RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2608, Տպվել է` 151, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԹՈՌՆԵՐԸ ՇԱՏ ՉԵ՞Ն

Հ. ԱՖՅԱՆ

Այն, որ Հայաստանին 131 պատգամավորը շատ է, գիտեին անգամ նոր Սահմանադրություն գրողները, քանի որ այն կազմելիս ամրագրել են, որ խորհրդարանը կարող է ունենալ առնվազն 101 պատգամավոր: Բայց ի՞նչ եք կարծում, 101-ն էլ շատ չէ՞, մանավանդ որ 101-ն էլ գործի չեն գնալու, եթե գնան էլ, նիստերին չեն մասնակցելու, եթե մասնակցեն էլ, ամբողջությամբ չեն մասնակցելու, եթե մասնակցեն էլՙ լուռ են մասնակցելու, մի խոսքով...Իմ կարծիքովՙ շատ է, եւ տպավորություն կա, որ ԱԺ-ի նոր կանոնակարգ օրենքի նախագիծը կազմողների կարծիքով եւս շատ է: Նշեմ, որ ըստ այդ նախագծի, առաջարկվում է, որ այսուհետ թույլատրելի լինի պատգամավորի փոխարեն տվյալ խմբակցության ղեկավարինՙ քվեարկել: Այսինքն, ենթադրենք այս խորհրդարանում Խաչատուր Քոքոբելյանը աշխատանքի չի գալիս, կամ նիստին, քվեարկության չի մասնակցում, Զարուհի Փոստանջյանը, լինելով Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած խմբակցության ղեկավար, կարող է քվեարկել նրա փոխարեն: Օրենքով իրավունք են տալիս, բայց միայն խմբակցության ղեկավարներին: Պատկերացրեցի՞ք, մանավանդ Քոքոբելյանի դեմքը, երբ իմանա, թե Փոստանջյանը քվեարկել է իր փոխարեն:

Ի՞նչ կապ ունի սա պատգամավորների թվի կրճատման հետ, շատ պարզ. բանն այն է, որ եթե խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել իր խմբակցության պատգամավորների փոխարեն, վերջիններս կարող են հանգիստ աշխատանքի չգնալ: Խորհրդարանի նիստերին, քվեարկություններին մասնակցեն ԱԺ նիստերի վարողը, կարող է լինել ԱԺ նախագահը, կամ փոխնախագահներից մեկը (ի՞նչ կարիք կա, որ բոլորը ներկա լինեն, հո հարսանիք չի՞), եւ ներկայացված խմբակցությունների ղեկավարները, եթե օրինակ հաջորդ խորհրդարանում չորս, կամ երեք խմբակցություն լինի, կամ գործող խորհրդարանի պեսՙ վեց, ապա չորս, կամ երեք, կամ վեց հոգի: Հաշվի առնելով, որ գալիք խորհրդարանում հազիվ թե վեցից ավել խմբակցություն լինիՙ առաջարկում եմ ԱԺ-ի նիստերի դահլիճից հանել բոլոր պատգամավորական աթոռներըՙ թողնելով վեցը, լավ, որպեսզի սուրբ լինիՙ յոթը, մեկըՙ պահեստային, մարդ ես, կարող է հյուր է գալիս, թող ոտքի վրա չմնա:

Կարելի է եւ ավելի հեռուն գնալ: Օրինակՙ նիստերի դահլիճը փոխել եւ բավարարվել փոքրիկ տաքուկ մի սենյակով. համ հոսանքի ծախսը կտնտեսվի, համ ջեռուցման ծախսը, համ էլ մի տեսակ մտերմիկ մթնոլորտ կստեղծվի, ավելինՙ ոչ մի պատգամավոր մյուսին չի ասի, թե շիշը հեսա կտամ գլխիդ, քանի որ այնքան մոտ կլիեն իրար նստած, որ շիշը պարզապես կտա գլխին, առանց ասելու:

Այնպես որ, շատ հետաքրքրական բաներ կարելի է մտածել, ամենահետաքրքրականն արդեն իսկ մտածել ենՙ թույլատրելով խմբակցության ղեկավարին քվեարկել իր խմբակցության պատգամավորների փոխարեն: Լավ, ենթադրենք խմբակցության ղեկավարը տվյալ պատգամավորի հետ, ինչպես ասում ենՙ չունի: Դե, այսինքն կուսակցության նախագահի ականջին ամեն օր փիս-փիս բաներ է շշնջում այդ պատգամավորի մասին, որպեսզի նրան կուսակցությունից խայտառակ ձեւով հանեն: Հիմա, ենթադրենք, քվեարկության է դրված մի շատ կարեւոր եւ տվյալ խմբակցության համար սկզբունքային նշանակություն ունեցող օրինագիծ, որին պետք է մեկ մարդու պես կողմ քվեարկել: Է, խմբակցության ղեկավարն էլ, որպեսզի վատություն անի իր խմբակցության տվյալ պատգամավորին, վերջինիս փոխարեն դեմ է քվեարկում, այս մասին իմանում են կուսակցությունում եւ պատգամավորին խայտառակ ձեւով հանում են կուսակցությունից: Վերջինս իհարկե բողոքարկում է, ցույց է տալիս այդ օրվա քվեարկության տեսագրությունը, որ ինքը ներկա չի եղել, իր փոխարեն խմբակցության ղեկավարն է քվեարկել եւ դիտմամբՙ դեմ: Բայց այդ պարագայում խմբակցության ղեկավարն էլ կասիՙ բա ո՞վ էր ձեռքիցդ բռնում, գայիր քվեարկեիր, ապա ավելի բարձր կշարունակիՙ գիտե՞ք քանի նիստի նա չի մասնակցել, չունենալով բացակայությունների համար հարգելի պատճառ:

Մի խոսքով, հետաքրքրական բան եք մտածել, հարգելիներս, բայց լավ բան չեք մտածել: Մյուս կողմից, եթե հանեք ԱԺ-ի նիստերի դահլիճի աթոռները, թողնելով յոթը, եւ դահլիճի փոխարեն հավաքվեք մի փոքրիկ տաքուկ սենյակում, երկրի համար ավելի լավ բան կանեք. օրենք ստեղծելն այնքան էլ լավ չի ստացվում, փոխարենըՙ կխնայեք:

Եթե ավելի լուրջ, ապա ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հստակեցրել է, որ եթե փոփոխությունը ամրագրվի կանոնակարգ-օրենքում, ապա գործելու է բացառապես այն դեպքերում, երբ քվեարկությանը բացակա պատգամավորը գործուղման մեջ է: Այսինքն, եթե, օրինակ, իր սենյակում քնած է, կամ թեյ է խմում, կամ ԱԺ-ի եւ Գրողների միության արանքում գտնվող հաց ուտելու տեղում ուտում-խմում է եւ չի ներկայացել քվեարկությանը, խմբակցության ղեկավարին ոչ մեկը իրավունք չի տա քվեարկելու պատգամավորի փոխարեն: Բայց այ, եթե Մադագասկարում է, որտեղ հանդիպում է հայ-մադագասկարական պատգամավորական բարեկամության խմբի հետՙ քննարկելով աֆրիկյան այդ երկրում հայոց լեզվի եւ մանավանդ գրականության տարածման հնարավորությունները, ապա խմբակցության ղեկավարը կարող է քվեարկել նրա փոխարեն:

Հիմա հարց. որտեղի՞ց իմանան լրագրողները, ովքեր հետեւում ենՙ ով ում տեղը քվեարկեց գործընթացին, թե բացակա պատգամավորը գործուղմա՞ն մեջ է, թե՞ քյաբաբնոցում: Խմբակցության ղեկավարը կքվեարկի, հետո մի տեղեկանք կներկայացնեն, որ պատգամավորը գործողուման մեջ էրՙ Սեւանում, հենց ափին, այնտեղ, որտեղ լավ ձուկ են տալիս...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ