RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ԴԱՇՆԱԿԻՑ-ԹՇՆԱՄԻ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2480, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՊԿ-ԻՑՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Երկօրյա այցով Բաքվում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բանակցությունների արդյունքում երկու երկրներն ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնց թվարկումը ժամանակ եւ տեղ կխլի: Ասենք միայն, որ ամենակարեւորՙ ռազմական համագործակցության վերաբերյալ պաշտոնապես որեւէ փաստաթուղթ ստորագրված համաձայնագրերի շարքում չի նշվում: Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ կողմերը կշարունակեն խորացնել հարաբերություններն այդ բնագավառում: Ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, որ Բաքվում Լուկաշենկոն խոստացել է համազարկային ռեակտիվ կրակի «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այդ համակարգը Բելառուսի զինված ուժերն առաջին անգամ ցուցադրել են 2015թ. մայիսի 9-ի զորահանդեսի ժամանակՙ Մինսկում: Տեղեկատվության բաց աղբյուրների տվյալներովՙ «Պոլոնեզը» կարող է միանգամից խոցել 8 թիրախ: Խոցելիության շառավիղը 50-200 կմ. է: Նույն աղբյուրները միաժամանակ տեղեկացնում են, որ Բելառուսը չունի այդ համակարգի համար անհրաժեշտ ճշգրիտ հրթիռների սեփական արտադրություն: Այդ հարցով Մինսկը 2015թ. բանակցություններ է վարել Չինաստանի հետՙ այդ երկրից A200 կոչվող հրթիռներ գնելու հարցով: Ի՞նչ արդյունք են ունեցել բանակցություններըՙ մնում է գաղտնիք:

Այսինքն, վստահաբար չի կարելի ասել, որ բելառուսական «Պոլոնեզ» համակարգն արդեն իսկ մարտական հերթապահություն է իրականացնում: Բացի այդ, անորոշ է մնում հարցըՙ եթե Բելառուսը դրանք վաճառի Ադրբեջանին, ապա Ադրբեջանը հրթիռների հարցով Չինաստանի հետ պիտի լրացուցիչ պայմանավորվածություններ փնտրի՞, թե՞ բելառուսական կողմը պարտավորվելու է լուծել նաեւ այդ խնդիրը: Բայց սա այնքան էլ էական չէ, որքան հանգամանքը, որ Հայաստանի հետ լինելով ԵԱՏԿ եւ ՀԱՊԿ անդամ, Բելառուսը փաստացի խորացնում է Ադրբեջանի հետ ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլեւ ռազմական համագործակցությունը: Լուկաշենկոյի այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են Գյանջայի ավտոգործարանում բելառուսական ամենագնաց մեքենաների հավաքում իրականացնելու մասին: Փաստացի խոսքը ռազմական նշանակության մեքենաների եւ քարշակների մասին է, որոնք Բելառուսից ներմուծելու փոխարեն արդեն կհավաքվեն տեղում:

Չափազանց էական է, սակայն, Լուկաշենկո-Ալիեւ բանակցությունների քաղաքական հանրագումարը, որին նրանք հանգել են համատեղ հայտարարությամբ: Արցախի հարցի մասին այդ հայտարարության մեջ ասված է, որ խնդիրը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության գերակայությամբՙ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումների»: Կրկնենք, Բելառուսը ՀԱՊԿ անդամ պետություն է, Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին Երեւանում մասնակցել է անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովին, որի ավարտին նույնպես համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ Արցախի մասին խոսվում է բոլորովին այլ ձեւակերպումներով:

Բաքվի հայտարարությունից, մինչդեռ, տպավորություն կարելի է ստանալ, որ Ալիեւի հետ բանակցություններ է վարել ոչ թե ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրի, այլՙ Թուրքիայի կամ Պակիստանի նախագահը: Միայն այս երկու երկրներն են, որ մինչ այժմ Արցախի հարցում միանշանակ պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը: Լուկաշենկոն երրորդ նախագահն է, որ ստորագրում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության գերակայությամբ» Արցախի հարցի կարգավորման մասին հայտարարություն:

Տարեվերջին Սանկտ-Պետերբուրգում սպասվում է ՀԱՊԿ եւս մեկ գագաթաժողով, որին, ամենայն հավանականությամբ, ներկա է լինելու նաեւ Բելառուսի նախագահը: Իսկ ահա Բաքվում Իլհամ Ալիեւը նրան երախտագիտություն է հայտնել միջազգային կառույցներում Ադրբեջանի տեսակետը պաշտպանելու համար: «Թուրան» գործակալությունն այդ առթիվ մեկնաբանել է, որ Ալիեւը հավանաբար «նկատի ունի Բելառուսի դրքորոշումը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, որոնց Ադրբեջանը չի անդամակցում»: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա: Եւ Լուկաշենկոն, ըստ երեւույթին, ՀԱՊԿ տարեվերջյան գագաթաժողովին կմեկնի Բաքվում ստացած «դրական» լիցքերով: Ադրբեջանը խոստացել է վերակենդանացնել Բելառուսի նավթավերամշակման գործարանները, որոնց պարապուրդի մեջ են Ռուսաստանից հումքի մատակարարման սահմանափակումների պատճառով: Հավանական է, որ Ալիեւը բավարարած լինի նաեւ «Գազպրոմին» Բելառուսի մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքը փակելու համար արտոնյալ վարկ հատկացնելու Լուկաշենկոյի խնդրանքը:

Դա, իհարկե, Ալիեւի եւ Լուկաշենկոյի մասնավոր խնդիրն է: Բայց երբ բելառուս ռազմական փորձագետն ակնարկում է, որ, հավանաբար, Ադրբեջանին «Պոլոնեզ»-ներ վաճառելու հարցը Լուկաշենկոն նախապես համաձայնեցրել է ՌԴ նախագահ Պուտինի հետՙ որպես Հայաստանին «Իսկանդեր» մատակարարելու այլընտրանք, ակամայից հարց է ծագումՙ ՀԱՊԿ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշա՞ն է դնում, տարբերություն չկա՞ՙ երկիրն այդ կազմակերպության անդամ է, թե՞ ոչ: Պատասխանը ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովից հետո հնչեցրել է ՌԴ նախագահը. «Կարեւորն այն է, որ հետխորհրդային բոլոր երկրների հետ Ռուսաստանն ունի պատմականորեն ձեւավորված կապեր, որոնք չի կարելի անտեսել»:

Ահա այսպիսի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, որտեղ անդամ երկրներից մեկն ամեն օր ենթարկվում է ոչ անդամ երկրի սպառնալիքներին եւ հարձակումներին, իսկ մյուսները մտահոգված են կողմերի միջեւ «հավասարակշռությունը պահպանելու առաջնահերթությամբ»:

Ի՞նչ է որոշելու ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովը: Արցախի հարցով հայտարարություն ընդունվելու՞ է: Թե համարվելու է, որ ինչ պետք էրՙ Լուկաշենկոն արդեն ասե՞լ է Բաքվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ