RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-11-17 19:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2581, Տպվել է` 169, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆ

Մոսկվայի երաժշտության միջազգային տան (ՄԵՄՏ, Московский международный дом музыки, հիմնադիր նախագահՙ Վլադիմիր Սպիվակով) համերգասրահում 2017 թ. փետրվարի 8-ին կայանալիք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ծՂԿՀ -ՌԱՖՆ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Վլ.Սպիվակով) համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Իհարկե, սա մեծ նվաճում է երիտասարդ հայ դիրիժորի համար, եթե հաշվի առնենք այն, որ, ըստ էության, ՌԱՖՆ-ը Ռուսաստանի գլխավոր սիմֆոնիկ նվագախումբն է: (Որը սույն տողերի հեղինակին Վլադիմիր Սպիվակովի ասված խոսքերով, իրեն խնդրել է ստեղծել անձամբ Վլադիմիր Պուտինը):

Նշենք նաեւ, որ ՄԵՄՏ բեմից հանդես են եկել այնպիսի համաշխարհային համբավ վայելող արվեստագետներ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Յուրի Բաշմետը, Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Ջեսսի Նորմանը, Կիրի Տե Կանավան, Դենիս Մացուեվը, ջազմեններ Իգոր Բուտմանը, Ալեքսեյ Կոզլովը, դերասաններ Օլեգ Տաբակովը, Ալլա Դեմիդովան եւ ուրիշներ:

Ինչպես նշվում է ՄԵՄՏ տեղեկատվության մեջ, «ՌԱՖՆ վահանակի մոտ առաջին անգամ կանգնելու է 29-ամյա Սերգեյ Սմբատյանըՙ մի քանի բացառիկ նվագախմբերի ստեղծողը. Հայաստանի երիտասարդական նվագախումբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախումբ, «24/04» համաշխարհային նվագախումբ: Իրենց բնութագրմամբ, «Սերգեյ Սմբատյանը ականավոր անձնավորություն է, վառ տաղանդ: 13 տարեկանում նա դարձել է ջութակի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրՙ Իտալիա, Ճապոնիա, Ռումինիա, սկսել է հանդես գալ որպես մենակատար աշխարհի լավագույն նվագախմբերի հետ: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները, այնուհետեւՙ Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիան: 2005 թ., 18 տարեկան հասակում, ստեղծեց եւ գլխավորեց Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որը երեք տարի անց ստացավ պետականի կարգավիճակ: 2016-ի ամռանը Ս.Սմբատյանը դարձավ «Դեբյուտ Բեռլինի ֆիլհարմոնիայում» միջազգային մրցույթի հաղթող, ստանալով այդ փառապանծ դահլիճում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու իրավունք: 2015-ի աշնանը Սմբատյանը առաջին անգամ ղեկավարեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, ՌԱՖՆ-ի հետ հանդես է գալիս առաջին անգամ»:

Համերգի ծրագրում են Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը եւ Դաշնամուրի եւ նվագախմբի համար թիվ 1 կոնցերտը, նաեւՙ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադա» սիմֆոնիկ սյուիտը:

Համերգին որպես մենակատար հանդես է գալու միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդական «Տրիումֆ» մրցանակակիր, ՌԴ նախագահին կից Մշակույթի եւ արվեստի խորհրդի անդամ, «Եկատերինա Մեծ» շքանշանակիր դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան:

Հոկտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին Սերգեյ Սմբատյանը Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում, իսկ հոկտեմբերի 26-ինՙ Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում ղեկավարեց «Երեկոՙ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը, որոնց ընթացքում աշխարհահռչակ դերասան, Հոլիվուդի գերաստղ Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էռնեստո Սաբատոյի եւ Պաբլո Ներուդայի բանաստեղծություններըՙ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի եւ Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ: Որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ թավջութակահարուհի Նինա Կոտովան: Երեկոների ընթացքում միաձուլվել են երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու լեգենդար դերասանի կատարողական վարպետությունը:

Հարկ է հիշեցնել, որ Սերգեյ Սմբատյանը եւ Ջոն Մալկովիչը առաջին անգամ միասին հանդես են եկել 2015թ. Սեուլում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ