RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-11-17 19:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 5032, Տպվել է` 436, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, Բոստոն-Նյու Յորք

Տասը տարվա ընդմիջումից հետո այս անգամ Ամերիկան գտա որոշապես փոխված: Առաջին աչք զարնող փոփոխությունը ավտոմեքենաներն էին. դրանք այժմ մեծ մասամբ ճապոնական են, նաեւ գերմանական: Դա աներկբայելի վկայությունն է այն բանի, որ աշխարհի դեռեւս ամենաառողջ տնտեսությունն ունեցողի համբավ վայելող այս հզոր երկիրը լուրջ, շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունի: Ճապոնական ամեն ինչի, առաջին հերթին ավտոմեքենաների նկատմամբ իր ծայրահեղ խանդոտ վերաբերմունքով ինձ նախապես ծանոթ Ամերիկայից այժմ ոչինչ չի մնացել կարծես. ամենուր «Տոյոտաները», «Նիսաններն» ու «Հոնդաներն» են վխտում: Հետեւաբար ամենահեշտն էր Ռոնալդ Թրամփի համար ընտրապայքարում օգտագործել այս, հետեւաբար գործազրկության խնդիրը, որի մեկ այլ բացասական արտահայտությունն է ամերիկյան Hoover մակնիշի փոշեկուլների եւ տնտեսական այլ ապրանքների վերջին գործարանը օրերս փակվեց Մ. Նահանգներում, քանի որ ընկերության ամբողջ արդյունաբերությունն այժմ տեղափոխվել է Մեքսիկա եւ նույնիսկ Չինաստան: Կապիտալ ներդրումների իսկական արտահոսքՙ երկրում միլիոնավոր աշխատատեղերի կորստի ծանր հետեւանքներով:

Աչքի զարնող երկրորդ բանը հեռուստատեսությունից մեզ արդեն ծանոթ բողոքի ցույցերն ու միտինգներն էին: Հետընտրական նման բողոքներին վարժ հայաստանցու աչքերիս ավելի անսովորը սակայն այն էր, որ ո՛չ Բոստոնում եւ ո՛չ էլ Նյու Յորքում չտեսա որեւէ բողոքավորի, որի բռնած պաստառի կամ ցուցատախտակի վրա գրված լիներ Հիլարի Քլինթոնի անունը: Նրանք Հիլարիի կողմնակիցները, առավել եւս երդվյալ երկրպագուները չէին, այլՙ Թրամփի ոխերիմ հակառակորդները: «Թրամփը մեր նախագահը չէ». սա՛ էր միայն նրանց պատգամըՙ ֆաշիստ, ռասիստ, կնատյաց, կու-կլուքս-կլանական եւ այլ բնորոշումներով հագեցած (միայն անտիսեմականն է բացակայում)...

Աչքառու երրորդ նորությունն ինձ համար ամերիկացիների կլանվածությունն էր քաղաքական լուրերովՙ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ, ինձ նման տպագիր մամուլի երկրպագողիս գոհունակություն պատճառող փաստՙ թերթերով: Սովորաբար քաղաքական լրատվության հանդեպ ընդգծված անտարբերությամբ հատկանշվող միջին ամերիկացին ամբողջովին եւ ամենուր աչքն ու ականջը սրած է պահում դեպի նորությունները: Երեւի արդեն հասկացել է, որ եթե ինքը չզբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի իրենով: Նրան այժմ հետաքրքրում է յուրաքանչյուր լուր եւ մեկնաբանություն- ովքե՞ր են մաս կազմելու Թրամփի վարչախմբին, ի՞նչ մարդիկ են դրանք, ի՞նչ կանխատեսումներ կան գործազրկության դեմ պայքարի, կրթության, առողջական ապահովագրության, տոկոսադրույքների ասպարեզում, բայց մանավանդՙ Թրամփը իրականացնելո՞ւ է համապատասխան միջոցներ անօրինական ներգաղթյալների դեմ, կառուցելո՞ւ է Մեքսիկայի հետ իր երկրի 1000 կիլոմետրանոց սահմանի պարսպապատումը, ճնշելո՞ւ է սեւամորթ ազգաբնակչության ընդվզումները...

Մեկ խոսքովՙ սովորաբար ինքնավստահ, relax-ը պաշտող ամերիկացին այս օրերին դարձել է մտահոգ վաղվա օրվա հանդեպ:

Ըստ երեւույթին զգում է, որ Մ. Նահանգներն այլեւս չի լինի այնպես, ինչպես տասնամյակ առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ