RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-11-17 19:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3058, Տպվել է` 384, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՇԻՑ ՀԵՏՈՙ ՄԱՆԱՆԵԽ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Եվրոհանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ 100 էջանոց զեկույց է հրապարակել: Մի կողմ թողած մյուս բոլոր ձեւակերպումները, արձանագրենք, որ դրանում առաջին անգամ արձանագրվում է, որ Թուրքիան «Լեռնային Ղարաբաղում ապրիլյան ռազմական բախումների ժամանակ ամբողջ ձայնով պաշտպանել է Ադրբեջանին»:

Թուրքիա-Եվրոմիություն հարաբերությունները լարված են: Եվրախորհրդարանի նախագահ Շուլցը նույնիսկ սպառնացել է, որ Թուրքիայի դեմ կարող են կիրառվել տնտեսական եւ այլ պատժամիջոցներ: «Ո՞վ է այդ Շուլցը,- հակադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանը,- թող նախ իր կազմակերպության ահաբեկիչներին բացահայտի»:

Այս համատեքստում ինչո՞ւ են Բրյուսելում անդրադարձել ապրիլյան մարտերի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը: Թուրքիան մեղադրվում է քաղաքական օժանդակությա՞ն համար, թե Եվրոհանձնաժողովն ունի նաեւ այլ հիմքե՞ր: Քաղաքականություն կոչվածը «սառցալեռ» է, ինչ հրապարակվում էՙ միայն տեսանելի մասն է, խորքը մնում է գաղտնիք:

Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլի մի հրապարակում որոշակի եզրահանգումների է մղում: Գնահատելով Եվրոհանձնաժողովի զեկույցի վերոբերյալ ձեւակերպումը, haqqin.az-ը կարծում է, որ «այդպիսով Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի կողմից դաշնակցային պարտականությունների կատարումը Բրյուսելում խիստ անհանգստություն է հարուցել»: (http://haqqin.az/news/84923)

Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն ռազմական փոխօգնության պայմանագիր, բայց այնտեղ կողմերը պարտավորվում են միմյանց օժանդակություն ցուցաբերել, եթե մեկը ենթարկվում է երրորդ ուժի նախահարձակման: Իսկ ապրիլին Ադրբեջանը նախահարձակման չի ենթարկվել:

Ճիշտ է, մինչեւ վերջերս Բաքվի քարոզչամեքենան հանդես էր գալիս «հայկական կողմի սադրանքները կանխելու» վարկածով, բայց նոյեմբերի 12-ին Իլհամ Ալիեւը վերջ դրեց այդ մտավարժանքներին, երբ հայտարարեց, որ եթե «հայերը հետեւություններ չանեն ապրիլյան դեպքերից, ապա նրանց սպասում են Լելե-թեփեի նման բազում ճակատամարտեր»: Այսինքն, նա խոստովանեց, որ ապրիլյան մարտերը հայկական կողմին «հետեություններ» պարտադրելու նպատակ ունեին:

Այս դեպքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը բոլորովին այլ իմաստ է ստանում: Դա, իհարկե, գաղտնիք չէր: Երբ մարտական գործողությունների երրորդ օրը, հասկանալով, որ ամեն ինչ տանուլ է տրված, Ալիեւը հանդես եկավ կրակի դադարեցման առաջարկությամբ, Անկարայից Էրդողանը նրան ուղղորդեց. «Ադրբեջանը կդադարեցնի կրակը, եթե հայերը նույնպես դադարեցնեն»:

Ակնհայտ էր, որ դա ռազմական հակամարտության մեջ ուղղակի դերակատարում ունեցող երկրի տեսակետ է: Եւ, իհարկե, Բաքուն հետեւեց Էրդողանի խորհրդին: Իսկ արդեն ապրիլի 6-ին Էրդողանը ցավակցական հեռագիր հղեց Ալիեւինՙ սգալով «ադրբեջանցի զինծառայողների կորուստը»: Դա նույնպես վկայություն էր, որ Թուրքիան ներգրավված է մարտական գործողություններում:

Եւս մի էական հանգամանք բացահայտվեց, երբ Ադրբեջանում հրապարակվեց ապրիլի 2-ին սպանվածՙ հատուկ նշանակության զորախմբի փոխհրամանատար Մուրադ Միրզաեւի կենսագրականը, որից պարզ դարձավ, որ 1998թ.-ին ավարտելով Թուրքիայի ԶՈՒ ԳՇ ակադեմիան, Միրզաեւը գումարտակի հրամանատարի պաշտոնով ծառայության է անցել թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներումՙ հասնելով մայորի զինվորական կոչման:

Սպանվելու դրությամբ Միրզաեւն ադրբեջանական բանակի գնդապետ-լեյտենանտի (փոխգնադապետի) կոչում ուներ: Այդ է վկայում նրան «ազգային հերոսի» կոչում շնորհելու մասին Իլհամ Ալիեւի հրամանագիրը: Եւ եթե նա մինչ այդ թուրքական բանակում հասել էր մայորի կոչման, ապա հարց է առաջանումՙ ե՞րբ է Միրզաեւը «ծառայության անցել» Ադրբեջանում:

Արդյոք անցե՞լ է, թե ուղղակի Թուրքիայի՞ց է գործուղվել Ադրբեջան: Այսինքն, նա չի՞ հանդիսացել, արդյոք, թուրքական բանակի սպա: Եւ ովքե՞ր են եղել նրա հրամանատարության ենթակա կրտսեր սպաները եւ շարքային հատուկջոկատայինները, որ ռազմական հանցագործություններ են կատարել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Բացառված չէ, որ նրանք նույնպես թուրքական բանակից էին: Եւ Էրդողանը հենց նրանց մահն էր սգում:

Ադրբեջանական լրատվամիջոցի անդրադարձում կա մի նուրբ պահ: «Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մինչ այժմ հանդես չի եկել Անկարայի պաշտպանությամբ եւ չի դատապարտել Թուրքիայի հանդեպ ընդունված կանխակալ զեկույցը»,- գրում է haqqin.az-ը: Փաստացի սա ակնարկ է, որ Ադրբեջանը, ապրիլյան պատերազմում ստանալով Թուրքիայի աջակցությունը, ներկայումս նրան մենակ է թողել Եվրոմիության հետ հարաբերություններում:

Բայց արդյոք Իլհամ Ալիեւը քաջություն կունենա՞ դատապարտելու Եվրոհանձնաժողովի զեկույցը: Չէ՞ որ այդ դեպքում նա կընդունի, որ ապրիլին իրոք Թուրքիան ցուցաբերել է ռազմական օժանդակությունՙ դառնալով մարտական գործողությունների անմիջական մասնակից: Այսինքն, կհրապարակայնացնի այն, ինչ ուղղակի ասում է հայկական կողմը եւ միջնորդավորված ակնարկում Եվրոմիությունը:

Հազիվ թե Ադրբեջանը գնա նման քայլի, քանի որ այդ դեպքում Արցախի կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության հեռանկարը, որ փայփայում են Անկարան եւ Բաքուն, լիովին կբացառվի: Ի՞նչ միջնորդության մասին կարող է խոսք լինել, եթե պարզվում է, որ Արցախի դեմ Ադրբեջանի նախահարձակման ծրագրավորմանը եւ իրականացմանն անմիջականորեն ներգրավված է եղել նաեւ Թուրքիան:

Ոչ ոք Եվրոհանձնաժողովի զեկույցի շուրջ ավելորդ պատրանքներ չի տածում: Եվրոմիություն-Թուրքիա հարաբերությունները կարող են ունենալ անսպասելի զարգացումներ: Էրդողանն սպառնում է հանրաքվեի դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության հարցը եւ ընտրել առաջընթացի այլ ուղղություն: Եվրոհանձնաժողովի զեկույցն առայժմ միայն ակնարկում է, որ Բրյուսելը կարող է հրապարակ բերել ավելի խորքային տեղեկույթ:

Բայց կհասնի՞ դրան իրավիճակը: Ամեն դեպքում ապրիլյան պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Եվրոհանձնաժողովի ենթատեքստային դիտարկումը, կարծես, «ճաշից հետո մանանեխ է»: Դրության եւ ապագայի պատասխանատուն եղել եւ մնում է հայկական զինուժը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ