RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2810, Տպվել է` 139, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑԸ...

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Նոյեմբերի 8-ը մղձավանջի վերածվեց ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրան օգնելու նետված ամերիկյան գործող վարչակազմի համար: Դոնալդ Թրամփը ձայների բացարձակ մեծամասնությամբ դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը: Այս անակնկալը շատերը համեմատեցին ամիսներ առաջ բրիտանական «բրեկսիտ»-ի հարուցած շոկի հետ: Ընտրություններն աննախադեպ էին Մ. Նահանգների պատմության մեջ: Երբեք այս աստիճանի հակակրական, սկանդալային բացահայտումներով լի, բարոյական չափանիշեր անտեսող նախագահական մրցարշավ չի եղել: «Զզվելի», «ծռտիկ Հիլարի» եւ «կնատյաց», «տհաս Թրամփ», այս կարգի բառամթերք է հնչել մոտ մեկ տարի տեւած ծանր ընտրապայքարի ընթացքում:

Ընտրությունները հիմնականում տեղի ունեցան ոչ թե հանուն, այլՙ ընդդեմ սկզբունքով: Տասնյակ տարիների ընթացքում արդեն «Քլինթոնախեղդ» եղած ընտրազանգվածը չուներ այլ տարբերակ, քանՙ ընտրելու հանրապետական թեկնածուին, կամ առհասարակ չմասնակցելու ընտրությանը:

Քլինթոնի հաղթանակի համար էին պայքարում երկրի լատինախոս,մահմեդական, գունամորթ, միասեռականների ընտրազանգվածը, ինչպես նաեւՙ ամերիկյան նեկայիս քաղաքական կուրսի կողմնակիցները, նրանց աջակցող մեդիայի, հոլիվուդյան աստղերի, ճանաչված երգիչների մասնակցությամբ: Որպես փոխնակներ, Քլինթոնի օգտին քարոզարշավի դուրս եկան նախագահ Օբաման, Միշել Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, Բիլ Քլինթոնը: Քարոզչական պատերազմն ընդդեմ էքսցենտրիկ, անկանխատեսելի, շփացած եւ հանդուգն բիզնեսմենի ընթանում էր հնարավոր բոլոր մեթոդներով, բացառությամբ թերեւս, նրա ֆիզիկական ոչնչացման տարբերակից: Նախագահ Օբաման, հանուն Քլինթոնի մասնակցած քարոզարշավներից մեկում նույնիսկ արտասվել է ամբոխի առաջ, հայտնելով, որ Քլինթոնն է եղել իրեն «լավ նախագահ դարձնողը»:

Հանաք բան չէ: Հանկարծ հայտնվում է մեկը, ով հանդգնում է քանդել ամերիկյան «իստաբլիշմենտի» կարծրատիպերը, քննադատել ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությունը, Օբամային համարելով ԻՊ-ի ստեղծման աջակիցը: Հայտնել, որ Քլինթոնի «ի-մեյլ-գեյթի» սկանդալը կլինի քրեական հետաքննության առարկա: Քննադատել ամերիկյան էմիգրացիոն քաղաքականության սկզբունքները: Պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Վերացնել «Օբամա քեր»-ը: Չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այլն... Այս ամենը նման է անարյուն հեղափոխության:

Նոյեմբերի 8-ին Հիլարի Քլինթոնի հազարավոր աջակիցներ էին հավաքվել Մանհեթենի ապակեպատ տանիքով պատված շքեղ դահլիճում: Մեկ մղոն հեռու «Թրամփ Թաուր»-ում էին գտնվում հանրապետական թեկնածուի ընտանիքի անդամներն ու կողմնակիցները:

Երեկոյան ժամը 9-ից հետո սկսվեց քվեարկության արդյունքների լուսաբանումը: Ժամեր անց ընտրությունների քարտեզը ըստ նահանգների գերազանցապես կարմիր (հանրապետական) գույնով էր պատված: Գիշերվա երկուսին, երբ Ֆլորիդայի նահանգում ավարտված քվեարկության արդյունքում Թրամփի օգտին գրանցվեց 22 էլեկտորալ քվե, պարզ դարձավ, որ Քլինթոն (215 քվե) - Թրամփ (244 քվե) պայքարը ավարտվելու է վերջինիս հաղթանակով: Հետո Քլինթոնի ընտրապայքարի գլխավոր հովանավորը հայտնեց ABC-ի թղթակցին, որ իրենց համար այս ընտրություններն ավարտված են այլեւս եւ դեմոկրատների դահլիճում տիրեց դրամատիկ լռություն:

Բիզնեսմեն Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում իր նախանշած փոփոխություններիՙ «Make America Great Again» նշանաբանի շնորհիվ, խոստացված աշխատատեղերի ստեղծման, խաղաղության ձգտող արտաքին քաղաքականության, մանր եւ միջին բիզնեսի սատարման եւ սոցիալական բնույթի այլ ծրագրերի առաջարկման շնորհիվ:

Նրա օգտին քվեարկեց ագրարային տնտեսություն վարող եւ ինդուստրիալ նահանգների բնակչությունը, քոլեջ չգնացող ամերիկյան սպիտակամորթ երիտասարդության ճնշող մեծամասնությունը: Նրան են իրենց ձայները տվել ամերիկյան քրիստոնյա-ավետարանչական եկեղեցու հետեւորդները: Նա շահել է նաեւ ամերիկյան զինված ուժերում ծառայող երիտասարդների վստահության քվեն: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն նա ստացել է նաեւ ամերիկյան լատինախոս ընտրազանգվածի 30%-ի վստահությունը: Սպիտակամորթ կանաց 89%-ը քվեարկել է Թրամփի օգտին: Սպիտակամորթ արական սեռի ընտրողների 61%-ը նախընտրել է ունենալ տղամարդ, իսկ 41%-ը ցանկացել է ունենալ կին նախագահ: Այս ընտրություններում բախտորոշ եղավ Թրամփ-բիզնեսմենի ունեցած բարձր հեղինակությունը հասարակության շրջանում, քանՙ նրան վերագրված կանաց առնչությունների մասին պատմությունները:

Այսօր նրա թիվ մեկ խնդիրը ընտրությունների արդյունքում խիստ երկատված ամերիկյան բնակչության միաբանումն է: Նյու Յորքում արդեն փողոց են ելել ընտրությունների արդյունքից դժգոհ հազարավոր ցուցարարներ: Հիմնական մտահոգություններից մեկն, այնուամենայնիվ, կապված է նրա երկրի գերագույն- գլխավոր հրամանատարի կարողությունների նկատմամբ վստահության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ