RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2016-11-17 19:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4745, Տպվել է` 420, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՐՎԱԾԵԼ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գիտնական մասնագետները դիմում են վարչապետին

Հանրապետության կառավարության համակարգում գործող ՊՈԱԿ-ների թվի կրճատման եւ նման գործառույթներ ունեցողների միավորման մասին վարչապետի հանձնարարականի միագիծ, անխտիր կատարումը կարող է տեղ-տեղ լուրջ վնաս հասցնել: Այս առումով խիստ մտահոգություն են հայտնել Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության (Գյումրի) մասնագետները, որոնց տեղեկություններովՙ միավորվելու են հանրապետության սեյսմիկ պաշտպանության ծառայության գործող 4 ՊՈԱԿ-ները. դրանց փոխարեն լինելու է միայն մեկըՙ մայրաքաղաքում, իսկ մյուսները, վերակազմավորվելով, դառնալու են կենտրոններ: Հիշյալ ծառայության ստեղծման ու կայացման գործում առանցքային դերակատարում ունեցողՙ ոլորտի երեք հեղինակավոր մասնագետներՙ գիտության դոկտորներ Սերգեյ Նազարեթյանը, Սամվել Հովհաննիսյանը (Գյումրի) եւ Ռազմիկ Աթաբեկյանը (Վանաձոր) վարչապետ Կարեն Կարապետյանին են դիմել խնդրի հետ կապված բաց նամակով, որը լրագրողներին ներկայացրին անցած երեքշաբթի:

1991 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի դասերի հիման վրա, հանրապետության կառավարությանն առընթեր (այժմՙ ԱԻՆ համակարգում) Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կազմավորումից մեկ տարի հետո ստեղծվեց նրա հյուսիսային բաժանմունքը Գյումրիում, որպես ՍՊԱԾ-ի կրկնորդ: Վերջինս Երեւանում սեյսմիկ արտակարգ իրավիճակի դեպքում պետք է լիներ մայրաքաղաքից հեռու գտնվող մի կենտրոն, որն իր վրա վերցներ ՀՀ ՍՊԱԾ-ի բոլոր գործառույթները: Տարիներ հետո ստեղծվեցին հարավային (Կապան) եւ ԼՂՀ բաժանմունքները, որպեսզի ՍՊԱԾ-ի 150 կայաններից կազմված դիտարկումների ցանցում առաջացած խնդիրներն արագ լուծվեն տեղերում, համապատասխան մշտական գործառույթներ իրականացվեն երկրի ամբողջ տարածքում: Այսօր, ինչպես նշվում է բաց նամակում, ստեղծվել է սերտ համագործակցություն ՊՈԱԿ-ների, մարզպետարանների եւ ՏԻՄ-երի միջեւ քաղաքաշինական եւ բազմաթիվ այլ խնդիրներով: Մեկ ՊՈԱԿ-ի դեպքում այս կապերը խիստ կտուժեն: Այս կառուցվածքի եւ բարձրակարգ մասնագետների շնորհիվ ՀՀ ՍՊԱԾ-ը հասել է նաեւ միջազգային մակարդակի բարձր արդյունքների, արժանացել ՄԱԿ-ի տարերային աղետների դեմ պայքարի բարձրագույնՙ Սասակավայի մրցանակին, սեյսմիկ պաշտպանության մեր համակարգը համարվել աշխարհում օրինակելի: «Այսօր միավորելով ՊՈԱԿ-ներըՙ չգիտենք ինչ կշահի երկիրը, բայց որ խիստ կթուլանա սեյսմիկ պաշտպանությունըՙ միանշանակ է»:

ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի կարեւոր հիմնախնդիրները, ինչպես նշվում է, ունեն գիտական ուղղվածություն, եւ դրանց լուծումն իրականացնողներից գիտական պատրաստվածության բարձր մակարդակ ու նաեւ նույնքան փորձառություն է պահանջվում: Երիտասարդ կադրեր ընդգրկելու պահանջով նաեւ միանգամից ազատվելը (պարտադրված հանգստի ուղարկելը) իրենց գիտելիքներով ու կարողություններով ոլորտում լոկոմոտիվի դեր կատարող թոշակային տարիքի հասած տասնյակ բարձրակարգ կադրերից, երբ կա նաեւ այնքան ցածր աշխատավարձով աշխատելու պատրաստ լուրջ մասնագիտական հերթափոխի խնդիր, նամակի հեղինակների գնահատմամբ, կոպիտ սխալ կլինի: Եվ մի՞թե, իրոք, նրանց չնչին աշխատավարձի «տնտեսման» հույսին է մնացել երկիրը:

Սա կառավարչական հիմնարկ չէ, այլ երկրի ողջ տարածքում ազգային անվտանգության գիտական եւ գործնական խնդիր լուծող կառույց: Ուստի, թվում է, այստեղ զուտ մեխանիկական մոտեցումը տեղին չէ: Յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժ տեղի է ունենում այն ժամանակ, երբ մոռացվում են նախորդի դասերը: Ըստ սեյսմաբան գիտնականների, ոլորտում նախատեսվող քայլերը կբերեն ֆինանսական միջոցների չնչին խնայողության, սակայն դրանց հասցրած վնասն անդառնալի մեծ կարող է լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ