RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 5017, Տպվել է` 433, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՂՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀԿ համագումարն ավելի շատ նոր հարցեր ավելացերեց, քան թե պատասխաններ տվեց հին հարցերին: Անպատասխան մնաց գլխավոր հարցը` ի՞նչ ճակատագիր է սպասվում արագ եւ անհետաձգելի փոփոխությունների հանրության սպասումին, որը հազիվ թե երկար դիմանա «առաջիկա տարիների բեկումնային փոփոխություններին»: Այդ տարիները արդեն հալվել են ՀՀԿ-ի իշխող կուսակցություն լինելու շատ տեւական ժամանակընթացքում: Մի պահ թվում էր, որ նոր վարչապետի նշանակմամբ այդ փոփոխություններն առարկայացան, մանավանդ նոր կառավարությունում նախկին վարկաբեկված դեմքերից կարծես թե ազատվեցին («զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնվածՙ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից», նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում): Սակայն Կարեն Կարապետյանի ու եւս 7 հազար մարդու` մի հարվածով մուտքը ՀՀԿ կարծես հիասթափեցրել է փոփոխությունների սպասումը կրողներին, որքան էլ նախագահ Սարգսյանը հույս ունի, թե «պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»: Քանի որ շատերի աչքում վերջին 10 տարում իշխած կուսակցությունը չի գեներացրել հանրության սպասումները, իսկ փոփոխությունների դրոշակակարի տեղ ընդունված վարչապետը մտել է ա՛յդ կուսակցություն:

ՀՀԿ համագումարում հնչած Սերժ Սարգյանի ելույթը տեղ-տեղ հիշեցնում էր ոչ թե կուսակցության ղեկավարի ելույթ, այլ երկրորդ ժամկետն ավարտող նախագահի հաշվետվություն: Կարելի է որակել` հիանալի ելույթ, ինչպես, ի դեպ, նրա շատ ելույթներ տարբեր առիթներով: Սակայն ելույթի Հայաստանն այլ է, փողոցի Հայաստանը` լրիվ այլ, ու այս երկուսի հաղորդակից անոթները կարծես թե գոյություն չունեն: Հենց նախագահի ասած` 1/3-ով աղքատ Հայաստանը, որի մեջ, ի դեպ, շատերս կարող ենք լինել, հազիվ թե հասկանա ելույթի` ձեռքբերումների մասին հատվածները: Բնակչության մեկ երրորդի աղքատության պարագայում պաշտոնավարած նախագահն էլ, կուսակցությունն էլ պետք է երեւի ներումն խնդրեին այդ մեկ երրորդից, քանի որ չեն նպաստել ազգային արդյունքի այնպիսի արդարացի բաշխման, որպեսզի այդ մեկ երրորդի փոխարեն գոնե մի հինգ տոկոս աղքատություն ունենայինք, որն երեք միլիոնանոց Հայաստանի համար էլի շատ պիտի լիներ, իսկ այն մոտ երեսուն տոկոսի է հասնում հենց նախագահի տվյալներով:

Հավանաբար ՀՀԿ-ն համարել է, որ իր ճանապարհից հեռացրել է բոլոր խոչընդոտներն ու խոչընդոտողներին, ու կրկին կարող է վարվել այնպես, ինչպես մինչեւ այժմ: Մինչդեռ շատերն այդ կարծիքին չեն` կապրենք-կտեսնենք:

Առհասարակ` երբեմն թվում է, թե մեր կյանքն ու զանազան ելույթները բացարձակապես միմյանց հետ կապ չունեն: Ավելին` մեր կյանքը մի դեդեկտիվ սերիալ է թվում, որի իրադարձություններն արագ հերթագայում են մեկը մյուսին, զբաղեցնում բոլորիս միտքը, շեղում մեզ առօրյա խնդիրների լուծումից, իսկ իրական, հիմնական մոտիվը, որը գտնվում է չափ տվողի կամ տվողների փայտիկի տիրապետության տակ, մենք այդպես էլ չենք կարողանում բացել: Այդ մոտիվը մեզ տանում է այնտեղ, որտեղ լինելը պարտադիր չէ, ընդհակառակը` խանգարում է մեզ կենտրոնանալ ու մեր խնդիրները լուծել: Հենց այդպես է պլանավորված երեւի ի սկզբանե, իսկ մենք չենք կարողանում այդ խաղի սուբյեկտը չդառնալ: Ուղղակի ֆիքսում ենք իրադարձությունները` առանց տրամաբանական հետեւությունների, թե ինչն ինչի համար էր արվում եւ ինչի բերեց:

Համենայնդեպս վերջին տարիների կյանքի քրոնիկոնն այդ զգացողությունն է առաջացնում: Հայ-թուրքական պայմանագիր, Պերմյակով, ընդդիմության միացման-բաժանման սերիալները, կառավարության փոփոխություն` մի տարով (լավ էլ երկար դիմացավ Հովիկ Աբրահամյանը), ԵՄ անդամակցման հրաժարումն եւ աժիոտաժ դրա շուրջ` դրան նախորդող եվրոասոցիացման պայմանագրի տեւական ռեալիթի- շոուով, ապրիլյան պատերազմ, Պապի գալուստ, «Սասնա ծռեր», կրկին կառավարության փոփոխություն եւ այլն... Այս բոլորը լցրել են իշխանության ժամկետի համարյա առյուծի բաժինը` մարդկանց ու լրատվամիջոցներին ամեն օր զբաղեցնելով այս իրադարձություններին մերձ մտքերով, իսկ երկրի իրական զարգացման մասին խոսակցությունն առհասարակ երկրորդ-երրորդ պլանում էր: Հիմա էլ գուցե անվերջ կխոսեն ապօրինի հարստացման դեմ պայքարից, իրականում բոլորին հնարավորություն տալով մինչեւ եկող տարվա հունիսի մեկն ապօրինի հարստանալ եւ պատասխան չտալ, օրենքը հետո է գործելու:

Այդ ընթացքում ընտրություններ կլինեն, ապօրինի փողերը գլխավոր դերեր կստանան, դրանց տերերն` ինդուլգենցիաներ, ու կգնան իրենց գործին, ամեն ինչ «օ քեյ» կլինի: Հունիսի մեկին ամեն ինչ խաղաղված կլինի, բոլորը գնացած կլինեն տուն` աղքատներն իրենց անհրապույր ու բոլոր առումներով թքած-կպցրած տները, ապօրինի փողատերերը հասցրած կլինեն իրենց մնացած ապօրինին դուբայներ եւ այլ վայրեր փոխադրել` անշարժ ու շարժական կապիտալի տեսքով, ՀՀԿ-ն ամենազանգվածային եւ ամենախորհրդարանական կուսակցությունը կլինի, որից բոլոր մյուսները կմուրան իշխանության ինչ-որ մաս կամ բարեհաճություն բիզնեսի համար: Կարեն Կարապետյանը միգուցե էլի վարչապետ կլինի, ինչպես նախագահն է ասում, նրա հանդեպ սպասումի ռեսուրսն, այնուամենայնիվ, լիովին սպառված դեռ չի լինի, բայց մինչեւ 2018 թվի սկիզբ, երբ նախագահն արդեն որոշած կլինի` ի՞նքն է ուզում վարչապետ լինել, թե՞ իր մի այլ մերձավորը, ու այդ պահից արդեն կսկվեն «առաջիկա տարիների բեկումնային փոփոխությունները»: Եթե, իհարկե, նորից չսկսվի ցիկլը եւ «Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ ունենան»:

Ինչու կա այդպիսի զգացողություն: Որովհետեւ վերջին-երկու երեք տարին ողջ երկիրն այնպիսի իրադարձությունների հերթագայության մեջ է, որոնք կարծես ինչ-որ մի ստվերային հզոր միտք այնպես է պլանավորում, որ իրականում ոչ մի արժեք չներկայացնող իրադարձություններ զբաղեցնեն բոլորիս միտքը` հետ պահելով մեզ ազգի զարգացման իրական նպատակներով զբաղվելուց: Մի պարապ վախտի խաղալիքի հանդեպ հենց հետաքրքրությունը կորչում է, նոր իրադարձություն է գալիս ու խամրեցնում մյուսը: Արդյունքում տեսնում ես, որ հուզվել , բարկացել, զբաղվել ես ոչնչով, իսկ կյանքը անցել է կողքովդ, չես նկատել, որ քեզ զբաղեցնում են, եւ դու այդպիսով ոչինչ չես փոխում, կամ փոխելու պահանջ չես ներկայացնում: Ապրիլյան սարսափելի դեպքերը մի տեսակ ստվերվեցին «Սասնա ծռերով», «Սասնա ծռերին» մոռացան ՏԻՄ ընտրություններով, Կիրովականի ու Գյումրու տրագիկոմեդիայով, որ շարունակվում է առայսօր եւ այլն: Հիմա բոլորի ուղեղը զբաղված է յոթ հազար «գազավիկով», որ լցվել են ՀՀԿ խողովակները, բոլորը բանուգործ թողած` դա են քննարկում, հիասթափության ողջ բառապաշարը սոցցանցեր լցնելով: Իսկ երկիրն ու նրա խնդիրները մնում են, անգամ այն կատարյալ ելույթը, որ Սերժ Սարգսյանը ունեցավ ՀՀԿ համագումարում, այլեւս չի ընկալվում, քանի որ տասն տարի նախագահող նախագահի այդպիսի ելույթների պակաս չի եղել, միշտ էլ քարը քարի վրա չթողնող ելույթներ եղել են, սակայն ունենք անաճ ՀՆԱ, անփող բյուջե, չփոխված կյանք, կոռումպազերծ չեղած հարաբերություններ, էլ ո՞վ հավատա, որ առաջիկա տարիները բեկումնային են լինելու:

Մի խոսքով` համագումարն եկավ ասելու, որ ՀՀԿ-ն ծանր նստելու է եւս մի 10 տարի, Կարապետյանով, թե առանց նրա, էական չէ, որովհետեւ, Ճիշտ է, նախագահը խոսեց ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանին որպես վարչապետ ունենալու մասին, սակայն նախագահական ժամկետից հետո իր ճակատագրի մասին նա չի ասել որեւէ բան, ու որ իր նախագահության ժամկետից հետո կառավարությունը լուծարվելու է, նոր կառավարություն է ստեղծվելու` դա էլ անհայտ չէ:

Բացի այդ էլ այս ու այն անելու մասին գեղեցիկ տեքստերին զուգահեռ` այս օրերին Մոսկվայում ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելոու մասին համաձայնագիր, որը, կարծում ենք, վերաբերում է երկրի ճակատագրին, բոլորիս, ու ոչ թե մի քանի մարդկանց, ու այդ մասին առաջինը լսում ենք նախ Պուտինից, ապա համաձայնագիր ենք ստորագրում` առանց ազգովին հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: Իսկ միգուցե ԱԺ քննարկումների ժամանակ պարզվի, որ այդպիսի համաձայնագիրը վտանգներ ունի իր մեջ: Կարելի է՞ր նախապես քննարկել այդպիսի համաձայնագրի հնարավորությունը Հայաստանում: Բա ի՞նչն է փոխվում , ի՞նչ փոփոխություններից եք խոսում, եթե էլի նույն ձեռագրին վերջ չի տրվում. մեզ համար կարեւոր իրողությունների մասին մենք կիմանանք դեֆակտո եւ դրսից:

Նախագահի ելույթին հաջորդեց ԱԺ արտահերթ նիստ, որը կուսակցությունների մասին առաջին ընթերցմամբ բավական կոշտ օրենք ընդունեց, չնայած այն անվանվում է ազատական, քաղաքական մրցակություն ապահովող օրենք: Հասկանալի է, որ ճիշտ է խոշորացումը, միավորումը (օրենքի գաղափարախոսությունը տանում է քաղաքական դաշտի օպտիմալացման), հասկանալի է , որ աննորմալ է 79 կուսակցությունը փոքրիկ երկրի համար, սակայն դա հնարավոր է միայն իրական մրցակցության պայմաններում: Իսկ մեր երկրում, որտեղ իշխանությունը քաղաքական դաշտը ամայացրել է, վարչական եւ ֆինանսական ռեսուրսներ ունենալով իր ձեռքում ( հենց սա է կոչվում քաղաքական մենաշնորհ, քաղաքական կոռուպցիան հենց այն է, երբ իշխանական լծակներն օգտագործելով` տնտեսական եւ ֆինանսական լծակներով կարելի է օժտել սեփական կուսակցությանը կամ պարտադրել մարդկանց հազարներով լցվել-հզորացնել կուսակցությունը): Սա՞ է արդար մրցակցութունը, պարզ է , որ ունեցվածք ունեցող մարդիկ հոսելու են այնտեղ, որտեղ իշխանությունն է, հենց որեւէ կուսակցությունը զրկվի իշխանությունից` ոչ ֆինանս է ունենալու, ոչ էլ առավելեւս` անդամ:

Բոլոր դեպքերում «կուսակցությունների» մասին օրենքի նոր նախագիծը, որ արտահերթ ռեժիմով քննարկվեց այս շաբաթ խորհրդարանում եւ առաջին ընթերցում անցավ, այս իրավիճակում, երբ քաղաքական դաշտի միակ ձիավորը տարբեր հանգամանքների բերումով ՀՀԿ-ն է` ի նպաստ նրա է մեծ հաշվով: Այնպես որ` չենք կարծում , որ այս` բավական նորամուծություններ ունեցող օրենքը կարող է փոխել իրերի դեֆակտո դրությունը, որքան էլ նրա հեղինակները պնդեն, որ ընդդիմության գործիքներն այս օրենքով շատանում են:

Գործող օրենքով, գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է, որ կուսակցության պետական գրանցման համար հիմնադիր անդամների թիվը պետք է լինի 1000 հոգի, որոնք պետք է ներկայացնեն Երեւան քաղաքը կամ Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը, կամ` Երեւան քաղաքի եւ Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցության անդամ չեն կարող լինել երկրի նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Օրենքում դեռ չի ամրագրված ՏԻՄ ընտրություններին 15 տարի չմասնակցելու պարագայում կուսակցության ինքնալուծարման հնարավորությունը, օրենքը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ դեմ էր կարծես դրան` այդտեղ այլ վտանգներ տեսնելով, սակայն այդպիսի մտայնություն կար ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքում: Որ կուսակցական դաշտն ազատականացնելու համար պայմանները բարենպաստ չեն, քաղաքական մրցակցության հնարավորությունն ապահովել հնարավոր չէ` այդ մասին հայտնի է բոլորին եւ այդ մասին խոսում էին պատգամավորները քննարկման ժամանակ: Անգամ թեթեւ ռեժիմների առաջարկ է արվել հենց ՀՀԿ-ի կողմից, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ իրենք առաջարկել են կուսակցությունների` երկու տարին մեկ համագումար անելու պահանջը փոխարինել հինգ տարին մեկով, կուսակցության լուծարման հարցը վերապահելով ոչ թե համագումարին, այլ վերադաս մարմնին:

Այսպես թե այնպես` խորհրդարանական համակարգի ենք անցնում, ինչպես նշում էին հանրապետականները, ոչ կուսակցականն այլեւս չի կարող միայնակ խորհրդարան մուտք գործել, խորհրդարան մուտք գործելու իրավունքի համար կարող են պայքարել միայն կուսակցականները, իսկ անկուսակցականներս այդ առումով մարդահաշիվ չենք: Մինչ այդ, սակայն, կուսակցությունները Հայաստանում, մեծ հաշվով կարելի է ասել, այդպես էլ չկայացան, իսկ չեփած ճաշը գեղեցիկ մատուցարանի մեջ լցնելուց հետո ի՞նչ տեղի կունենա, դժվար չէ ենթադրել: Եւս մի անգամ, եկող տարի դա ստուգենք կյանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ