RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2292, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԼԻՆԻ ԵՐԿԴԻՄԻ ԽԱՂԵՐԸ

Պատրաստեցՙ Հ.Ծ.

Վաշինգտոնից Մայքլ Իսիկովը «Յահու Նյուսում» հետաքրքրական տեղեկություններ է տեղադրել Մ. Նահանգների նորընտիր նախագահի ազգային անվտանգության խորհրդատուի պաշտոնի հավանական թեկնածու Մայքլ Ֆլինի մասին: Թարգմանաբար ներկայացնում ենք էական որոշ մանրամասներ:

Նոր բացահայտումների լույսի ներքո Ֆլինի հարաբերությունները արտասահմանյան հաճախորդների հետ դարձել են մանրազնին քննարկումների նյութ:

Ֆլինի անդրօվկիանոսյան բիզնեսի մասին քիչ բան է հայտնի: Ըստ նրա նկարագրության, դա «մասնավոր հետախուզական ծառայությունների բիզնես է, որն ունի տեղական եւ արտասահմանյան հաճախորդներ»: Կապիտոլ Հիլի ներկայացուցչի խոսքերով, որ մերժել է քննարկել մանրամասները, նրա ֆիրման պետք է կոնգրեսում քարոզչություն կատարի Հոլանդիայում գործող «Innova BV» ֆիրմայի օգտին, որը պատկանում է թուրք գործարար Էկիմ Ալպտեկինին: Սենատի քարտուղարության մոտ թողնված քարոզչական աշխատանքի բնույթը նկարագրված է հետեւյալ կերպ. «Ֆիրման հաճախորդներին խորհուրդներ է տալու Մ. Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ պետքարտուղարության հատկացումների վերաբերյալ»:

Ալպտեկինը, ըստ տեղեկությունների, թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահն է եւ հիմնադիր-տնօրենն է «EA Havacilik» օդային տարածության ֆիրմայի, որը գործում է Ստամբուլում, եւ առեւտրային գործունեություններ է իրականացնում անշարժ գույքի եւ պաշտպանական արդյունաբերության հետ: Նա նաեւ անդամ է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության, եւ իր այդ հանգամանքով մասնակցել է Էրդողանի ԱՄՆ այցելության կազմակերպմանը:

Ֆլինի «Intel Group» ֆիրմայի ավագ խորհրդատու Ռոբերտ Քելլին նոյեմբերի 17-ին «Yahoo News»-ին փոխանցել է Ֆլինի խոստումը այն մասին, թե վարչակազմում ընդգրկվելու դեպքում «ես դադարեցնելու եմ իմ հարաբերությունները իմ ընկերության (ֆիրմայի) հետՙ համաձայն Թրամփի վարած քաղաքականության»: Քաղաքական մեկնաբանները նրա այս խոտսումը որակում են «չափազանց քիչ, եւ չափազանց ուշացած» հայտարարություն, քանի որ Ֆլինը ամբողջ ընտրապայքարի ընթացքում, մինչ շարունակում էր իր հարաբերությունները արտասահմանյան հաճախորդների հետ, ներկա էր լինում նաեւ Թրամփի համար նախատեսված հետախուզական զեկույցներին եւ բրիֆինգներին: Սովորաբար նման դասակարգված զեկույցները տրամադրվում են միայն նախագահական թեկնածուներին եւ նրանց ավագ խորհրդատուներին:

«Սա խիստ անհանգստացնող է: Եթե նա նշանակվի ազգային անվտանգության խորհրդական, շատ արհեստավարժ աշխատակիցներ հրաժարական կտան», նշել է Օբամայի էթիկայի գծով խորհրդական եւ ապա Չեխիայում Մ. Նահանգների դեսպանՙ Նորմ Էյզենը:

Նոյեմբերի 16-ին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ նախագահ Օբաման հրաման տվել է, որ «PDB-երը» (նախագահական ամենօրյա բրիֆինգները) փոխանցվեն Թրամփին, փոխնախագահ Մայք Փենսին եւ Թրամփի անցումային փուլի «որոշ» անդամների: Բայց հաջորդ օրը Սպիտակ տան պաշտոնյաները հրաժարվել են պատասխանելու այն հարցին, թե Ֆլինը եղել է այդ «որոշ» անդամների թվում: PDB բրիֆինգները պարունակում են ամենագաղտնի եւ ամենազգայուն հետախուզական տվյաներ:

Ֆլինի դեմ քննադատությունները ուժեղացան, երբ Թրամփի թիմը հայտարարեց, որ շահերի ընդհարումից խուսափելու համար թիմի բոլոր անդամները պետք է հրաժարվեին իրենց հարաբերությունները շարունակել քարոզչական-գովազդատու հաճախորդների հետ եւ խոստանային վարչակազմից դուրս գալուց հետո հինգ տարի անընդմեջ ձեռնպահ մնալ նման հարաբերություններից: «Խոսքը անցյալի մասին չէ, մենք ապագայի մասին ենք խոսում», նշվել էր թիմի հայտարարության մեջ, որ նաեւ խոստացել էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մկդոնոին պաշտոնական հաղորդագրություն եւ հաշվետվություն ներկայացնել իրենց անդամների ֆինանսական շահերի եւ բիզնես հարաբերությունների մասին:

Այն հարցին, թե Ֆլինը նման հաղորդագրություն ներկայացրե՞լ է, թե ո՞չ, Թրամփի թիմի խոսնակը չի պատասխանել:

Կառավարության վերահսկողության ծրագրի գործադիր տնօրեն Դանիել Բրայանի խոսքերովՙ «խիստ անհանգստացնող» է, որ Ֆլինը նախընտրական ժամանակահատվածում մասնակցել է այդ գաղտնի բրիֆինգներին: «Մեր օրենքները խստիվ արգելում են նման բան», ասել է նա:

Իսկ թոշակառու մի սպա ավելացրել էՙ «ինչպե՞ս կարող է նա անկողմնակալ խորհուրդներ տալ նախագահին, երբ Թուրքիայից եւ Ռուսաստանից փող է վերցրել»:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված մեկ այլ հոդվածում Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների ֆակուլտետի իրավունքների եւ խաղաղության պահպանման ծրագրիՙ հայերիս հայտնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը քննադատելով «The Hill» պարբերականում Ֆլինի թուրքամետ հոդվածը եւ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հորդորը, անդրադառնում է «Inovo BV» ֆիրմային, որը «Inovo Turkije-ի» գլխամասային կազմակերպություն է, եւ նշում, որ այդ ֆիրման միշտ վնասով է աշխատել: Տեղյակ չէ՞ր Ֆլինը այդ մասին նախքան սեպտեմբերի 15-ին նրանց հետ պայմանագիր կնքելը, տեղին հարց է տալիս նա: Էկիմ Ալպտեկինը Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտիկ ընկերն է, իմանալով, թե որտեղից է գալիս այդ ֆիրմայի ֆինանսավորումը եւ համագործակցել նրա հետՙ նշանակում է կոպտորեն խախտել Մ. Նահանգների օրենքները կապված նախընտրական արշավի եւ հետագայում պաշտոնի թեկնածու դառնալու առնչությամբ: Նա պետք է նշի, թե ե՞րբ եւ որքա՞ն գումար է ստացել «Inovoյից», ավելացնում է Ֆիլիպսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ