RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2086, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

N1. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԱՆԱՆ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ

Պ. Ք.

Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում սկսված բավական բարդ իշխանափոխության ընթացքում առանձնահատուկ կարեւորություն է տրվում այն հարցին, թե նոր նախագահն ինչպիսի հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ, մանավանդՙ Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության առումով: Սակայն անհրաժեշտ է առնվազն նույնքան ուշադրություն դարձնել նաեւ այն բանին, որ Վաշինգտոնի ենթադրյալ գործընկերների, այդ թվում ԱՄՆ հարկատուների փողերը ստացող որոշ զինված կազմավորումների պատճառով չի հաջողվում կարգավորել մի հակամարտություն, որն արդեն շուրջ 500 հազար կյանք է խլել եւ տասնյակ միլիոնավոր մարդկանց ստիպել է լքել իրենց տները: Պրոֆեսոր Քրիստոֆեր Ա. Փրեբլը այդ մասին ծավալուն հոդված է գրել ամերիկյան National Interest թերթում: Նա հիշեցնում է, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը ստիպված էր նույնիսկ հակասել ապագա փոխնախագահ Մայքլ Փենսին, որն առաջարկել էր թռիչքազերծ գոտի հաստատել Սիրիայի երկնքում: «Մենք այդ մասին դեռ չենք խոսել, եւ ես համաձայն չեմ», նշել էր Թրամփը:

Դրանից մեկ շաբաթ առաջ Թրամփը նաեւ խոստովանել էր, որ ինքը Սիրիայի հարցում ունի «շատերին հակառակ կարծիք»: Նա ավելացրել էր, որ ինքը կդադարեցնի օգնությունը նախագահ Ասադի հակառակորդներին եւ կկենտրոնանա «Իսլամական պետության» դեմ ուղղված պայքարի վրա:

Հանրապետական կուսակցության վերնախավը, սակայն, շեշտը դնում է ստատուս-քվոյի պահպանման վրա: Այսպես. հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը նոյեմբերի 15-ին Թրամփին հորդորեց զգուշանալ «ՊԱԿ-ի նախկին գործակալ» Պուտինից, որը «փորձեց վիժեցնել ԱՄՆ-ի ընտրությունները»: Մակքեյնի խոսքերով, ԱՄՆ-ը իր արշալույսին մշտապես օժանդակել է բռնակալության դեմ ուղղված պայքարին:

Հոդվածագիրը ցավով արձանագրում է, որ շատ դժվար է գտնել նրանց, ովքեր իրոք «պայքարում են բռնակալության դեմ», այլ ոչ թե ձգտում են իրենց բռնակալությունը հաստատել հաղթանակից հետո: Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբիայի օրինակները եւ «սառը պատերազմը» ցույց են տալիս, որ ազատության իսկական մարտիկներին երբեմն անհնար է տարբերել խաբեբաներից եւ ելուզակներից: Չնայած բազմաթիվ տխուր փաստերին, Մակքեյնը շարունակում է պնդել, թե ԱՄՆ-ը կարող է գտնել «լավ տղաներ» եւ նրանց օգնել փոխելու իրենց երկրների քաղաքականությունը:

ԱՄՆ-ում նման ցանկություն ունեն քչերը: Նախագահ Բարաք Օբաման ծանր կացության մեջ հայտնվեց, երբ հանդես եկավ Բաշար Ասադի տապալման օգտին, բայց նաեւ զգուշացավ, որ նրա տեղը չզբաղեցնեն «Ալ-Ղաիդայի» նախկին մասնաճյուղ «Ան-Նուսրա ճակատի» իսլամիստ արմատականները: Ուստի զարմանալի չէ, որ ստուգումն անցած սակավաթիվ կազմավորումներին զինելու Օբամայի վարչակազմի փորձերը ձախողվեցին: National Interest-ը դա մասամբ բացատրում է նրանով, որ ԱՄՆ-ը սահմանափակ միջոցներ ունի նման խմբավորումներին պաշտպանելու համար:

Թռիչքազերծ գոտու հաստատումը կարող է դանդաղեցնել որոշակի խմբավորումների լիակատար ոչնչացումը, բայց դեպքերի նման զարգացման դեպքում մեծանում է պատերազմի ընդլայնման վտանգը: Քանի որ Սիրիայի դաշնակից Ռուսաստանը նույնպես գործում է օդային տարածքում, թռիչքազերծ գոտիները կսպառնան նաեւ Ռուսաստանին: Վտանգի կենթարկվեն նաեւ ամերիկյան օդանավերն ու օդաչուները: Սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի հոկտեմբերյան նիստում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարեց, որ ինքը չէր բացառի ռուսական օդանավերի կողմից ամերիկյան օդանավի խոցման հնարավորությունը:

Կոնգրեսի որոշ անդամներ դեմ էին Սիրիա ներխուժելուն, եւ 2013-ի ամռան վերջին որոշվեց շարունակել Բաշար Ասադի դեմ պայքարող մի շարք խմբավորումների ֆինանսավորումը:

Թեեւ ԱՄՆ-ի դաշնային օրենքներն արգելում են օգնել ահաբեկչական կազմակերպություններին, երկրի ենթադրյալ դաշնակիցները եւ ըստ էության «բնորդները» գործում են ուրիշ կանոններով: Նրանք քաղաքացիական պատերազմի կրակը բորբոքելովՙ ֆինանսական եւ այլ կարգի օգնություն են հատկացնում մի ամբողջ շարք կազմակերպությունների, որոնք չէին կարողանա դիմանալ ԱՄՆ կառավարության ստուգմանը: Այլ կերպ ասած, որոշ երկրներ, որոնց մի մասը օգնություն է ստանում ԱՄՆ-ից, ֆինանսավորում են ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում «Իսլամական պետությանը»: Նրանց կարելի է նույնիսկ անվանել ահաբեկչության հովանավոր պետություններ, ինչը ցանկացած այլ համատեքստում բավարար կլիներ նրանց հատկացվող ֆինանսական աջակցության դադարեցման համար:

Խմբ. կողմից- Պատահական չէր, որ օրերս Մ. Նահանգների ընտրյալ նախագահը հայտարարեց, որ Սիրիայի վերաշինության ֆինանսավորման պարտականությունն ընկնում է գլխավորաբար Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի վրա, որոնց ֆինանսավորմամբ է ավերակվել այդ երկիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

AZG Daily #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ