RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3417, Տպվել է` 447, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԻՇԻ ԿԻՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դոլանդ Ջոն Թրամփի կինըՙ սլովենուհի Մելանի Թրամփը մոդել է: Ժամանակին նա մասնակցում էր ֆոտոսեսիաներիՙ հիմնականում տղամարդկանց ամսագրերի համար, տղամարդկանց հետաքրքրող հագուստով, ավելի ճիշտՙ դրա բացակայությամբ, բայց երբ նա հանդիպեց իր երազանքների տղամարդունՙ Դոնալդին, եւ ամուսնացան, Մելանին որոշեց, որ այլեւս չի զբաղվելու տղամարդկանցով, քանի որ ունի իրենը, սեփականը:

Երջանի՞կ են արդյոք Դոնալդը եւ Մելանին, չգիտեմ, հավանաբար երջանիկ են, հաստատ երջանկության համար ամեն ինչ ունենՙ միլիարդներ (ըստ «Ֆորբս»-իՙ 3,7 միլիարդ), հինգ երեխա, որոնցից, ճիշտ է, միայն մեկն էՙ 10 տարեկան Բարոն Թրամփն է նրանց համատեղ երեխան, իսկ մյուսներըՙ ավագ դուստրըՙ Իվանկան, Թրամփի առաջին կնոջիցՙ չեխ մոդել Իվանայից է, վերջինս նաեւ Թրամփի որդիներիՙ Էրիկի եւ Դոնալդ Թրամփ կրտսերի մայրն է, իսկ դուստրերից մեկիՙ Տիֆանիի մայրը Թրամփի երկրորդ կինն էՙ Մառլա Մեյլզը, ով դերասանուհի է եւ պրոդյուսեր: Ի դեպ, ասում են, որ հենց Մառլան է Դոնալդին ծանոթացրել վերջինիս ներկայիս կնոջՙ մոդել Մելանիի հետ, չնայած այս մասին միայն ասում են:

Մի խոսքով, Դոնալդը ներել է Մելանիին, որ նա նկարվել է տղամարդկանց համար, Մելանին էլ ներել է Դոնալդին, որ նա ոչ միայն իրեն է սիրել: Այս փոխադարձ ներումից էլ 2006-ի մարտի 20-ին Նյու Յորքի Մանհեթեն շրջանում ծնվել է Բարոն Թրամփը: Ի դեպ, Թրամփի հինգ երեխաներից միայն Տիֆանին է, որ Մանհեթենում չի ծնվել, չնայած կրկին Նյու Յորքում է ծնվել:

Սպիտակ տուն Թրամփը տեղափոխվելու է Մելանիի եւ Բարոնի հետ, եթե մինչ այդ հասցնեն շուն էլ ձեռք բերեն, ապա նաեւ շունը: Մյուս չորս երեխաներից երկուսն արդեն ամուսնացած են եւ իրենց գործերն ու հոգսերն ունեն եւ ամենեւին ժամանակ չունեն Ամերիկայի գործերով զբաղվելու, իսկ մյուս երկուսը չնայած ամուսնացած չեն, բայց ոչ պակաս գործեր ունեն, օրինակ Տիֆանին լրջորեն զբաղվում է մոդելային բիզնեսով, բոլորովին վերջերս էլ, երբ իր հայրը նախընտրական թոհուբոհի մեջ էր, աղջիկը Նյու Յորքում մասնակցեց Էնդրյու Ուորենիՙ «համարձակ հագուստի» ցուցադրությանը: Մյուս դուստրըՙ Իվանկան, չնայած հոր նախընտրական շտաբի ղեկավարներից էր, բայց գրող է, բիզնեստիկին, ֆոտոմոդել եւ Հարվարդի շրջանավարտ Ջարեդ Քուշների կինը, իսկ վերջինս ամենեւին ցանկություն չունի դառնալ տնփեսա, անգամ եթե այդ տունը կոչվում է Սպիտակ տուն: Մի խոսքով, բոլորն իրենց գործերն ունեն եւ Ամերիկային հատկացնելու ժամանակ չկա:

Դրա ժամանակն ունի յոթ թոռնիկների պապիկ Դոնալդ Ջոն Թրամփըՙ ԱՄՆ 45-րդ նախագահը: Նախագահ ընտրվելուց հետո նա ամերիկացիներին խոսք է տվել, որ կիրականացնի ամերիկյան երազանքը: Ի դեպ, այս կապակացությամբ մի ամերիկացի, ով հավանաբար քվեարկել էր Հիլարի Քլինթոնի օգտին, ասել է, որ ինքը ամերիկացի է եւ երազում է առաջին տիկին Մելանի Թրամփի մասին, «ի՞նչ կասեք, պարոն նորընտիր նախագահ, իմ երազանքի իրականացման մասին...»:

Թե ինչո՞ւ հենց Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, դժվար է ասել: Օրինակ, մի շարք ռուս եւ ռուսամետ շատ խելացի շրջանակներ պնդում են, որ «Թրամփը Կրեմլի մարդն է»: Նրանց հետ սկզբունքորեն համաձայն են ռուս «մուժիկները», միայն մի ճշգրտմամբ, որ «Թրամփին Պուտինն է նշանակել», հրամանի վերնագիրն էլ հետեւյալն էՙ «Դոնալդ Թրամփինՙ Հյուսիս-ամերիկյան դաշնային շրջանում կառավարիչ նշանակելու մասին»: Կան նաեւ հակառակ կարծիքներ, ըստ որի Թրամփինՙ «Կրեմլի մարդ» համարողները պատմությունից բան չեն հասկանում եւ չեն հիշում, որ օրինակ Ստալինը եւս ողջունել էր Հիտլերի իշխանության գալը... Կարծիքները շատ են ու տարբեր, հետեւաբար այս հարցում ճշմարտություն եթե կա էլ, ապա որոնվում է: Չի բացառվում, որ հենց Թրամփն է ընտրվել, քանի որ այսօր աշխարհում իշխանության ճգնաժամ կա, ամբողջ աշխարհում: Այս առումով տիկին Հիլարին գործող եւ ժանգոտող իշխանության ներկայացուցիչ է, որից (ոչ Հիլարի Քլինթոնից) մարդիկ (ոչ միայն ամերիկացիները) հոգնել են եւ կարիք ունեն նոր, թեկուզ մի քիչ ծիծաղելի, փոքր ինչ ծայրահեղական, կոմիկ, անզուսպ, եւ ամենակարեւորըՙ չափանիշներից դուրս կերպարի, հասարակ դեմքի: Դոնալդ Թրամփը հենց այդ դեմքն է: Նրա կինը նորաձեւության ոլորտից է, առաջին կինըՙ Իվանան, նույնպես այդ ոլորտից էր, երկու դուստրերն էլ այդ ոլորտից են, ինքն էլ քաղաքականության մեջ այդ ոլորտից է: Լավ կլինի՞ աշխարհի համար, չգիտեմ, բայց գիտեմ, որ այս հարցին անգամ տիկին Մելանի Թրամփը չի կարող պատասխանել: Նա, իհարկե կարող է ասել, որ իր համար լավ կլինի, Բարոնի համար լավ կլինի, եթե շուն պահեն, ապա վերջինիս համար էլ լավ կլինի, մի խոսքովՙ ամերիկացիների առանձին շրջանակի, կամ գուցե բոլոր ամերիկացիների համար էլ լավ լինի: Հետո՞... Այդ «հետո»-ն ամենակարեւորն է բոլոր նրանց համար, ովքեր ամերիկացի չեն եւ Ամերիկայում չեն ապրում: Քանի որ հետո մենք բոլորս պետք է հասկանանք, որ Սպիտակ տունն ուրիշի տունն է, Դոնալդ Թրամփն ուրիշի նախագահն է, Ամերիկան ուրիշի երկիրն է, տիկին Մելանին էլ ուրիշի կինն է:

Հասկանալուց հետո գալիս է հիասթափության պահը, հետո ագրեսիվությունն է բարձրանում, հետո հասկանում ենք, որ դրանով ոչնչի հասնել չենք կարող, հետո հույսը դնում ենք հերթական ընտրությունների վրա եւ հետո հասկանում, որ դրանք երբեք մեզ անակնկալի չեն բերում: Դրանց մշտապես մասնակցում են կա՛մ «անփորձ երիտասարդները», կա՛մ «վարկաբեկված մեծերը», ծերերը, իսկ ծերերը մեզանում 70 տարեկաններն են, ընտրություններին չեն մասնակցում... մինչդեռ Ամերիկայում անգամ երեխա են ունենում. Դոնալդ Թրամփն այս տարվա հունիսի 14-ին դարձավ 70 տարեկան: Ի՞նչ է զգում այս կապակցությամբ տիկին Մելանի Թրա՞մփը, մեզ ինչ, ի՞նչ ենք զգում մենք, սա է խնդիրը: Իսկ մեզանից շատերը 70 տարեկանում, անգամ եթե հինգ երեխա ունեն, յոթ թոռնիկ, բավականին հարուստ են եւ գեղեցիկ սպիտակ տուն ունեն, զգում են, որ կյանքն ավարտվել է... Իրոք, կարեւորը Մելանի Թրամփն է, իսկ Մելանի Թրամփն ուրիշի կինն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ