RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2849, Տպվել է` 273, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱԿԻ ՇՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Երկու սարսափելի տվյալ կա, երկուսն էլ չորեքշաբթի օրը հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ առաջինիՙ Հայաստանում 2015-ի տվյալներով մինչեւ 18 տարեկան երեխաների 33,7 տոկոսն ապրում է աղքատության մեջ:

Եւ երկրորդ տվյալը, նույն ծառայությունը պարզել է, որ երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որը գլխավորողը կրթական բարձր մակարդակ ունի, ապա նրա աղքատության ռիսկը նվազում է: Այսինքն այն ընտանիքները, որտեղ հայրիկը կամ մայրիկը կամ էլ երկուսն էլ կրթական բարձր մակարդակ ունեն, այդ ընտանիքներում անհամեմատ ավելի քիչ է հավանական, որ աղքատ երեխաներ լինեն:

Հիմա կրկին հիշեցնեմՙ Հայաստանում անցյալ տարվա տվյալներովՙ մինչեւ 18 տարեկան երեխաների 33,7 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Մի կարեւոր ճշտումՙ կրթական բարձր մակարդակ ասելով ամենեւին էլ պետք չէ հասկանալ բարձրագույն կրթություն, հասկանալի է, որ մարդը կարող է ունենալ կրթական բարձր մակարդակՙ չունենալով բարձրագույն կրթություն եւ հակառակըՙ ունենալ բարձրագույն կրթություն, բայց չունենալ կրթական բարձր մակարդակ: Օրինակ, երբ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ հայրիկը անգործությունից նյարդայնացած իրենց տան պատուհանից կախված ծխում է եւ տեսնելով, թե ինչպես է բակի շունը հաչում փոքրիկ որդու վրաՙ հրահանգում վերջինիս, որ քարով հարվածի շանը: Այսինքն, նա բարձրագույն ավարտ է, բայց կրթական բարձր մակարդակ չունի, եթե անգամ «արտասահմանյան գրականություն» առարկայից գերազանց է ստացել (հազիվ թե), ավարտական աշխատանքն էլ գրել է Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիք»-ի մասին: Բայց եթե ոչ մի տեղ չավարտած մեկը բանվորական աշխատանքից հոգնած տուն է գալիս եւ փողոցից լսելով երեխայի ձայնըՙ անմիջապես բացում է պատուհանը եւ տեսնելով, որ բակի շունը հաչում է նրա վրա, հրահանգում է վերջինիս, որպեսզի առանց վախենալու մոտենա շանը ու փորձի շոյելՙ ուրեմն կրթական բարձր մակարդակ ունի, անգամ եթե արտասահմանյան գրողներից ոչ մեկին չգիտի (հազիվ թե): Ինչեւէ:

Հիմա երեւի մտածում եք, թե ի՞նչ կապ ունեն փողոցի հաչող շները եւ մեր աղքատ երեխաները, որոնց հետ կապ ունեն այս իշխանությունները եւ նրանց վայ ղեկավարումը: Ոչ մի: Ճիշտ այնպես, ինչպես այս իշխանությունները կապ չունեն մեր երեխաների աղքատության հետ. դրա հետ կապ ունի, փաստորեն ունի՛, մեր կրթական մակարդակը, մերՙ այսինքն ԱԺ նախագահինը, կամ վարչապետինը, կամ, սոցապ նախարարինը չէ, մերՙ այսինքն իմ եւ ձեր: Անշուշտ, հնարավոր է, որ այն շատ բարձր լինի, բայց մենք էլի աղքատ լինենք, սակայն փաստ է, որ երբ այն բարձր է, ավելի քիչ է հնարավոր, որ մեր երեխաները աղքատ լինեն: Հիմա աղքատ են, ուրեմն հիմա բարձր չէ, ավելինՙ ցածր է...

Ու հենց այստեղ մի նոր թեմա է բացվում, արդենՙ մեծական: Եթե մեր երեխաներն աղքատ են, տրամաբանական է, որ մենք էլ ենք աղքատ, համենայնդեպս ես չեմ ճանաչում մի ոչ աղքատ ծնողի, ում երեխան աղքատ է: Իսկ եթե մեր երեխաների աղքատության ռիսկը կտրուկ նվազում է մեր կրթական բարձր մակարդակից, կնշանակի, որ այդ մակարդակից է կախված նաեւ մերՙ մեծերիս աղքատության ռիսկը: Այսինքն, որքան բարձր է մեր կրթական մակարդակը, այնքան քիչ է հավանական, որ մենք աղքատ կլինենք: Հասանք...

Ամեն դեպքում, երբ տեսնում կամ լսում եք, թե ինչպես է բակի շունը հաչում ձեր երեխայի վրա, մի սովորեցրեք նրան, որ քարով հարվածի շանը: Հավանականությունը մեծ է, որ դրանով կբացահայտեք ձեր ...աղքատությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ