միայն ձեռնպահ մնաց շնորհավորելուց, այլեւ չթաքցրեցՙ արտաքին քաղաքական հարցերը դժվար հուն են մտնելու, եւ շեշտադրեցՙ ՆԱՏՕ-ն Արեւմուտքի հիմնարար արժեքների վրա է խարսխված, սա Թրամփը չպիտի մոռանա: ԵՄ պատասխանատու պաշտոնյաները, չթաքցնելով իրենց համար Թրամփի ընտրվելու մեծ անակնկալը, մտահոգ են հատկապեսՙ Փարիզում կնքված կլիմայի հարցերի վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից, թե ԱՄՆ դուրս է գալու այդ ձեւական նախագծից, վերանայելու է Իրանի հետ ատոմային համաձայնագիրը, եւ ամենակարեւորըՙ ի՞նչ կլինի, եթե իրենց պատժամիջոցների որոգայթից դուրս Պուտինի հետ ուս-ուսի Թրամփը նոր ուղիներ գտնի, խոստման համաձայն ճանաչի Ղրիմը, երբ... դրա տեղը ամենայն հավանականությամբ չգիտի: Գիտի, թե չգիտի, Ուկրաինայում վախ ունեն, որ ԱՄՆ սատարումն էլ չեն ունենա: Իսկ Ռուսաստանում արդեն բավական ոգեւորված նույնիսկ քարտեզ են վերաձեւում կամ ավելի ճիշտՙ Ալյասկայի մասին երազն ոմանց համար իրականությանն այնքան մոտ է թվում:

Թրամփի հաղթանակով պայմանավորվածՙ ամբոխահաճո, աջ ազգայնական քաղաքական գործիչների աճը եթե երկյուղ չէ, ապա լուրջ մտահոգության առիթ է տալիս եվրոկառույցների ղեկավարներին, երբ աջակողմյան ղեկ ունեցող Լեհաստանի, Հունգարիայի շարքին չեն մոռանում, որ Դանիայում աջերը երկրորդ մեծ ուժն են, իսկ եթե հաջորդ տարի կայանալիք ընտրություններում հաղթելու հավանականություն ստանա Մարի Լը Պենը...նա առաջինն է շնորհավորել Թրամփին: Գերմանիայում էլ աջերը հույս ունեն, որ Բունդեսթագում իրենք պատկառելի ներկայություն կունենան: Սրան ավելացրած նաեւ Բրեքսիթը, որ ԵՄ -ին հուշում է, թե բաժանարար գծերը կարող են ավելանալ, եթե համաեվրոպական խնդիրները լուծում չգտնեն: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռյոթգենն առաջարկում է ջանադիր զբաղվել Եվրոպայում լրջագույն խնդիրներից մեկովՙ երիտասարդ գործազուրկների ճակատագրով, ուրիշներ պնդում են, որ Եվրոպայում պիտի շեշտել, ներկայացնել տնտեսական հաջողությունները, որ հոռետեսներին հույս տա: Մեծ Բրիտանիայում անծանոթ են Թրամփ քաղաքական գործչին, Դաունինգսթրիթում տարակուսում ենՙ անգլո- ամերիկյան ավանդական բարեկամությունը կպահպանվի՞:

Թել Ավիվում աշխատող գերմանացի հեռուսալրագրողի ներկայացմամբ, Թրամփին անհատապես շատ են սիրում Իսրայելում, մանավանդ շատերը շեշտադրում են, թե նրա դուստրերից մեկը հրեայի հետ ամուսնանալով` Թրամփին հրեա թոռնիկ է պարգեւել, ինչը անխախտ բարեկամություն է ենթադրում: Այստեղ չեն խոսում Իրանի հետ ատոմային համաձայնագրի մասին Թրամփի հայտարարությունից, քանի որ շրջանառում են մեկ ուրիշըՙ այն, որ Թրամփը մի անգամ է հայտարարել, թե ճանաչելու է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆիլիպիններում էլ, ըստ տեղում աշխատող գերմանացի մեր գործընկերների, անհանգիստ ենՙ ԱՄՆ սատարումը ստանալո՞ւ են, թե՞ Չինաստանն իրենց իշխելու է, մանավանդ որ Թրամփը ընտրարշավային ամբիոնից տնտեսական, շուկայական պատերազմ է հայտարարել Չինաստանինՙ նրա արտադրանքի հանդեպ վիրավորական արտահայտություններ սփռելով: Չինաստանում արտաքուստ հանգիստ են, համենայնդեպս այդպես խոսեցին հարցման մասնակիցները, հորդորեցին սպասելՙ համոզված հույս հայտնելով, որ նախագահ դարձած Թրամփը կվերանայի իր «ծանր» վիրավորանք- հայտարարությունները: Կահիրեում էլ հստակ չեն պատկերացնումՙ Թրամփի ասած «Իսլամական պետության» դեմ պայքարն իրենից ի՛նչ է ներկայացնում:

Մյունհաուզեն, ժամանակակից Փինոքիո, Թրամփին այսպես որակեց գերմանացի քաղաքագետներից մեկըՙ նկատել տալով նրաՙ փաստերի փոխարեն զգացմունքներին գերապատվություն տալու սովորույթը: Գերմանական մեդիան առավել հաճախ կրկնում էՙ մեծ անծանոթ, պոկեր խաղացող, «պոլիտ նոուբադի», «բլեք բոքս» որակումները: Դրանք արդարացված են այնքանով, որ 2017 թվականի հունվարի 20- ին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող Թրամփը դեռ պիտի վերծանվիՙ աշխարհը սպասում է:

Գերմանացի քաղաքագետները պնդում են, թե արտաքին քաղաքականությունն առաջնահերթ չէ Թրամփի համար, նա ընտրողների վստահությունը պիտի շահի առաջին հերթին ներքաղաքական հարթակումՙ իբրեւ գերակայությունՙ աշխատատեղեր ստեղծելով: Իսկ մյուսՙ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների, Մեքսիկայի հետ 1954 մղոն սահմանի կեսը վերգետնյա ու ստորգետնյա պատ կառուցելու, ի դեպՙ մեքսիկացիների հաշվին, բարձրացնելով վիզայի համար սահմանված տուրքերը, բոլոր ամերիկացիներին զենք կրելու իրավունք ընձեռելու խոստումները: Հարց էՙ փոփոխություն կկատարի՞ Օբամայի առողջապահական ապահովագրական համակարգում, հարկային բեռը կթեթեւացնի՞, եւ ամենակարեւորըՙ կմիավորի՞ նախընտրական արշավի ժամանակ էլ ավելի պառակտված ամերիկացիներինՙ սեւամորթ, սպիտակամորթ, դեղնամորթներին, իսպանախոսներին, հարուստ- աղքատներին, դեմոկրատ- հանրապետականներին: Օբաման չորեքշաբթի օրվա ելույթում ուղղորդեցՙ մենք առաջին հերթին ոչ թե դեմոկրատ կամ հանրապետական ենք, այլՙ ամերիկացի: Ծրագրերն իրականացնելու առումով Թրամփը հզոր հենարան ունիՙ հանրապետականների գերակայությունը խորհրդարանի երկու պալատներում, եւ խելամիտ, բանիմաց խորհրդականների նշանակումը: Մյունխենի անվտանգության կոնֆերանս կազմակերպության նախագահ Իշինգերը նույնիսկ ճանաչում է նրանցից մեկին, որ իրեն հույս է ներշնչում: «Միայն խոսք ենք լսել, ոչ թե քաղաքական ծրագիր», ասում է Իշինգերը, նկատել տալովՙ միգուցե լավ լինիՙ ռուս- ամերիկյան առճակատման փոխարեն Սիրիայի, Ուկրաինայի հարցում առաջընթաց գրանցվի:« Ի՞նչ անել» հարցին Իշինգերը հստակեցնում էՙ ԵՄ պիտի մի քանի կետով ձեւակերպի իր համար առաջնահերթությունները, շուտափույթ առաքի ԱՄՆ-ում մեր դեսպանին, որ նա տրամադրի նախագահի թիմին: Ժամանակ չպետք է կորցնենք:

Իսկ մենք նման փաթեթ հանձնե՞լ ենք ԱՄՆ-ում ՀՀ մեր դեսպանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ