RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ՀՈԲԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2403, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Նոյեմբերի 28-ին լրացավ Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի ամենաակտիվ ստեղծագործողներից մեկիՙ շնորհաշատ գեղանկարիչ ՍԱՄՎԵԼ ԵՐՎԱՆԴԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Ցավոք սրտի, նա կյանքից հեռացավ ավելի քան չորս տարի առաջ, ստեղծագործական եռուն շրջանում: Դեռ ինչքա՜ն ու ինչքա՜ն կտավներ պիտի վրձներ եւ ուրախացներ իր արվեստի երկրպագուներին: Իսկ դրանց թիվը շատ է ե՛ւ Վանաձորում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ երկրի սահմաններից դուրս:

Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 28-ին: Ուսանելու առաջին քայլերն արել է Կիրովականի գեղարվեստի դպրոցում, այնուհետՙ հմտացել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի տեխնիկումումՙ այն ավարտելով գերազանց առաջադիմությամբ: Դեռ պատանի հասակից դրսեւորվեց նրա տաղանդը գեղանկարչության ասպարեզում: Տալլին քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում գեղանկարչական լավագույն աշխատանքների համար արժանացավ ոսկե մեդալի: Ոգեւորությունն ու բնատուր տաղանդը նրա համար ապահովեցին նորանոր հաջողություններՙ թե՛ վանաձորյան, թե՛ հանրապետական ցուցահանդեսներում:

Նրա համար Լոռվա բնաշխարհի յուրաքանչյուր անկյուն, ամեն մի ծառ ու թուփ գեղեցիկ էր յուրովի, եւ Սամվելն իր նուրբ ու զուսպ գունաշխարհով կարողանում էր այդ ամենը կերպավորել պրոֆեսիոնալ հնարքներով, բացահայտել նկարվող օբյեկտի գեղագիտական կողմերը եւ մեզՙ դիտողներիս, վարակել բնության նկատմամբ մեծ սիրով: Նկարիչը չէր սիրում մեծածավալ կտավներ ստեղծել, նրա կերտած փոքրածավալ կտավները նույնքան մոնումենտալ հնչեղություն ունեին, որքան մի քանի անգամ մեծածավալները: Նա իր նուրբ ու զգայուն հոգին, շրջապատի նկատմամբ ունեցած սերը կարողանում էր ներարկել իր կտավներում: Եվ շատերն էին ցանկանում նրա կտավներն ունենալ իրենց բնակարանում, աշխատասենյակում կամ մասնավոր հավաքածուներում: Չի եղել որեւէ քաղաքային կամ հանրապետական ցուցահանդես, որի մասնակիցը չլիներ Սամվելը: Աստծու կողմից տրված շնորհին գումարվում էր չափից դուրս աշխատասիրությունը, որը եւ տալիս էր ցանկալի արդյունք: 1995 թ. Սամվել Ղարիբյանը դարձավ Հայաստանի նկարիչների միության անդամ:

Աղետալի երկրաշարժից եւ Հայաստանի անկախացումից հետո շատ նկարիչներ, արվեստագետներ լքեցին երկիրըՙ օտար ափերում որոնելով իրենց ապագան: Սակայն Սամվելն այդ մասին մտածել անգամ չուզեց եւ շարունակեց ստեղծագործել իր հայրենի բնօրրանումՙ Լոռվա աշխարհում: Սամվել Ղարիբյան նկարչին ու մարդուն սիրում ու հարգում էին բոլորըՙ արվեստագետներն ու արվեստասերները, համաքաղաքացիները, ովքեր մոտիկից շփվել են նրա հետ. քչախոս էր, կշռադատված, չափավորՙ իր խոսքի մեջ: Իր արվեստանոցը շատերի հավաքատեղին էր եւ հաճելի վայրը: Ունեցավ նաեւ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Երեւանում, Վանաձորումՙ ամենուր արժանանալով արվեստագետների ու տեսաբանների բարձր գնահատականներին: Այդ են փաստում նկարչի ստացած բազմաթիվ դիպլոմները, պատվոգրերն ու շնորհակալագրերը:

Սամվելն ակտիվ էր նաեւ հասարակական ու քաղաքական դաշտում: Ճշմարտախոս էր, պրպտող, որոնող, քաղաքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն էր ու նախաձեռնողներից մեկը: Սամվել Ղարիբյան գեղանկարչի նախասիրություններից մեկը նաեւ մանկավարժությունն էր. իր արվեստանոց-դպրոցում նկարելու գաղտնիքներն էր ուսուցանում տասնյակ ու տասնյակ պատանիների ու աղջիկների: Ընկեր Սամվելի (ինչպես նրան անվանում էին) բազում աշակերտներՙ նրա ստեղծած խմբակի անդամներ, հետագայում իրենց ուսումն են շարունակել արվեստի քոլեջներում ու բուհերում: Անցած տարվա նոյեմբերի 1-ինՙ Ռամկավար Ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի գրասենյակում հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ բացվեց Սամվել Ղարիբյանի գեղանկարչական եւ գրաֆիկական 33 աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված գործերն այժմ էլ ցուցադրված են գրասենյակում:

Սամվել Ղարիբյան գեղանկարիչն ու մարդը շարունակում է ապրել իր արվեստի երկրպագուների սրտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ