RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



28 ՏԱՐԻ ԱՆՑ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5152, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒԳՈ

ՆԱԻՐ ՅԱՆ

Տատիս գործած գլխարկը մինչեւ ծոծրակս գլխիս քաշած, տաք-տաք հագնված, սառած գետնի վրայով տոտիկ-տոտիկ էլի հացի եմ գնում: Համոզված եմ, որ հերթը մինչեւ փողոց է հասնում: Հեռվից տեսա հացի մեքենան փնչացնելով ու ճոճվելով հեռացավ. բազմությունը հարձակվեց վաճառասեղանի վրա: Հացավաճառ Անժիկ տյոտյան սովորականի պես բղավեց. «Հերթ կագնե՛ք, բոլորիդ էլ կհասնի, բայց երկու հացից ավել ոչ մեկին չեմ տալու:... Աչքներդ լույս, Էսօրվա մատնաքաշը լավն է, հոտ-մոտ չի գալիս »:

Անժիկ տյոտյան նախկին ուսուցչուհի է, որդին ու ամուսինն առավոտից երեկո Ազատության հրապարակում ցույցի են: Հայր ու որդի ֆիդայի են դարձել. Ղարաբաղ են գնալու: Հենց հացը վերջանում է, ու խանութում հարաբերական անդորր է տիրում, Անժիկ տյոտյան կողքին նստեցնում է խանութի հավաքարարին ու արցունքն աչքերին պատմում. «Արուս ջան, տղաս ու ամուսինս կամ Լենինականում փլատակներն են մաքրում կամ Օպերայի հրապարակում Ղարաբաղն են ուզում: Շատ եմ վախենում: Սերոբիս մինուճարիս, մի բան չպատահի. հայրը լրիվ խելքահան է արել նրան»:

Երեք ժամ հերթի մեջ ճխլվելուց հետո կարմրատակած ու քրտնաթոր դուրս եկա խանութից: Երջանիկ էի. երկու հաց էի առել: Քայլերս ավելի արագացրի, որ շուտ հասնեմ տուն. դասերս մնացել էին: Արդեն մթնում էր: Մոտակա շենքի մուտքի առջեւ տեսա նույն կնոջը, որը մեկ ժամ առաջ սառած մատներին փչելով, ոտքերինաշնանային հնամաշ կոշիկներ, մեջքին շալ գցած խանութի ապակիներից մի պահ ներս նայեց, մի քիչ հետուառաջ արեց ու տեսադաշտիցս կորավ: Մեր թաղում բոլորին դեմքով գիտեմ. նա մեր կողմերում երբեք չէր երեւացել: Շենքից դուրս եկավ Գուգոն: Մուտքի աստիճաններին անծանոթ կինն ու Գուգոն դեմ դիմաց ելան: «Գուրգեն ջան, յեդ գնա, բալես, չկրցա հաց առնիմ, ըմբես հերթ էր օր: Քուրիկը հըմի լաց կեղնի, տուն էրթանք»,- նեղսրտեց կինը:

Գուգոն չտեսավ ինձ: Անծանոթ կնոջ հետ շենք մտավ:

Գուգոյի հետ մի-երկու անգամ էինք խաղացել բակում. շատ զբաղված էր լինում, դրսում նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ բակ էր իջնում, արագ-արագ ձնագնդի էր սարքում ու մեր թիմին մատակարարում, որ մեր առատ «զենք-զինամթերքով» հակառակորդ թիմին չթողնենք շունչ քաշի: Գուգոն լենինականցի էր: Երկրաշարժը նրանց շենքը գետնին էր հավասարեցրել: Հարեւանները շշուկով պատմում էին, որ հայրն ու եղբայրը մնացել են փլատակների տակ, իսկ թե ուր էր մայրը, ոչ ոք չգիտեր: Գուգոն երբեք չէր պատմում, թե ինչպես է քրոջ հետ Երեւան հասել ու տեղավորվել մեր կողքի շենքում: Երբ հարցնում էինք, պատասխանում էր. «Ըշտը հըմի Էրէվան կաբրինք քրոջս հետ, ապ ջան»:

Գիտեինք, որ Գուգոն է քրոջը խնամում, հագցնում, մանկապարտեզ տանում, հետո տուն բերում, ճաշ պատրաստում: Հարեւաններն ու ամբողջ բակն ինչով կարողանում, օգնում էին նրանց, բայց այնպես, որ տղան չվիրավորվի: «Գուգ ջան, էս մի կապոց փայտը տարեք վառեք, ես էլ եմ գալու ձեր տուն, տաքանամ:... Գուգ ջան, Նելլիիս վերարկուն է, փոքրացել է, թող քույրդ հագնի, երբ նրա վրա էլ փոքրանա, հետ կտաս:... Գուգո ջան, Արմենիս հետ նստեք էս տաք ճաշը կերեք: ... Մուրաբա եմ փակել, մի տես կհավանեք դու ու քույրդ»:

Այն, ինչը Գուգոն Լենինականից էր բերել հետը դպրոցական պայուսակ, մի քանի զույգ կոշիկ, վերարկու, երեւում էր, որ թանկարժեք են ու որակյալ. սովետական կոշտ ու կոպիտ, անշուք, միատեսակ ապրանքներից չէին: Դպրոցում լավ էր սովորում, նաեւ լավ մարզված էր. խելացի, խորիմաստ հայացք ուներ, իսկ քույրն ասես ոսկեծամ արեւ լիներ: Ուսուցիչները զարմացած էին հատկապես Գուգոյի ռուսերենից ու անգլերենից, ասում էին, որ տղան նախկինում ուրիշ գրքերով է պարապել:

Նկատել էինք, որ շաբաթ-կիրակի օրերին Գուգոն, քրոջ ձեռքը բռնած, մեր հայացքներից խուսափելով, ինչ-որ տեղ է շտապում: Մեր կարեկցական վերաբերմունքը Գուգոյի ու նրա քրոջ նկատմամբ կամաց-կամաց սկսեց փոխվել: Մի տեսակ վարժվել էինք առօրյա պատկերներին ու իրավիճակին: Գիտեինք, որ Գուգոն ինչ-որ չնչին գումար է ստանում պետությունից, ինքն էլ երեկոյան քրոջ ձեռքը բռնած մի քանի մանր-մունր խանութներում սիգարետ, թխվածքաբլիթ ու ծամոն է հանձնում, մի-երկու կոպեկ առնում, ապրում: Հարեւանները շշուկով հարցնում էին իրար, թե ինչպես է, որ Գուգոյենց մանկատուն չեն տանում: Հետո հերսոտած բռունցք էին թափ տալիս. «Հլա մի փորձվեն էրեխեքին մանկատուն տանեն, էն օրը գցենք, եկած ճամփեն մոռանան»:

Եկա տուն. հացերը դրեցի սեղանին: Մայրս, որ նորածին քրոջս մի կերպ քնեցրել ու լվացք էր անում, ուրախացած նայեց հացերին, հետո մթնած դեմքիս: Մտա սենյակս. ինչ դաս, ինչ բան. ուղեղիցս դուրս չէին գալիս Գուգոն ու այն կինը: Մտա խոհանոց. հացերը դեռ սեղանի վրա էին: Մի հաց վերցրի, թղթով փաթաթեցի, վերարկուս վրաս գցեցի ու դուրս եկա: Պինդ մթնել էր. սառնամանիք էր: Քայլեցի դեպի Գուգոյենց շենք: Ես երբեք չէի գնացել նրանց տուն. մեր բակից ոչ ոք չէր եղել նրանց տանը, թեեւ շատերիս էր հետարքրում, թե ոնց են ապրում Գուգոյենք: Կանգնեցի դռան առաջ. կամաց թակեցի: Դուռը Գուգոն բացեց ու հարցական հայացքով նայեց վրաս: « Գուգ, ըըը... հաց առա, տարա տուն, պարզվեց հայրս էլ է առել, էս մեկն ավել է, կուտեք էլի»,- հացը նրան մեկնելով կմկմացի ես:

- Մամ, յեկուց օր մանկապարտես էրթամ, էս կանֆետը հետս կտանիմ, հա,- ներսից լսվեց Գուգոյի քրոջ հրճվալից ձայնը:

Գուգոն հետ-հետ գնաց ու հայացքով ինձ ներս հրավիրեց: Սենյակում չորսով էինք. այն կինը գրկել էր Գուգոյի քրոջը:

- Ներս եկեք, էրեխեք ջան,- սիրալիր ասաց կինը:- Ներս եկեք, հըմի չայ բդի խմենք:

- Չէ, ես գնամ, ուշ է, դաս չեմ արել: ...Գուգ, վաղը կհանդիպենք, բարի գիշեր,- շտապ-շտապ վրա բերեցի, հացը դրեցի սեղանին ու վազեցի դուրս:

Հաջորդ օրը երկար դասամիջոցին, Գոգոն մեր դասարան եկավ: Լուռ իրար նայեցինք ու դպրոցից դուրս եկանք:

Գուգոն մայր ունի: Երկրաշարժի ժամանակ ամուսնուն, ավագ որդուն, քրոջ ու եղբոր ընտանիքները կորցնելուց հետո հոգեկան խանգարում էր ստացել: Մեկ տարի պառկել էր հիվանդանոցում: Գուգոյի ծնողները Լենինականում հարգված, մեծ շրջապատ ունեցող մարդիկ են եղել: Դա էր պատճառը, որ սոցապբաժինը Գուգոյին ու նրա քրոջը չէր տարել մանկատուն, բայց երկրի ծանր վիճակից ելնելով չէր էլ կարողացել լիարժեք ուշադրություն դարձնել նրանց: Քույր ու եղբոր անունը չորս անգամ գրվել ու նորից ջնջվել էր մանկատան ցուցակներից: Գուգոն քրոջ հետ ամեն շաբաթ-կիրակի մոր մոտ հոգեբուժարան գնալիս է եղել ու բոլորից թաքցրել, որ իրենք մայր ունեն:

- Ես ծախեցի մեր տան փլատակների տկից հանած արծաթից սերվիզը, դաժե մորս անգլերենի ու ռուսերենի գրքերը, մէ քանիմ օսկու զարդեր, ու Մասկվայեն բերել տվի են դեղերը, որն օր բժիշկն էր ուզե մորս փրկելու համար: Հմի մերս լավ է. հոգեմետ դեղերից կախվածություն չունի: Բժիշկն ըսել է, օր ամեն ինչ լավ կեղնի,- պատմությունն ավարտեց Գուգոն:

Ես ոչ ոքի ոչինչ չպատմեցի, անգամ մորս ու հորս: Սպասեցի այնքան, մինչեւ Գուգոյի մայրը մեկընդմիշտ վերադարձավ տուն: Բայց մի քանի ամսից նրանք Ամերիկա մեկնեցին:

88-ի երկրաշարժից քանի տարի էլ անցնի, աչքերիս առաջ նույն պատկերն է մնալու Գուգ ջան, դուՙ հրեշտականման քրոջդ ձեռքը բռնած:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ