RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 5139, Տպվել է` 423, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿԻՐԸ ԴԵՊԻ ՀԵ՞Տ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարից հետո շատերը հիշեցին Ռուսաստանի Դաշնության երբեմնի վարչապետ Վիկտոր Չեռնոմերդինի նշանավոր ասույթներից մեկըՙ «Ինչ էլ որ անում ենք, վերջում ստացվում է ՍՄԿԿ»: Եվ իրոք, շռնդալից, զանգվածային այդ համագումարը բազմաթիվ առումներով հիշեցրեց Կոմկուսի կրեմլյան համագումարները, ընդամենը մի քանի տարբերություններով: Օրինակՙ բեմի վրա, այսինքն նախագահությունում, ոչ մի կթվորուհի կամ խառատ չկար, եւ բացի մեկիցՙ բոլորը իշխանավորներ էին կամ նախկին-ապագա չինովնիկներ: Տարբերություններից մեկն էլ այն էր, որ Կրեմլի Համագումարների պալատում, ներողությունՙ Երեւանի Մարզահամերգային համալիրի ներքեւի հարկում, սպեցխանութ չկար պատգամավորների համար, որտեղից նրանք, այդ հին, երանելի օրերին, կարող էին արտասահմանյան վերարկու, չեխական կոշիկ կամ հունգարական երշիկ գնել շա՜տ մատչելի գներով: Փոխարենը, ենթադրում եմ, համագումարին ներկա 1700 եւ ավելի պատգամավորները միահամուռ, բնականաբար առանց «դեմ» կամ «ձեռնպահ» ձայների, ամեն անգամ մանդատներ բարձրացնելիս, դիրք-պաշտոն, աշխատանք-աշխատավարձ պահպանելու կամ ձեռք բերելու մասին էին մտածում: Իսկապես, «ստացվում է ՍՄԿԿ»:

Հանրապետական կուսակցությունն իրեն պահպանողական-ժողովրդավարական է համարում: Եվ արդարորեն, իրավացի կերպով: Իմ տպավորությամբ, նրանքՙ հանրապետականները, շատ են սիրում գաղափարաբանական այդ հիմնադրույթըՙ պահպանողականը: Քանզի, միշտ իմ զուտ անձնական տպավորությամբ, նրանք այդ բառի տակ հասկանում են իշխանությունը սեփական ձեռքերում պահպանելը: Ինչպես ժամանակինՙ Կոմկուսը, ինչպես ավելի մոտ ժամանակներումՙ ՀՀՇ-ն: Ինչպես հայտնի է, երկուսն էլ կազմալուծվեցին, կամ կազմաքանդվեցին, ինչպես պիտի ասեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ ուրիշ առիթով: Կազմաքանդվեցինՙ երբ կորցրեցին իշխանությունը, երբ, դարձյալ հիշենք մոտիկ անցյալը, 1999-ի խորհրդարանական ընտրություններին Վանո Սիրադեղյանը միայնակ ավելի ձայն հավաքեց, քան ողջ ՀՀՇ-ն: Ստացվում է, որ Վիկտոր Ստեփանիչը իրավացի էր:

Ինչպես վերեւում նշեցի, ՀՀԿ-ն որպես գաղափարախոսական հիմնադրույթ ընդունում է նաեւ ժողովրդավարությունը, դեմոկրատիան: Դարձյալ արդարորեն, իրավացի կերպով: 16-րդ համագումարը հստակորեն ցույց տվեց դա, երբ այն բացվեց եւ փակվեց նույն, կամ գրեթե նույն կազմով: Կուսակցության ղեկավար մարմինները հրաժարական չներկայացրեցին, ինչպես ընդունված է դեմոկրատական կառույց ունեցող ավանդական կուսակցություններում: Պատգամավորները համագումարի ժամանակավոր նախագահություն չընտրեցին, ամբողջ նիստն ընթացավ ղեկավար նույն կազմի նախագահության ներքո: Այսինքն խախտվեց հաշվետու-հաշվեառ սկզբունքը, եւ կուսակցության կանոնադրական գերագույն մարմինըՙ համագումարը, ի պատկերի ՀՀ Ազգային ժողովի, մնաց դակիչի` ամեն ինչ հաստատողի դերում:

Ես չեմ հավատում եւ որեւէ ապացույց չունեմ, որ այն 7000 քաղաքացիները, որոնք դիմում են տվել անդամակցելու ՀՀԿ-ին, դա արել են ստիպողաբար, ինչպես պնդում են շատերը: Դա կլիներ ՀՀ սահմանադրության եւ կուսակցությունների մասին օրենքի ամենակոպիտ խախտում: Մեր երկրում օրենքը թույլատրում է կուսակցություններին անդամակցել բացառապես կամավորության սկզբունքով, որպես ազատ կամքի արտահայտություն: Ընդհակառակը, իմ տպավորությամբ, այդ 7000 քաղաքացիներն այդ քայլին գնացել են կամովի՛ն, ինքնաբո՛ւխ, գլխավերեւում տանիք ունենալու, աշխատանքը կամ բիզնեսը չկորցնելու կամ նման նկատառումերով: Ինչպես ժամանակին, երբ նույնիսկ կաշառք էին տալիս Կոմկուս ընդունվելու համար:

Այնպես որ, իրավացի էր Վիկտոր Ստեփանիչ Չեռնոմերդինը:

Սակայն ես ՌԴ երբեմնի վարչապետի ասույթը լրիվ չմեջբերեցի: Նա ասում էր. «Ինչ էլ որ անում ենք, ստացվում է ՍՄԿԿ, կամ էլՙ կալաշնիկով հրացան»:

Աստված մի՛ արասցե:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ