RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ ԵՎ... ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ

Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4814, Տպվել է` 398, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԿԵՐ ԳԵՐՍԱՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ներկուսակցական կյանքում ռամկավարները, ինչպես ավանդական մյուս կուսակցություններում, սովորություն ունեն միմյանց ընկեր կոչել, սակայն ի տարբերություն դաշնակցականներիՙ ռամկավարական ընկեր բառին հաջորդում է ագզանունըՙ ընկեր Թովմասյան, ընկեր Սեդրակյան, ընկեր Ուզունյան կամ Անդրեասյան, մինչդեռ դաշնակցական ընկեր բառը նախորդում է առաջին անվանըՙ ընկեր Հրաչ, ընկեր Երվանդ, ընկեր Վարանդ կամ ընկեր Վահան: Ռամկավարներից միակ բացառությունը ընկեր Գերսամն էր, Գերսամ Ահարոնյանը, «Զարթօնք» թերթի 33 տարվա խմբագրապետը, կուսակցության ամենաճանաչված լիդերը, հրաշալի պատմաբանն ու ուսուցիչը, հմայիչ մարդը: Նա ընկեր էր ե՛ւ ռամկավարի, ե՛ւ հնչակյանի, ե՛ւ դաշնակցականի, ե՛ւ անկուսակցականի համար, քանզի նրա պարագայում ընկեր բառը դուրս էր գալիս իր ներկուսակցական պարունակից եւ անցնում համազգային ոլորտ:

Այս առումով առավել զարմանալին այն էր, որ ընկեր Գերսամը երդվյալ հակադաշնակցական էր, բառի սկզբունքային, պատճառաբանվա՛ծ իմաստով: Եվ բոլորովին պատահական չէր, որ 1958 թ. լիբանանյան եղբայրասպան հակամարտությունների ժամանակ նրա անունն ընդգրկված էր ՀՅԴ «սեւ ցուցակում», եւ միայն մելգոնյանցի նրա նախկին աշակերտներից մեկի «դավաճանության» պատճառով էր նա խուսափել վերահաս վտանգից:

Իրոք, նա սփյուռքահայության մեծ դեմքերից մեկն էր, որպես հեղինակությունՙ ընդունված նաեւ իր ներքին եւ արտաքին հակառակորդների կողմից: (Իսկապես, նա հակառակորդներ շատ ուներ, որոնցով... հպարտանում էր: Իր կարգախոսներից էրՙ «Եթէ թշնամի չունիսՙ ուրեմն կարեւոր մարդ չես»): Եվ եթե լիներ Սփյուռքիՙ երեւակայական մի կառավարություն, նա կարող էր արժանավորապես գրավել արտաքին գործերի նախարարի պաշտոնը. բազմակողմանի զարգացածության կողքին նա հրաշալի տիրապետում էր պաշտպանած թեզը հիմնավորելու, պատմական ու գործնական փաստերով իր տեսակետը ապացուցելու, դիմացինի թեզը նսեմացնելու, ջախջախելու հմտությանը, ի հարկին ցույց տալով անգամ չունեցած ատամները...

Բոլորին հարգանք էր պարտադրում նրա սկզբունքայնությունը, հատկապես Հայ դատի, հայոց իրավունքների, Թուրքիայի հաջորդական կառավարությունների նկատմամբ: Հիշում եմ, «Զարթօնք»ի ֆինանսական ամենադժվար օրերից մեկում թերթի գովազդի պատասխանատուն մե՜ծ ավետիսով մտավ ընկեր Գերսամի սենյակ եւ հայտարարեց, թե «Թուրքական ավիաուղիների» հետ մեկ տարվա գովազդային պայմանագիր է կնքել «լավ գնով»: Ընկեր Գերսամը ամեհի ձայնով նրան դուրս վռնդեց սենյակից. «Ի՞նչ, Գերսամի թերթին մէջ Թյուրք Հավայոլլարի-ի ռեկլա՞մ կ՛ուզես դնել»: Ի դեպ, երբեք չէր գործածում Թուրքիա բառը, ոչ մի դեպքում: Միշտ գրում եւ ասում էրՙ «Թուրքիոյ Հանրապետութիւն», ընդգծելու համար այդ երկրի միջազգայնորեն ընդունված անվանումը միայն: Իսկ վերջին տարիներին հրաժարվեց նաեւ դրանից. «Թյուրքիյե Ջումհուրիյեթի» էր գրում, թուրքերեն:

Անզիջող էր նաեւ ռամկավարական սկզբունքներում: Ներկուսակցական ընտրապայքարներում դեմ էր ընտրախախտումներին, կարեւորը ձայներ հավաքելն էր, թեեւ միշտ կրկնում էր ափսոսանքով. «Եսՙ Գերսամ Ահարոնյանս, ընտրվելու համար կախյալ եմ «կաթօճի Անդոյի» (մեր մարտական համեստ ընկերներից մեկը) քուէէն»:

Հայրենասեր էր բառի խորագույն իմաստով, ռուսասերՙ հայրենապաշտպանության նկատառումով, սովետասերՙ քաղաքական նպատակահարմարությամբ: Սակայն գաղափարաբանությամբ ու կենցաղովՙ դեմ էր կոմունիստականին: Խ. Հայաստան կատարած հերթական այցից վերադարձին մտերիմների նեղ շրջանակում հայտարարեց. «Ձախողված վարչակարգ է»:

Պաշտում էր ազգային պետականությունը: Ասում էրՙ «Պիտի գրեմ հայ ժողովուրդի վերջին 100 տարիներու պատմութիւնը, առանց foot note-երու (տողատակի ծանոթագրություն), ոչ թէ պատմագիտական, այլ «շաաբի» (արաբերենՙ ժողովրդային) ձեւով, կարեւորությամբ պիտի անդրադառնամ Առաջին Հանրապետութեան պատմութեանՙ որպէս ազգային պետականութեան հիմնում: Ով ինչ կ՛ըսէ, թող ըսէ: Չէ՞ որ մենք ալ, ռամկավարներս, մաս կազմած ենք առաջին կառավարութեան եւ հիմնադիրներէն ենք անոր»:

Վերջին անգամ Երեւան այցելությունից վերադարձավ խիստ վատառողջ, ալկոհոլամոլության հետեւանքներից չապաքինված: Լիբանանյան պատերազմի պարտադրած անգործունեությունը մեծ թռիչքների սովոր այդ մեծ մարդուն մղել էր դեպի խմիչքը, ուիսկին: Գոհ էր միայն, որ Սփյուռքահայության կոմիտեի ղեկավարությանը օգտակար էր եղել լիբանանահայությանը մեծաքանակ օգնություն փութացնելու համար Մոսկվային համոզելու գործում: Մեկ էլՙ որ Երեւանում գաղտնորեն հանդիպել էր Վազգեն Մանուկյանին եւ ընկերներին: «Մեր ազգային երազները իրականացնելու ատակ երիտասարդութիւն ունինք հոն», ասում էր անսքող հպարտությամբ:

Ավա՜ղ, չտեսավ մեր 3-րդ Հանրապետության ծնունդը, առաջին քայլը իր Մեծ երազի, մե՛ր Երազի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ