RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4837, Տպվել է` 438, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ՀԱՌՆՈՒՄ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց Մուդրոսի դաշնագրով, ստորագրված հաղթանակած դաշնակից երկրների անունից Մեծ Բրիտանիայի եւ պարտված Օսմանյան կայսրության ներկայացուցիչների կողմից 1918-ի հոկտեմբերի 30-ին: Մուդրոսը զինադադար էր հռչակում սոսկ, մինչդեռ բանակցությունները շարունակվեցին կողմերի միջեւ մոտ երկու տարի մինչեւ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի հաշտության պայմանագիրը: Դաշնակից պետությունները երկու նպատակ էին հետապնդում. նախ ազատագրել, ինքնուրույնություն եւ անկախ պետականություն շնորհել վեց դար շարունակ սուլթանական բռնատիրության տակ կեղեքված ժողովուրդներին, եւ ապա իրենց համար ստեղծել ազդեցության հենարան-գոտիներ:

Սեւրի պայմանագիրը Հայաստանին էր հատկացնում Հայաստանի Հանրապետության կրկնակի չափերի մի տարածք, որը Տրապիզոնի նավահանգստով ելք ուներ նաեւ դեպի Սեւ ծովը: Պայմանագրի 62, 63 եւ 64 հոդվածներով էլ նախատեսվում էր Մոսուլի վիլայեթում ստեղծել քուրդերի համար անկախ մի պետություն:

Օգտագործելով դաշնակիցների միջեւ ծագած սուր հակասություններըՙ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի պարտված կառավարությունը կարողացավ ոչ միայն չենթարկվել պայմանագրի դրույթներին, այլեւ վերանայման ենթարկել այն ամբողջությամբ, ինչը հանգեցրեց Լոզանի 1923 թվի պայմանագրի ստորագրմանը, որը խորտակեց հայերի եւ քուրդերի հույսերը: Վերջիններս, նախ Սուլթան Աբդուլ Համիդի, ապա իթթիհատականների կողմից օգտագործվելով հայերին հետապնդելու եւ սպանելու գործընթացներում, ի վերջո իրենք դարձան իրենց երբեմնի թուրք դաշնակիցների զոհերը:

Մինչեւ Լոզանի պայմանագրի շուրջ բանակցությունների սկսելը, թուրքերն այնքան վստահություն էին ձեռք բերել, որ Լոզանում թուրք ներկայացուցիչ եւ հետագայում Աթաթուրքին հաջորդած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնուն համարձակվեց բրիտանացի լորդ Կուրզոնի «Ի՞նչ եք պատրաստվում անել հայ փախստականների հետ» հարցին պատասխանել. «Տեղավորեք նրանց Կանադայում, որտեղ հսկայական չբնակեցված տարածքներ կան»:

Ինոնուն նաեւ շատ անկեղծ էր, երբ բնութագրում էր քեմալական գաղափարախոսությունը: 1925 թվի մայիսի 4-ին նա ասաց. «Խոստովանենք, որ մենք ազգայնամոլներ ենք:... Ազգայնամոլությունը մեր համախմբվածության միակ պատվարն է: Թուրք մեծամասնության առաջ ոչ մի ուրիշ տարր ազդեցություն չունի: Մենք պետք է ամեն գնով թուրքացնենք մեր երկրի բնակիչներին եւ մենք կոչնչացնենք բոլոր նրանց, ովքեր թուրքերի եւ թուրքականությանը դեմ են»:

Քեմալիստները անգթորեն գործի դրեցին այդ քաղաքականությունը, որը խլեց հազարավոր մարդկային կյանքեր: Քուրդերը 27 անգամ ապստամբեցին այդ քաղաքականության դեմ:

Ժամանակի ընթացքում իբր վարչակարգի փոփոխություն տեղի ունեցավ Թուրքիայում, բայց Էրդողանի քաղաքականությունը, մեկ դար անց, բոլորովին չի տարբերվում Աթաթուրքի քաղաքականությունից: Թուրքիայի բնակչության մեկ երրորդը քուրդեր են: Ընդհանուր 40 միլիոն քուրդերից, որոնց մի մասը սփռված է Իրաքում, Իրանում, Սիրիայում եւ Հայաստանում, 25 միլիոնը դարանակալված է Թուրքիայում: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նրանք ազատություն եւ հավասար իրավունքներ են վայելում:

Ներկայիս պատմությունը կարծես տարածաշրջան է ներթափանցել վրեժ լուծելու համար: Իրաքյան Քուրդիստանն արդեն իրականություն է մի որոշակի հատվածում այն նույն տարածքի, որը Սեւրի պայմանագիրը հատկացրել էր քուրդերին: Քրդական «պեշմերգաները» նաեւ ամենակատաղի մարտնչողներն են ընդդեմ ԻՊ-իՙ ազատագրելու համար Մոսուլը: Մյուս կողմից, հակառակ իրաքյան կառավարության բողոքների, Էրդողանը տարածաշրջան է ուղարկել զինված ուժերի որոշակի քանակակազմՙ պնդելով, որ «Մոսուլը պատկանում է թուրքերին»:

Քուրդիստանի շրջանային կառավարությունը ներկայիս տիրում է մեծամասնությամբ քրդերով բնակեցված այդ տարածաշրջանին, մասնավորապես Իսրայելի անմիջական աջակցությամբ, որն իր հերթին հենակետ է ցանկանում ունենալ արաբական աշխարհում: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն բացահայտորեն կողմնակից է Քուրդիստանի անկախության հռչակմանը: Վաշինգտոնն էլ այլընտրանք չունիՙ բացի Իսրայելի հետքերով գնալուց: Այնպես որ, Թուրքիան չկարողանալով պայքարել այդ երկու ուժերի դեմ, փորձում է միանալ նրանց, առաջ քաշելով իր ուրույն ծրագիրը: Քանի որ Իրաքի քուրդերը պաշտպանում են PKK-ի մարտիկներին Թուրքիայում, որն իր հերթին ռմբակոծում է Քուրդիստանին, Անկարան մտածեց կաշառել քրդական շրջանային կառավարությանը, գնելով նավթ նրանից, ի հեճուկս Բաղդադի կենտրոնական կառավարության բողոքների: Թուրքիայի պաշտոնական անձնավորություններ սկսել են Էրբիլ այցելել եւ տնտեսական կապեր հաստատել քրդերի հետ առանց Բաղդադից թույլտվություն հայցելու:

Նոյեմբերի 23-ին Քուրդիստանի վարչապետ Նեջիրվան Բարզանին պաշտոնական այցով Թուրքիայում էր գտնվում: Նրան այնտեղ ընդունեցին ամենաբարձր պատիվներով: Չնայած քրդական շրջանային կառավարությունը դեռեւս չի արժանացել միջազգային ճանաչման, Թուրքիան առաջարկել է նրան հյուպատոսական գրասենյակներ բացել Անկարայում: Երկու կողմերի համաձայնությունը նաեւ նախատեսում է պայքարել բոլոր պարտիզանական խմբավորումների (ենթադրաբար նաեւ PKK-ի) դեմ: Այսպիսով Անկարան քրդերին իրար դեմ է հանում: Իսկ Իրաքի քրդերն էլ գնում են այդ քայլին իրենց գոյությունը այդ անհանգիստ տարածաշրջանում կարողանալ պահպանելու համար:

Իրաքյան Քուրդիստանը ներկայիս ամենախաղաղ տարածքն է համարվում ամբողջ երկրում եւ մարդիկ, որոնք փախչում են պետության մյուս մասերում մոլեգնած հերձվածային պատերազմից, վերաբնակվում են այդ շրջանում: Հայերը նույնպես ապահով ապաստան են գտել Քուրդիստանում, որտեղ նրանց շատ լավ են ընդունում եւ վերաբերվում: Նրանք անգամ ներկայացուցիչ ունեն խորհրդարանում:

Հայաստանի կառավարությունը տնտեսական եւ մշակութային կապեր է հաստատում Իրաքյան Քուրդիստանի հետ: Վերջերս պաշտոնական մի պատվիրակություն էր մեկնել Սուլեյմանի քաղաքը, որտեղ տարեկան մշակութային փառատոնը նվիրված էր Հայաստանին: Այդ շրջանակներում մի ամբողջ օր ակադեմիական մակարդակի քննարկումներ են անցկացվել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Քուրդ մասնակիցները քննարկման ընթացքում բացահայտորեն խոստովանել են, որ իրենց նախնիները գաղտնի համաձայնությամբ մասնակցել են թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությանը: Շատ առաջնորդներ եւ քաղաքական խմբավորումներ ներողություն են խնդրել իրենց նախնիների արարքների համար: Ավելի առաջ գնալով, ելույթ ունեցողներից հայազգի Ատոմ Մխիթարյանը մեջբերել է քուրդ առաջնորդ Սելահեդդին Դեմիրտաշի խոսքերը, որոնցով նա կոչ էր արել Թուրքիայի կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Շարունակելով իր խոսքը, նա քուրդ պաշտոնական ներկայացուցիչներից խնդրել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Քուրդիստանում, այլ նաեւ Բաղդադում, Իրաքի կենտրոնական կառավարության մակարդակով:

Եթե այս հորդորը իրականություն դառնա, այն սատարելու է, որ Եգիպտոսի կառավարությունն էլ իր հերթին քննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս երկու գործողությունները հօդս կցնդեցնեն ազերիների պնդումներն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական պատերազմի խնդիր է:

Առայժմ մենք չափազանց զգույշ պետք է լինենք տեսնելու համար, թե ինչպես են ընթանում այս գործընթացները իրաքյան պատերազմի եւ տարածաշրջանային անկայունության բարդ մթնոլորտում:

Երբ ականատես ենք լինում, թե ինչպես է քուրդական շրջանային կառավարությունը ծախում իր PKK-ի եղբայրներին, որպեսզի փրկի իր սեփական կաշին, մենք մեծ հույսեր չպետք է փայփայենք, որ այն ավելի խիզախ քայլերի կդիմի Ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչ գործնական քաղաքականություն կորդեգրի Քուրդիստանի կառավարությունը ներկայիս, այն դեռեւս կշարունակի մնալ հույսի մի լուսավոր փարոս տարածաշրջանի բոլոր եւ հատկապես Թուրքիայում ապրող քուրդերի համար: Ինչքան էլ անգութ ու դաժան ձեւով վարվի Անկարայի կառավարությունը, միեւնույն էՙ թուրքերն ի վերջո համաձայնության եզրեր գտնելու են քրդերի հետ (քրդական հարցի վերաբերյալ): Այդ դեպքում անշուշտ ավելի հեշտ է լինելու հայերիս համար լեզու գտնել քուրդերի հետ, քան մինչ այժմ կարողացել ենք այն իրականացնել թուրքերի հետ:

Դրա համար էլ մենք հայերս պարտավոր ենք այսօր իսկ հստակեցնել մեր հարաբերությունները քուրդերի հետ, որպեսզի վաղը կարողանանք հարաբերվել նրանց հետ: Մինչ այդ Քուրդիստանն արդեն հառնում է տարածաշրջանում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

AZG Daily #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ